ԿարևորՀասարակություն

Ընտրակաշառքը նվազել է, կաշառքը՝ ավելացել․ գլխավոր դատախազը ամփոփել է 2022-ը

Ընտրակաշառքի դեպքերը նվազել են, կաշառքի, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը՝ ավելացել։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Հանձնաժողովին է ներկայացվել 2022 թվականի գործունեության հաղորդումը։

«2022 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1858 դեպք՝ 2021-ի 1924-ի դիմաց։ 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով»։

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2022-ին կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 2 մլրդ 222 մլն դրամ։ Դատարաններում քննվել ու ավարտվել է այս բնույթի 99 գործ։ Գործերի քննությունը՝ մասնավորապես դրանց արագությունը Վարդապետյանի ուշադրության կենտրոնում է եղել․

«Առաջին աշխատանքը, որ արել եմ, եղել է առկա գործերի գույքագրումը և այդ գործերի ձգձգման պատճառների գույքագրումը։ Պարզ է, թե ինչ խնդիրներ են առաջացնում այս ձգձգումները՝ սկսած արդարադատության ուշացումից, մինչև մարդու հիմանարար իրավունքների խախտում և Եվրոպական դատարանի վճիռներ ընդդեմ ՀՀ-ի»։

Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով 2022-ին 224 քրեական գործ/վարույթ է կարճվել, 343 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։ Գործունեության հաշվետվությունում Վարդապետյանը նշել է, որ քրեական գործերի 13.1 տոկոսի նախաքննությունը տևել է 6 ամսից ավել, այդ թվում 4.5 տոկոսինը՝ 1 տարուց ավել։ Ուշացած արդարադատության օբյեկտիվ պատճառը Քրեական օրենսգրքի փոփոխությունն է։ Սուբյեկտիվները գլխավոր դատախազն է ներկայացնում․

«Վարույթ իրականացնող մարմինների և դատավորների երբեմն ոչ բարեխիղճ վերաբերմունքը իրենց պարտավորությունների նկատմամբ, նույն գործով դատավորների հաճախակի փոփոխությունները, դատական նիստերի միջև ընկած երկար ժամանակահատվածը, տևական ժամանակ վարույթն իրականանցող մարմնի կողմից գործողություններ չկատարելը, քննության համար ոչ էական նշանակություն ունեցող փորձաքննության նշանակումը և այլն»։

Գլխավոր դատախազը հանձնարարականներ է ուղարկել դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որոնցով արձանագրվելու են դատավորների՝ ոչ հարգելի պատճառներով դատական նիստերից բացակայելու դեպքերը։ Հանձնաժողովի անդամներին հետաքրքրել են զեկույցում տեղ գտած այլ թվային տվյալներ, օրինակ այն, որ 2022-ին ինքնասպանության և ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերն աճել են գրեթե 60.3 տոկոսով: Գլխավոր դատախազի խոսքով՝ հաջորդ հաշվետվության մեջ այս թեմայով առաջորկներ կներկայացվեն։ Հանձնաժողովը քննարկել է նաև «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերը։

ԱԺ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյան․

-Մեր հասարակությանը հետքրքրող կարևորագույն չբացահայտված քրեական գործերից գուցե առաջնայինը Հոկտեմբերի 27-ի բացահայտումն է և դրա հետ կապված գլխավոր դատախազի աշխատանքը։ Ի՞նչ վիճակում է։
-Երկու գործ կա, որը պաշտոնը ստանձնելուց հետո իմ առաջնահերթությունների մեջ է եղել, դա Մարտի 1-ն է և Հոկտեմեբրի 27-ը։ Քանի որ ես պաշտոնավարում եմ 6 ամիս, Մարտի 1-ը ամենշաբաթյա ռեժիմով ինձ մոտ քննարկվում և զեկուցվում է, Հոկտեմեբրի 27-ինը ինքս չեմ հասցրել ֆիզիկապես կարդալ և ուսւոմանսիրել, բայց ուզում եմ վերահաստատել, որ այս երկու գործերը ինձ համար առաջնային են և չեն զետեղվել, որովհետև բովանդակային լուրջ ասելիք չի եղել։ Ուղղակի ասել, որ այս-այս հանձնարարականներն են տրվել՝ աշխատանքի իմ ոճի մեջ չի տեղավորվում։

Հանձնաժողովի անդամներին մտահոգող՝ թմրանյութերի ակտիվ տարածմանը վերաբերող հարցերին ի պատասխան Վարդապետյանը նշում է՝ այսօր գունավոր, գեղեցիկ, գրավիչ տեսքով թմրանյութերը լուրջ մատահրավեր են, մասնավորապես, անչափահասների շրջանում․

«Այս ուղղությամբ պետք է իրականացնել նախականխման լուրջ աշխատանք։ Եթե նախկինում հստակ գիտեին, թե ով, որ թաղամասում ու ինչ եղանակով է իրացնում թմրամիջոցը, ապա հիմա դա վիրտուալ տիրույթում գտնվող չարիք է, որը բացահայտելու համար լրիվ այլ գիտելիքներ են պետք։ Այս ամենը հիմա ուղիղ առնչվում է նաև փողերի լվացման հետ, որովհետև կրիպտոարժույթների փոխանցված և հետագայում արդեն կանխիկացված գումարներ կան։ Բացի դրանից, շրջանառվում են էլեկտրոնային դրամապանակների միջոցով, ուստի փոփոխված ձևաչափով քննությունը և նաև նախականխումը մեր առաջնահերթությունների մեջ են»։

Դատախազի՝ հաշվետու տարում արված աշխատանքի մասին 11 բաժնից բաղկացած հաղորդումը պարունակում է նաև թվային ու փաստական տվյալներ կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական շահերի պաշտպանության, զինվորական հանցագործությունների քննության և այլ հարցերի վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button