
Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին, Երևանում կայանալիք համերգի ժամանակ առաջին անգամ կհնչեն նրա 2 նոր ստեղծագործությունները։ Մաեստրոյի 84-ամյակին նվիրված ինքնատիպ համերգը «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագիրն է կրում։ Ներկայացվելու են մանսուրյանական ստեղծագործությունները՝ պոեզիայի միաձուլմամբ․ «Ես ինձ համարում եմ հայ գրականության երաժիշտ»,– ասում է մաեստրոն։
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչելու է Մանսուրյանի «Ութ հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը, որը համաշխարհային պրեմիերա է։ Մաեստրոն ասում է՝ այս հայրենները իր կյանքի իրականացված երազանքներից են։
«Ես երիտասարդ էի, երբ գրեցի իմ 4 հայերենները ձայնի և դաշնամուրի համար, և երգեցին մեծանուն երգիչներ, օրինակ՝ Գոհար Գասպարյանը, և հիմա պահանջ ունեի նորից դիմելու հայրեններին, ու սա ինձ համար մի առիթ էր նորից դրանց վերադառնալու»,– ասում է Մաեստրո Տիգրան Մանսուրյանը։
Համերգի մյուս անակնկալը Մանսուրյանի՝ Մեսրոպ Մաշտոցի խոսքերով գրված «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործությունն է, որը երևանյան հանդիսատեսին կներկայացվի առաջին անգամ։
«Ստեղծագործություններից մեկը, որի հիմքում մաշտոցյան օրհներգերն են, ես գրել եմ Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով։ Այս գործը մի անգամ է հնչել առայժմ և հիմա մեր դահլիճում պետք է երկրորդ անգամ հնչի՝ իմ բարեկամ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ»,– պատմում է Մաեստրոն։
Հոբելյանական համերգին կմասնակցեն նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը։ Ասմունքով հանդես կգա Բաբկեն Չոբանյանը, համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։
«Մեր աշխատանքը սովորական ու մշտական է, բայց ինչպես միշտ պատասխանատվության եզրերը շատ բարձր են, այնքան որ դրա մասին խոսելն ավելորդ է։ Պարզապես պետք է երջանիկ լինել այսպիսի մարդու հետ անընդհատ աշխատելու համար»,– ասում է Ռոբերտ Մլքեյանը։
Համերգը նաև Հայաստանում հայտարարված նոր կոմպոզիտորների միջազգային մրցույթի մի մասն ու տրամաբանական շարունակությունն է՝ ասում են կազմակերպիչները։ Ամիսներ առաջ «Կողբ» հիմնադրամը նախաձեռնեց Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը։ Հոբելյանական համերգին արդեն հանդիսատեսը կուկնդրի նաև մրցույթի մասնակից 6 լավագույն ստեղծագործությունները։ «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանն ասում է, որ այսպիսով փորձում են ևս մեկ անգամ հանդիսատեսի ուշադրությունը հրավիրել երաժշտության, պոեզիայի ու դրա միաձուլման հրաշքի վրա։
«Շատ հուսով ենք, որ դա կոգեշնչի նաև մրցույթի մասնակից կոմպոզիտորներին, նրանք, տեսնելով մաեստրոյի օրինակը, կոգեշնչվեն և իրենց ստեղծագործությունները գրելիս կունենան նաև այս օրինակը»։
Կոմպոզիտորն անհամբեր է, ասում է՝ այս համերգը հերթական համերգների շարքին դասել չի կարող․ 2 պրեմիերա, այն էլ՝ ծննդյան օրը։ Ծննդյան գլխավոր երազանքն ու ցանկությունն էլ արդեն վաղուց հստակ է։
«Մեր գլխավերևում խաղաղ երկինք լինի: Կան առաջնային խնդիրներ մեր իրականությունում, որոնց քիչ թե շատ լուծում տալուց հետո կարող ես քեզ երգելու իրավունք տալ, բաներ կան, որոնք պետք է արվեն մինչև երգելը: Իմ երազանքն այդ իրավունքը ձեռք բերելն է»,– եզրափակում է Մաեստրո Տիգրան Մանսուրյանը:






