ԿարևորՀասարակություն

Եվրամիությունը Սյունիքի հետ է այս բարդ ժամանակահատվածում․ ԵՄ դեսպան

Եվրամիությունը կրկնապատկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում մարզում իրականացվող ծրագրերի բյուջեն։ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ նախաձեռնության հնգամյա բյուջեն 51 միլիոնից դարձել է 116 միլիոն եվրո։ Այս օրերին 15 եվրոպական երկրների դեսպաններ մարզում են՝ ԵՄ պատվիրակության ղեկավարի գլխավորությամբ։ Նրանք եղել են Կապանում, Գորիսում, hանդիպել են մարզպետի հետ ու մասնակցել մի քանի  միջոցառումների։

Եվրոպայի օրն արդեն երկրորդ անգամ ենք նշում Սյունիքում՝ ասում է Հայաստանում Եվրամիության դեսպանը և ընդգծում ՝ ստեղծված իրավիճակում կարևոր է մարզին աջակցելը։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությանը» մեկնարկել է տարեսկզբից։ Նախատեսվում է 5 տարվա ընթացքում Սյունիքին տրամադրել 51 մլն եվրո, որը կուղղվի ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերին։ Սա Եվրամիության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ շուրջ մեկ տասնյակ երկրների համատեղ նախաձեռնությունն է։ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին։

«Իսկ հիմա օրվա լավագույն լուրը։ Երբ Երևանում հունվարին մենք մեկնարկում էինք այս ծրագիրը, խոսքը գնում էր 56 միլիոն եվրոյի մասին։ Քանի որ ընթացքում Եվրամիության անդամ պետություններ միացան մեզ, առաջիկա 5 տարվա համար նախատեսված բյուջեն մոտավոր կազմում է 116 միլիոն եվրո, որից 40 միլիոն եվրոն կլինի դրամաշնորհների տեսքով, իսկ 76 մլնը վարկային միջոցների»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ շուրջ մեկ տարի հստակեցվել են աշխատանքների կոնկրետ ուղղությունները և պրակտիկ լուծումներ են գտնվել՝ համատեղելով դոնոր կազմակերպությունների ծրագրերն ու մարզի կարիքները։

«Հարյուրավոր հանդիպումներ ենք ունեցել «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության  անդամների հետ։ Եվ այսօր տիկին դեսպանը հայտարարելով, որ գումարը կրկնապատկում է, հասկացա՝ որ մեզ ավելի ծանր աշխատանք է սպասվում։ Բոլոր ծրագրերն ուղղվելու են Սյունիքի դիմադրողականության բարձրացմանը»։

Անդրեա Վիկտորինն անդրադառնում է նաև Եվրոպական միության կողմից Սյունիքում դիտորդական առաքելություն տեղակայելու որոշմանը։  Ասում է՝ իրենք արագ արձագանքեցին Հայաստանի կառավարության դիմումին։

«ՄԵնք կարողացանք արագ ձևաչափով արձագանքել  ու նախ կարճաժամկետ առաքելությամբ դիտորդներ ուղարկել, իսկ այս տարվա փետրվարից արդեն երկարաժամկետ գործունեությամբ դիտորդական խումբ է աշխատում Սյունիքում։ Նրանք ամենօրյա պարեկություն են իրականացնում՝  օգնելով Հայաստանի կառավարությանը»։

Շարունակելով Եվրոպական պատվիրակության ղեկավարին՝ Հայաստանում  Շվեդիայի դեսպանատան խորհրդական, զարգացման հարցերով ղեկավար, փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմն ընդգծում է՝  ամեն ինչ անելու են, որ աջակցեն Հայաստանին և Սյունիքին այս բարդ իրավիճակում․

«Շվեդիան մեկ անգամ ևս ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը, բայց այս անգամ մարտահարվերներով լի ժամանակահատվածում, խոսքը պատերազմի մասին է։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը՝ առաջացրել է մի շարք կարևոր հարցեր, որոնք առաջնահերթ են Եվրամիության ու Շվեդիայի համար։ Շատ հասկանալի է, որ Հայաստանում անվտանգային հարցերը օրակարգում առաջինն է։ Եվ հետևաբար, ապրամակցում ենք Սյունիքի բնակչությանը։ Նման բարդ իրավիճակում մեկ անգամ ևս ընդգծենք, թե ինչքան կարևոր են մեր ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և խաղաղությունը»։

Եվրոպայի օրվա  շրջանակում Եվրամիության անդամ երկրներն ու նրանց գործակալությունները, միջազգային տարբեր կազմակերպություններ ներկայացրել են Սյունիքում իրենց կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող ծրագրերը։

Կարդացեք նաև

Back to top button