
Հարկային բեռի թեթևացում կամ հետաձգում, հանքարդյունաբերական փոքր ու միջին ձեռնարկություններին արտոնությունների տրամադրում․ կառավարությունից այս ակնկալիքն ունեն Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միությունում։ Նշում են, որ ոլորտի համար դժվարին ժամանակները հիմնականում պայմանավորված են դրամի արժևորմամբ։ Հայաստանի տնտեսության մեջ էական կշիռ ունեցող ոլորտը, մինչդեռ, շարունակում է ամենախնդրահարույցը մնալ բնապահպանների համար։
2022–ին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների 10 տոկոսը բաժին է ընկնում հանքարդյունաբերական ոլորտին։ Հազար խոշոր հարկատուների առաջին տասնյակում ընդգրկված ընկերություններից երեքն այս ոլորտի ձեռնարկություններն են։ Չնայած այս ցուցանիշներին՝ ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ դրամի շուրջ 20 տոկոս արժևորումը վնաս է հասցրել։ Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյան․

«Ոլորտի բոլոր կազմակերպություններն էլ արտահանող են։ Շատ ծանր դրության մեջ են հայտնվել, քանի որ ծախսային մասը հիմնականում դրամային է, իսկ հասույթը՝ արտարժույթով։ Հետևաբար, դա բերել է ինքարժեքի աճի, ու ոլորտի շատ կազմակերպություններ աշխատում են վնասով»։
Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը նկատում է, որ չնայած խնդիրներին ոլորտը 2022–ին զգալի աճ է արձանագրել։ Խոսքը հատկապես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասին է։ Սա, ըստ փորձագետի, պայմանավորված է հարկային վարչարարությամբ ու համաշխարհային շուկայում հումքի գների աճով։
«Միևնույն ժամանակ ներդրվեց պղնձի խտանյութի համար գանձվող տուրքը, որի արդյունքում կառավարությունը լրացուցիչ հարկային գանձումներ իրականացրեց պղնձի միջազգային գների պայմաններում»։
2022–ը այնքան էլ բարենպաստ չի եղել ոլորտի երկու ընտրությունների՝ «Թեղուտ»–ի ու «Գեոպրոմայնինգ Գոլդ»–ի համար։ Վերջինի հարկային վճարումները նվազել են ավելի քան 17․5 մլրդ դրամով, «Թեղուտ»–ինը՝ շուրջ 8 միլիարդով։ Առաջինի դեպքում պատճառը ռուս–ուկրաինական պատերազմն էր, երկրորդի դեպքում ՝ 44–օրյան, որի հետևանքով Սոթքի հանքավայրի մի մասը մնաց թշնամուն։ Վարդան Ջհանյանը նկատում է․
«Ոլորտի երրորդ խոշոր կազմակերպությունը նույնպես ոչ այնքան լավ վիճակում է։ Բայց աշխատանք տարվում է, նույնիսկ միջազգային մակարդակով, որ այն ծավալները, որոնք կային, վեկարանգնվեն։ Այժմ էլ աշխատում է, բայց ոչ ամբողջական ծավալով»։
Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միության նախագահը վստահ է՝ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կավելանային, եթե Ամուլսարը շահագործվեր։ Այս հարցում տրամագծորեն այլ կարծիք ունեն բնապահպանները։ Ընդհանրապես՝ Հայաստանի տնտեսության կշռում կարևոր տեղ զբաղեցնող ոլորտի ներկայացուցիչները մշտական վեճի մեջ են բնապահպանների, նաև այլ մասնագետների հետ։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ Արմինե Մարգարյանն ու կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնի երիտասարդ գիտնականները հետազոտում են հանքարդյունաբերական վայրերին հարակից տարածքների թափոնները՝ մետաղակայուն մանրէներ գտնելու համար։ Արմինե Մարգարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է․
«Մեծ խնդիրներ մենք ունենք հանքարդյունահանողների հետ։ Հաճախ անհնար է լինում այնտեղից նմուշառում իրականացնելը»։
Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միության նախագահը համագործակցության դեմ չէ, ավելին, անհրաժեշտ է համարում
«Պետք է համագործակցել։ Նմուշառում անելու համար լիցենզիա է անհրաժեշտ։ Թույլտվություն է պետք, որ այդ նմուշառումը ճիշտ է արվում։ Եթե դա անելու են դիլետանտ ձևով, հետո ավելի մեծ խնդիրներ են լինելու»։
Ավելի քան 70 օր կեղծ բնապահպանական պատրվակով թշնամին փակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Բաքուն խոսում է «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից շահագործվող Կաշենի հանքավայրի առաջացրած բնապահպանական խնդիրների մասին։ Շրջափակման 18–րդ օրվանից Արցախի հանրապետության կառավարության որոշմամբ առաջին խոշոր հարկատու «Բեյզ Մեթըլս» ընկերությունը դադարեցրել է աշխատանքները։ Իսկ Արցախի պետնախարարի՝ հանքավայրում մոնիտորինգ իրականացնելու նպատակով միջազգային մասնագետներ Արցախ հրավիրելու կոչերը օդում են մնացել։ Հայաստանի ու Արցախի տնտեսության համար առանցքային ոլորտի մասնագետները կարծում են, որ միայն երկխոսելով է հնարավոր առաջ շարժվել։




