
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի հիշատակը:
«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գեղարքունիքում N զորամասի հրդեհի վերաբերյալ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը բռնկվել է ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավականին հիմանվորվել է, նշել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նա հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 532-րդ հոդվածի 4-րդ մասի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ, դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են։
Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի N զորամասում հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում: Օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզինին, ինչի հետևանքով հրդեհը հնարավոր չի եղել հետագայում մարել, խոսելով ՊՆ N զորամասի կացարանում 15 զինվորի կյանք խլած բռնկված հրդեհի մասին, ասել է ՊՆ նախարար Սուրեն Պպաիկյանը։
Արձագանքելով նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պետք է պարզաբանել, թե ով, ինչ չի արել։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:




