ԿարևորՀասարակություն

«Զատկի փառատոն»․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան             

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Զատկի փառատոն», որի փակման համերգին կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան: Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան կhնչի ապրիլի 9-ին, ժամը՝ 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Մենակատարներ՝ Ջեսիկա Նայլս, սոպրանո (ԱՄՆ), Մոյրա Թերիզ Քարմեկ, մեցցո սոպրանո (ԱՄՆ), Կայ Կլուգե, տենոր (Գերմանիա), Էըրոն Շիհըն, տենոր (ԱՄՆ), Ալլեն Բոքսըր (ԱՄՆ), բաս, Հիսուսի դերում՝ Միլան Սիլյանով, բաս (Շվեյցարիա): Մասնակցում են՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Համերգը կղեկավարի Գերմանիայից հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆ Կոնցը: Բոլոր հրավիրյալ երաժիշտները հանդիսանում են տվյալ երաժշտական ժանրի լավագույն կատարողներից:

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիայի առաջին հաստատված կատարումը կայացել է 1727թ.-ի ապրիլի 11-ին, Ավագ Ուրբաթի ժամանակ, Լայպցիգի Սբ. Թովմաս եկեղեցում: Այն Բախի ամենաբարդ և ծավալուն ստեղծագործությունն է և հանդիսանում է նրա հոգևոր ժառանգության և ողջ բարոկկո դարաշրջանի հոգևոր երաժշտության գագաթնակետը:Ստեղծագործության պոետիկ հիմքը կազմում է Մատթեոսի ավետարանը, որտեղ նկարագրվում են մահապատժից առաջ Հիսուսի կյանքի վերջին օրերը՝ նրա չարչարանքները և մահը: Օրատորիան բաղկացած է երկու մասից, որոնց կատարումը տևում է երեք ժամից քիչ պակաս:

Ստեղծագործությունը մի քանի անգամ կատարվել է Բախի կյանքի օրոք, սակայն կոմպոզիտորի մահից հետո (1750թ.) մոռացության է մատնվել, ինչպես նրա գրեթե բոլոր գործերը: Միայն մոտ ութսուն տարի անց՝ 1829թ. մարտի 11-ին, Բեռլինի Երգարվեստի ակադեմիայում քսանամյա Ֆելիքս Մենդելսոնը կրկին ներկայացրեց «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան՝ ղեկավարելով չորս հարյուր հոգանոց երգչախմբով և ամբողջական նվագախմբով:

Ապրիլի 4-ին, «Զատկի փառատոն»-ի շրջանակում, կայացել է Հայաստանի Կամերային պետական նվագախմբի և Պետական կամերային երգչախմբի համերգը՝ Գաբրիել Ֆորեի «Պավանա» և «Հոգևոր օրհներգ Ժան Ռասինի բառերով», ինչպես նաև Սեզար Ֆրանկի «Փրկչի վերջին խոսքը խաչի վրա» ստեղծագործությունների կատարումներով:  Փառատոնում ընգրկված էր նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սբ. Ներսես Շնորհալու և Կոմիտասի հոգևոր ստեղծագործությունների կատարմամբ:

Կարդացեք նաև

Back to top button