ԿարևորՔաղաքական

Նոր կետեր՝ «խաղաղության պայմանագրի» նախագծում. Հայաստանի առաջարկներն առայժմ անպատասխան են

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնական Երևանը հստակեցնում է պատկերացումները Լաչինի միջանցքի ճգնաժամի առնչությամբ: Հայաստանը շարունակում է աշխատել միջազգային գործընկերների հետ՝ հայտարարում են Հայաստանի պաշտոնյաները:  

Զուգահեռաբար փոխվում է պաշտոնական Երևանի և Մոսկվայի փոխադարձ հայտարարությունների հռետորաբանությունը: Հայաստանը պահանջում է, որ նաև Ռուսաստանը պահպանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Երևանը Բաքվին է փոխանցել հարաբերությունների կարգավորման 4 առաջարկ: Վերջինն առնչվում է «խաղաղության պայմանագրին», որի դրույթներն ամբողջովին բացահայտված չեն: Բայց Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը ստիպել է հայկական կողմին երկու նոր մեխանիզմ առաջարկել: Դրանք «գաղտնազերծել» է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել ենք «գարանտորների ինստիտուտ»: Այսինքն՝ միջազգային թե՛ կազմակերպության, թե՛ պետությունների կողմից խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ ստեղծվի,  որը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը: Բացի դրանից առաջարկել ենք նաև, որ մեխանիզմ ստեղծվի միջազգային ինչ-որ դատարան դիմելու, որով եթե անլուծելի ճգնաժամ է առաջանում, ապա դիմենք միջազգաին դատարան: Բնականաբար, մենք մեր փորձից ելնելով ենք նման առաջարկությունը կատարել: Դա կախված է նաև պետություններից, որոնք պատրաստակամություն կհայտնեն երաշխավորի դերակատարություն վերցնել: Հայաստանն այդ հարցը բաց է թողել և քննարկման առարկա է»:

Եթե Ադրբեջանը համաձայնի, Հայաստանը պատրաստ է անգամ մինչև տարեվերջ ստորագրել այդ փաստաթուղթը՝ հավաստիացնում է Գրիգորյանը: Պարզապես շեշտում է՝ խաղաղության բանակցություններին զուգահեռ Լաչինի միջանցքում ձեռնարկած գործողություններով Ադրբեջանն ամբողջ աշխարհին ցուցադրեց, թե ով է իրականում տարածաշրջանում իրավիճակն ապակայունացողնորը: Ադրբեջանին ուղղված առաջարկների օրինակների մասին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի: Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն, մինչև օրս պատասխան չենք ստացել: ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման: ՀՀ-ն դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել»:

Վարչապետի խոսքով՝ առաջարկները ներառում են նաև ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Ասում է՝ հայկական կողմի  դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. Ադրբեջանը պետք է դադարեցնի Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան և զորքերը պետք է հետ քաշվեն նախկինում զբաղեցրած դիրքեր:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ քննարկումը կրկին միջազգայնացրեց Արցախի հիմնախնդիրը, և դրանից առավելագույն օգուտ քաղելու նպատակով Փաշինյանը նախանշեց.

«ԼՂ կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»:

Եթե իշխանկան շրջանակներում կարծում են, որ Հայաստանը միջազգային հարթակում արեց առավելագույնը, ապա ընդդիմադիր դաշտում կան պնդումներ, որ էական հնարավորություն է բաց թողնվել, և իշխանությունը պետք է բացատրի, թե՝ ինչու: Այդ մասին, մասնավորապես, խոսում է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Ֆեյսբուքյան գրառմամբ նա վկայակոչել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի «Կանոնակարգի միջանկյալ դրույթները» և նշել. Հայաստանը չօգտագործեց՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ստեղծված կոնսենսուսի հնարավորությունը և չներկայացրեց համապատասխան բանաձևի նախագիծ: «Եթե հաջողվեր, բավականին լուրջ քաղաքական եւ իրավական հիմքեր կստեղծեր Լաչինի միջանցքի վերագործարկման համար»,- պնդում է ընդդիմադիր գործիչը, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ բանձեւերը միջազգային իրավունքի տեսակետից ամենածանրակշիռ իրավական ուժ ունեցող փաստաթղթեր են:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը վստահեցնում է, որ հայկական կողմը հնչած հայտարարություններով չի բավարարվում:

«Հենց այս պահին ԱԳՆ-ն աշխատում է, և բոլոր այն ինստիտուցիոնալ հնարավորությունները, որոնք կան, փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով օգտագործել: Հնարավորություններ կան, այս պահի դրությամբ աշխատում ենք»:

Իրականացվող աշխատանքը, սակայն, անբավարար են համարում«Համախմբում» շարժման անդամները: Նախաձեռնող խումբը Կառավարությանը պահանջագիր է ներկայացրել՝ գործողություններ ձեռնարկել Արցախի ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ: Կարճ ժամանակով դադար են վերցնում, կսպասեն, ասում է «Համախմբում» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը:

«Որոշակի, ինչ-որ գործողություններ ձեռնարկվել են, բայց մեր տեսանկյունից դրանք անբավարար են և ամենակարևորը՝ դրանք արդյունքի չեն բերում: Հանգուցալուծումը պետք է համակցի և դիվանագիտական, և ուժային տարրերը: Առանց ուժային տարրերի, իմ կարծիքով, հնարավոր չէ: Ուժը պետք է գործադրի ՀՀ-ն, մեր պահանջագրի 5-րդ կետն է: Եթե դա տեղի չունենա, մենք կձեռնարկենք գործողությունների հաջորդ ցիկլը, որը կլինի ավելի արմատական, ավելի կոշտ: Չեմ կարծում, որ կարող ենք շատ երկար սպասել»:

Լաչինի միջանցքի արգելափակումը հարաբերությունների մեկ այլ շերտ ունի՝ Հայաստան-Ռուսաստան համատեքստում: Եթե մինչ այժմ ուղիղ մեղադրանք էր հնչում, որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ըստ որի՝ «Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը», ապա այսօր խախտման ևս մեկ հասցեատեր՝ նշեց կառավարության ղեկավարը։

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»:

Ռուսաստանի արտգործնախարարությունում մեղադրանքը կտրականապես չեն ընդունում: Հայաստանի վարչապետի հայտարարություններին անդրադարձել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի նկատմամբ նման վերաբերմունքն ընդունելի չէ՝ ըստ պաշտոնյայի: Խնդրին անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ համարելով, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ կարգ ու կանոն ապահովելու համար։ Ասում է՝ խաղաղապահները գործում են եռակողմ հայտարարություններին համապատասխան և կշարունակեն քննարկել թեման հայ գործընկերների և դաշնակիցների հետ: Ռուսական կողմը նշում է՝ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի և պետք է կարգավորվեն նաև տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հարցի շուրջ տարաձայնությունները։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։

Ի դեպ, օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ չեղարկվել է դեպտեմբերի 23-ին Մոսկվայում արտգործնախարարների նշանակված եռակողմ հանդիպումը: Տելեգրամյան ալիքները սկզբում հաղորդում էին, որ հրաժարվողը Ադրբեջանն է, օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ հայկական կողմն է  խնդրել է հետաձգել հանդիպումը՝ հիմնավորմամբ, որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Կարդացեք նաև

Back to top button