
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս տարի արդեն երկրորդ անգամ է գալիս խորհրդարան պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։
Առիթը մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը և դրան պատգամավոր Մհեր Սահակյանի մասնակցությունն է։
Գլխավոր դատախազը նման միջնորդությամբ խորհրդարան էր եկել նաև փետրվարի 8-ին։ Նախորդ միջնորդությունը վերաբերում էր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Մեկ հարված, մարմնական վնասվածք և ձերբակալություն․ հարվածողը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանն էր, տուժողը՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նրա դեմքին հիվանդանոցում երեք կար է դրվել։ Սա Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 31-ին աշխատանքային փակ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առաջին օրվա պատկերն է։ Դեպքից 3 օր անց ձերբակալված պատգամավորը ազատ է արձակվել, իսկ 11 օր անց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանին միջնորդություն է ներկայացնում պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն ստանալու համար։
«Քննություն, ըստ էության, արդեն մոտենում է ավարտական փուլին, որովհետև հիմնական հարցաքննությունները, առերեսումները կատարվել են, փորձաքննության արդյունքները ստացվել են, փորձագետները հարցաքննվել են, դեպքի վայրը զննվել է և ըստ էության, նախաքննությունն այլևս կարելի է ասել գործողություն չունի կատարելու՝ քննության լրիվությունը, բազմակողմանիությունը ապահովելու տեսանկյունից։ Շտապողականություն չկա։ Եկել եմ այն ժամանակ, երբ արդեն անձին վարույթին ներգրավվելու և կոնկրետ կարգավիճակում հարցաքննելու անհրաժեշտություն կա»։
5 օր առաջ խորհրդարանում առերեսումներ էին, նույն այն սենյակում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։ Կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի երկու՝ խուլիգանության և խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածներով։ Թեպետ ընդդիմադիրները չէին բացառում, որ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալուց հետո պատգամավորը կարող է կալանավորվի, բայց գլխավոր դատախազը պարզաբանեց, թե ինչու կալանավորումը չի կիրառվի Մհեր Սահակյանի նկատմամբ։
«Քրեական նոր օրենսգիրքը ունի ուղիղ արգելք առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու տեսանկյունից։ ֆորմալ առումով սա մեկ արարք է, մեկ ոչ մեծ ծանրության հանցագործություն, ուստի Քրեական նոր օրենսգիրքը կատեգորիկ թույլ չի տալիս անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատժատեսակը կիրառել։ Կիրառելի են մյուս պատժատեսակները։ Օրինակ՝ հանրային աշխատանքը, տուգանքը»։
Ինքը՝ Մհեր Սահակյանը, ընդդիմադիր գործընկերներին հորդորում է կողմ քվեարկել միջնորդությանը ՝ նշելով․ ինքն անձամբ նույնպես կողմ է քվեարկելու։ Հիմնավորում է, որ այն, ինչ միջնորդության մեջ ներկայացրեց դատախազը, չի համապատասխանում իրականությանը։

«Տիկին Վարդապետյան, դուք կատա՞կ եք անում։ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, իշխող խմբակցության քարտուղարը սպառնում է լեզու և ականջ կտրել ոչ ավելի ոչ պակաս ՄԻՊ թեկնածուին հանձնաժողովի պաշտոնական նիստի ժամանակ այս շենքում։ Դուք խուլիգանության հատկանիշներ չե՞ք տեսնում, բայց իմ արարքի մեջ եք տեսնո՞ւմ։ Քանի որ միջնորդագրի մեջ նշել եք միայն իմ կողմից բղավելու, ձեռքով հարվածելու, ոտքի կանգնելու մասին, ուզում եմ բարձրաձայնել, որ գործով առկա ցուցմունքներում հստակ երևում է, որ առաջինը բղավել է Վլադիմիր Վարդանյանը, առաջինը ձեռքը սեղանին խփել է նա, առաջին քայլերը դեպի ինձ բղավելով արել է Վլադիմիր Վարդանյանը և միայն մեկ հարվածն է, որ առաջինը ես եմ հասցրել անել։ Պնդում եմ, որ ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանության։ Հարվածը եղել է, և եթե սահմանազանցվել է անհրաժեշտ պաշտպանությունը, ապա պատրաստ եմ պատասխան տալ դրա համար ընդհուպ մինչև ազատազրկում»։
Այն, ինչ կատարվում է խորհրդարանում, ընդդիմադիրները անվանում են ընտրովի արդարադատություն։ Ի տարբերություն առաջին դեպքի, երբ տարվա սկզբին գլխավոր դատախազը անձեռնմխելիության հարցով խորհրդարան էր գնացել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործով և ընդդիմությունը բոյկոտել էր այդ քննարկումը, այս անգամ նրանք դահլիճում էին և մասնակցում էին քննարկումներին։ Գլխավոր դատախազը՝ ի պատասխան մեղադրանքների տեղեկացրեց, որ խախտումների վերջին դեպքերով ուսումնասիրություն արվում է։
«Մենք հանցագործության մասին հաղորդում ստացել ենք «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ինչպես պարոն Սիմոնյանի հետ կապված դրվագով, այնպես էլ՝ պարոն Հովհաննիսյանի հետ կապված դրվագով։ Դրանք ուղարկվել են ըստ ենթակայության քննչական մարմին։ Այս պահին այսքանը»։
Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ ԱԺ շենքում ծեծկռտուքի պատճառով պատգամավորները զրկվում են մանդատից։ Առաջին դեպքը տեղի է ունեցել 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո։ Այն ժամանակ ընդդիմադիր Վազգեն Մանուկյանը վիճարկում էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրվելու հարցը։ Երևանում բազմամարդ հավաքներ ու ցույցեր էին։ Սեպտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստում պատգամավորների միջև ծեծկռտուք էր եղել։ ԱԺ-ն քննարկել էր այդ ժամանակվա գլխավոր դատախազի միջնորդությունը եւ բավարարել այն․ քրեական պատասխանատվության ենթարկվեց ընդդիմադիր 8 պատգամավոր:
Ինչ վերաբերում է դատախազ Աննա Վարդապետյանի այս տարվա առաջին միջնորդությանը, ապա արդեն հայտնի է, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և Օհանյանին արդեն մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու հոդվածներով։ Օհանյանի հետ մեղադրվում է ևս 12 անձ։ Մեղադրանքն առնչվում է Օհանյանի՝ պաշտպանության նախարար աշխատած ժամանակահատվածին։ Նա մեղադրանքը չի ընդունում:




