ԿարևորՔաղաքական

Լաչինի միջանցքը խորացնում է ճգնաժամը Հայաստանը ընտրում է ընդունելի բառապաշար, իսկ Ալիևին զգուշացնում են «դրսից»

Երևանը ստացել է Բաքվի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Նախագծի քննարկումը  4–րդ շրջափուլ է տեղափոխվել՝ կառավարության նիստին  տեղեկացրել է ՀՀ վարչապետը և նկատել, որ Ադրբեջանի նոր առաջարկները կքննարկվեն ու առաջիկայում կներկայացվեն Հայաստանի դիտարկումները։ Նիկոլ Փաշինյանն  ընդգծել է, որ հայկական կողմը հավատարիմ է ու չի շեղվելու խաղաղության օրակարգից, բայց նաև առանձնացրել է առնվազն 7 հանգամանք, որոնցով Բաքուն խոչընդոտում է տևական խաղաղության հաստատմանը։  

Թեև խաղաղության պայմանագրի տեքստին վերաբերող հերթական նամակը Երևանն արդեն ստացել է Բաքվից, բայց Հայաստանի վարչապետը հարկ է համարում առանձնացնել առցանց դիվանագիտությանը զուգահեռ ընթացող մտահոգիչ զարգացումները։

  • Ադրբեջանը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստումներ է տեսնում։
  • Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակեր երկխոսությունը վիժեցնելու համար։
  • Հատուկ գնահատականի պետք է արժանանա փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում։
  • Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։
  • Մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց։
  • Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիվերսանտների կողմից ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում էին։ 

Այս արձանագրումները ստիպել են, որ Հայաստանը դիմի նոր քայլերի։ Հանձնարարականներից մեկը տրվել է արտաքին գործերի նախարարությանը։

«Կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։ Անհանգստացնում է նաև այն, որ Ադրբեջանը ամեն ինչ անում է Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար։ Այս ֆոնին առավել կարևոր եմ համարում Ստեփանակերտ–Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների ընդամենը երկու հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե ԼՂ հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման։ Մինչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին»։

Միջազգային պայմանավորվածությունները հաստատել է նաև ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է․

«Ես խոսում եմ տևական խաղաղության համաձայնագրի մասին, որի դեպքում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է համաձայնեն։ Եվ կարծում եմ, որ արդար կլինի, որ այսպիսի համաձայնագրով երաշխավորվի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Ես չեմ կարող պատկերացնել այլ մեխանիզմ, քան միջազգային խաղաղապահ կոնտինգենտ, որը կարողանա երաշխավորել այդ երաշխիքներն ու անվտանգությունը։ Հետևաբար, ես կենթադրեմ, որ Ադրբեջանը պետք է համաձայնի այսպիսի խաղաղապահ առաքելության տեղակայմանը։ Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետը շատ համարձակ հայտարարություն է արել ասելով, որ Հայաստանի համար ամենակարևորը ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելն է։ Դա ավելի կարևոր է, քան կարգավիճակը։ Սա ճկունություն է, որ ինքն է ցուցաբերել, և ես նույն ճկունությունը կակնկալեի նաև Ադրբեջանից»։

ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը Երևանից կոնկրետ հայտարարություններ է արել Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ՝ խոսելով նաև վերջին շրջանում Հայաստանից կողմից բարձրաձայնվող ադրբեջանական նոր ռազմական էսկալացիայի նախապատրաստման մասին։

«Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ազատ հասանելիությունը ԼՂ։ Սա պարտադիր որոշում է, ուստի այս պահին շրջափակումը միջազգային իրավունքի խախտում է։ Ես ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ դադարեցնել շրջափակումը։ Ես հավատում եմ, որ նախագահ Ալիևը չի ցանկանում դառնալ միջազգային ագրեսոր, հետևաբար ես կխրախուսեի ԵՄ–ին առավելագույնի հասցնել ճնշումը նախագահ Ալիևի վրա։ Էներգետիկ ոլորտում համաձայնությունը կարող է նաև գերազանց հարթակ հանդիսանալ, որ նախագահին ասեն, որ դուք չեք կարող խախտել միջազգային իրավունքը և մնալ անպատիժ»։

Միջազգային հանրության համար, այսպես ասենք, հասկանալի լինելու ցանկությունը ստիպեց նաև Հայաստանի խորհրդարանականներին լիագումար նիստերի օրակարգում չներառել «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը։ Փաստաթղթի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է։ Հայտարարության տեքստը պատրաստ էր դեռ երկու ամիս առաջ, բայց փոխադարձ համաձայնությամբ դրա քննարկումը հետաձգվել էր և լրամշակվել։ Անդրանիկ Թևանյանի ներկայացմամբ՝ նոր շեշտադրումներով հայտարարությունը պետք է առնչվի ոչ թե Լաչինի միջանցքի փակմանը, այլ ԼՂ–ի հանդեպ Ադրբեջանի ռազմաքաղաքական ագրեսիային։  

«2022 թվականի հոկտեմբերի 6–ին Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Միշելի հանդիպումն է նաև հնարավորություն տվել Ալիևին դիմել այնպիսի գործողությունների, ինչպիսին է Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակումը, որովհետև Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի մաս։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ փաստացի Ալիևը վերախմբագրել է 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, որտեղ Լաչինի միջանցքն առանձին կարգավիճակ ուներ։ Պրահայում Լաչինի միջանցքի կարգավիճակը վերախմբագրվել է»։  

«Իմ քայլը» խմբակցության անդամները նախօրեին փորձել են համաձայնության գալ ընդդիմադիր գործընկերների հետ՝ հայտարարության՝ փոխադարձաբար ընդունելի տեքստ և ձևակերպումներ ունենալու համար՝ ասում է Մարիա Կարապետյանը, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել։  

«Օրինակ, մեզ համար կարևոր է, որ այնտեղ շեշտվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, երկխոսության միջազգային մեխանիզմի կարևորությունը։ Մեզ համար ընդունելի չէ հարցին աշխարհաքաղաքական երանգներ հաղորդելը, բանակցությունների տարբեր հարթակները իրար հակադրելը, ասելը, որ որևէ գործողություն է արել ՀՀ–ն, որը կարող է առիթ, պատրվակ լինել Ադրբեջանի կողմից նման գործողություններ ձեռնարկելու համար»։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները քվեարկությանը չմասնակցեցին, և հայտարարության նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց։ Հիմնավորում են, որ Հայաստանի ԱԺ հայտարարությամբ Ալիևին չեն զսպի, իսկ միջազգային հանրությանն համար ուղերձն անընկալելի և անըմբռնելի կլինի ընդդիմադիրների առաջարկած բառապաշարով։

Կարդացեք նաև

Back to top button