
Հունվարի 22-ին մի խումբ ադրբեջանցիներ փորձել են խոչընդոտել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցող «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին Հայաստանի և Արցախի միասնական տաղավարի բնականոն աշխատանքը: Ծրագրավորված սադրանքն ուղեկցվել է ռասիստական կոչերով, հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից։
Անվտանգության աշխատակիցների կողմից անմիջապես քայլեր են ձեռնարկվել անկարգ խմբավորմանը կարգի բերելու ուղղությամբ, և ոստիկանների կողմից սադրանքի մասնակիցները դուրս են բերվել ցուցահանդեսի տարածքից:
Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը ներկայումս շարունակում է իր մասնակցությունը միջազգային ցուցահանդեսին: Տաղավարը հագեցած է Հայաստանի ու Արցախի մասին պատմող գովազդային նյութերով և քարտեզներով և ինչպես միշտ մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից:
«Հայաստանի ազգային մրցունակությունը շարունակելու է միջազգային բոլոր հնարավոր հարթակներում հայկական աշխարհի զբոսաշրջային արդյունքների խթանման և միջազգային ճանաչելիության բարձրացմանն ուղղված իր գործունեությունը»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը նոտա է հղում
Ի դեպ՝ Ադրբեջանի ԱԳՆ- ն բողոքի նոտա է հղել պաշտոնական Մադրիդին միջազգային ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղի մասնակցության կապակցությամբ։ Բաքուն սա համարում է սադրանք։ Իսպանիայում Ադրբեջանի «դեսպանատունը շարունակում է աշխատանքը հայկական կողմից սադրանքը դադարեցնելու ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ- ն։
Միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 167 երկիր
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հունվարի 22- 26- ին տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցող «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին: Միևնույն տաղավարի ներքո ներկայացվում է նաև Արցախի Հանրապետությունը:
Ցուցահանդեսին մասնակցում են 167 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային ընկերությունների եւ ավելի քան 110 հազար առևտրային գործակալներ։




