
Չափազանց դժվար է Իրանում հեղափոխություն անել և միանշանակ չէ, թե ինչով կավարտվեն իրանական բազմահազարանոց ցույցերը: Այսպիսի տեսակետ են հայտնում վերլուծաբանները, մեկնաբանելով իրանական վերջին զարգացումները։ Նրանք հիշեցնում են այն նախադեպերը, երբ այդ երկրի իշխանություններին հաջողվել է ճնշել անգամ ամենասուր բողոքի ալիքները։ Սրան զուգահեռ բավականին լարված են նաև հարաբերությունները Թեհրանի ու Բաքվի միջև։ Դա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, ասում են իրանագետները։
Թեհրանի ու Բաքվի հարաբերությունների լարումն ավելի մուգ երանգներ է ստանում։ Նույնիսկ Իրանին միացնելու կոչեր են հնչում Նախիջևանում։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ Նախիջևանում իրանական զորք տեղակայելու, Նախիջևանն Իրանին միացնելու Թեհրանին ուղղված խնդրանքները սադրանք են։ Իսկ կոչերը տարածվում են անվտանգության և սոցիալական դժվարությունների պատճառով, որ հարուցում են Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանում։
Դեռ նախորդ շաբաթ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում էին երկրում իրանական հատուկ ծառայությունների ենթակայության տակ գործող զինված ցանցի բացահայտման մասին, որն իբր հավաքագրել է Ադրբեջանի քաղաքացիների, նրանց երրորդ երկրներով տեղափոխել Թեհրան, հետո էլ Սիրիա՝ հատուկ ռազմական պատրաստություն անցնելու նպատակով։
Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների լարման ֆոնին Բաքվի ընդդիմությունը պատրաստվում է Թեհրանի գործողությունների դեմ բողոքի ակցիա անցկացնել։
«Մուսավաթ» կուսակցությունը նոյեմբերի 15-ին նախատեսում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա կազմակերպել ։
Ադրբեջանում այս լարվածությունը հաջորդեց Իրանի իրավապահների հայտարարությունը, ըստ որի հոկտեմբերի 26-ին Շիրազում՝ Շահ Չերաղի դամբարանում ահաբեկչական գրոհը համակարգել է Ադրբեջանի քաղաքացի, որը կապեր է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Իրանի հետախուզության և անվտանգության նախարարությունն արդեն երկրորդ հայտարարությունն է տարածում Շահ չերաղի սրբավայրի ահաբեկչության մասին, որտեղ հստակ նշվում է, որ ահաբեկչության համար ձերբակալված անձինք ոչ թե իրանցիներ են, այլ Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ։
Իրանական մզկիթում ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ էր զոհվել։ Ձերբակալվել է արդեն 26 ահաբեկիչ…
Իրանում իրավիճակը սրվեց մոտ մեկ ամիս առաջ ՝ 22-ամյա Մահսա Ամինի մահից հետո։ Ականատեսները հայտնում են, որ երիտասարդ աղջկան դաժանորեն ծեծել են գլխաշորը սխալ կրելու համար։ Բողոքի ակցիաները Իրանում ավելի են ահագնանում և քանի որ այդ հարևան երկրում համացանցը փակ է, տեղեկությունները հաճախ իրարամերժ են։ Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով 300-ից ավելի մարդ է զոհվել։ Ոստիկանները ցուցարարներին մեղադրում են «Աստծո դեմ թշնամանքի» և «երկրի վրա մեղքերի տարածման» մեջ, որի համար մահապատիժ է սահմանված։ Ի նշան բողոքի, երիտասարդ իրանցիները ցույցեր են իրականացնում մզկիթների մոտ։
Թեհրանի և Բաքվի միջև քաղաքական տարաձայնություններն ուղեկցվում են Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի՝ մեկը մյուսին հաջորդած լայնածավալ զորավարժություններով։ Իրանագետ Արմեն Վարդանյան․
«Իրավիճակը առավել քան լուրջ է և շատ տեղերում ցուցարարները նույնիսկ իսլամական պետության խորհրդանիշներն են անարգում, շատ տեղերում հոգևոր առաջնորդի՝ Խամենեի պատկերներն են անարգում, Իսլամական հեղափոխությունը իրականացրած Խամենեի պատկերները։ Իրավիճակի վերլուծությունը բերում է եզրակացության, որ շատ քաղաքներում իշխանությունը չի տիրապետում այլևս իրավիճակին։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և կարող է դոմինոյի էֆեկտով տարածվել նաև այլ քաղաքներում»։
Այդուհանդերձ Իրանը բավականին փակ երկիր է և ցույցերը կանխելու, բողոքի ալիքը կասեցնելու նպատակով, ըստ որոշ տեղեկությունների՝ օգտագործվում են ոչ միայն ոստիականական ուժերը, այլև կանոնավոր բանակն ու ԻՀՊԿ-ի ուժերը։
«Չափազանց դժվար է Իրանում հեղափոխություն անել և միանշանակ չեն կարող պնդել թե ինչով կավարտվեն այս ցույցերը։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ եղել են դեպքեր, որ հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փողոց, արյունահեղություն է տեղի ունեցել, բախումներ են տեղի ունեցել, բայց ի վերջո իշխանություններին հաջողվել է ճնշել բողոքի ալիքները»։
Իրանագետ Հարութ Առաքելյանը փաստում է, որ այնպիսի քաոս է Իրանում ցույցերի ու ոստիկանության ուժերի հետ բախումների պատճառով, որ մի պահ դժվար է տարբերել դա Սիրիա՞ն է, թե՞ Իրանը։
Այդ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով սակայն քայլեր են ձեռնարկում Ռուսաստանն ու Չինաստանը։ Ռուսաստանը պատրաստվում է 40 մլրդ դոլարի ներդրում անել Իրանում նոր հանքերի շահագործման ու արտահանման ծավալները մեծացնելու համար։
Իրանական Mehr գործակալությունը գրում է, որ Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին վերջերս Ռուսաստանում «Տաբաշ» խողովակաշարի կառուցման վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել է, որի իրագործումը կտևի չորս տարի ։ Այդ խողովակաշարի շահագործմամբ հնարավոր կլինի օրական 150 հազար բարել նավթամթերք արտահանել, ասել է նախարարը։
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Իրանում ռեժիմի հնարավոր փոփոխությունը ռիսկային է համարում Հայաստանի համար, բացի այդ կա ևս մի լուրջ վտանգ․
«Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը ասաց, որ Իրանը մի քանի ամսից ,կամ մի քանի շաբաթից կավարտի միջուկային ծրագիրը։ Այսինքն այդ երկիրը կարող է միջուկային զենք ունենալ արդեն մի քանի շաբաթվա ընթացքում և ակնհայտ է, որ դա թույլ չեն տա ոչ՛ ԱՄՆ ոչ՛ Իսրայելը։ Դա նշանակում է, որ ինչ-որ կանխարգելիչ հարված հասցվելու է՝ մի ամիս, երկու ամիս հետո։ Ինչպես է դա անդրադառնալու մեր վրա»։
Տարածաշրջանում նման զարգացումների պայմաններում փորձագետները ռիսկեր են կանխատեսում նաև Հայաստանի համար՝ Ադրբեջանի կողմից։




