
Բրյուսելում հերթական անգամ հանդիպում են սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովների անդամները, Մոսկվա այս անգամ մեկնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նա մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։
Այսօր հայտնի է դարձել ևս մեկ բարձրաստիճան եռակողմ հանդիպման մասին։ Առաջիկա օրերին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։
Մոսկվայի և Բրյուսելի բանակցային հարթակներին ավելանում է ևս մեկը. կոչերից և հայտարարություններից զատ՝ Վաշինգտոնը նաև գործնական քայլեր է ձեռնարկում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում հաստատեց առաջիկա բարձրաստիճան հանդիպման փաստը։
«Մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն, այնտեղ կլինի իմ, պարոն Բայրամովի և պարոն Բլինքենի հանդիպումը։ Այսինքն՝ սա անընդհատ, ինտենսիվ գործընթաց է»։
Ադրբեջանի հետ բանակցային ընդհանուր գործընթացից Հայաստանի արտգործնախարարը 2 արձանագրում է արել․ մեկը՝ վատ, մյուսը՝ լավ։
«Վատը այն է որ բոլոր ուղղություններում, որոնց շուրջ մենք բանակցում ենք, հանդիպում ենք Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումներին։ Համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել Ադրբեջանը կարծում է, որ այժմ պայմաններ կարող է թելադրել Հայաստանին։ Սա, իհարկե, իրականություն չի կարող լինել։ Երկարատև, համապարփակ և կայուն խաղաղության այս ճանապարհով հնարավոր չէ հասնել։ Պետք է որոշ հարցերում իրենք ևս արձանագրեն, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել։ Դա չի աշխատի։ Լավ նորությունը այն է, որ բանակցային ամբողջ փաթեթի նկատմամբ կա միջազգային հանրության հստակ ուշադրություն։ Առայժմ գնալով ավելի ու ավելի մեծանում է, հատկապես սեպտեմբեր 13–14–ի ադրբեջանական ագրեսիայից հետո։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ»։
Դրական զարգացումներից է համարվում նաև դիվանագիտական խոսույթի փոփոխությունը ապաշրջափակվող ճանապարհների, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի առնչությամբ։
«Կարող եմ արձանագրել միայն, որ այո, մեր վերջին հանդիպումները, ինչպես նաև, Հայաստանից դուրս արվող հայտարարությունները, կարծես թե, խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ապաշրջափակվող և ենթադրաբար նոր կառուցվելիք, հնարավոր ճանապարհները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները ամբողջապես գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո և տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով, որ անցնում են։ Մնացած դետալները քննարկվում են դեռ»։
Նոյեմբերի 3–ին միանգամից 2 քննարկում է տեղի ունեցել տարբեր հարթակներում՝ Բրյուսելում և Մոսկվայում։
Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստն է։ Մհեր Գրիգորյանի, Շառլ Միշելի և Շահին Մուստաֆաևի հերթական հանդիպման անհրաժեշտությունն առաջացել է Պրահայի քառակողմ հանդիպումից հետո, երբ առաջին անգամ հայտարարությամբ ամրագրվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը հավատարիմ մնալու ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Սրանով հաստատվեց, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։ Բրյուսելից մեկ օր առաջ Սոչիում՝ մեկ այլ հայտարարությամբ կողմերը կրկին վկայակոչեցին ԱՊՀ պետությունների հիմնարար փաստաթղթերը։ Այսպիսով կարելի է փաստել, որ վերջակետ է դրվում այն քննարկումներին, թե որ թվականի քարտեզներով և ինչպես է իրականացվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան․
«Ալմա-Աթայի այդ հռչակագրի արդյունքում նորանկախ պետությունները ճանաչվում էին իրենց այն սահմաններով, որոնցով խորհրդային միությունում իրականացվել էր դելիմիտացիա և դեմարկացիա, իսկ դա Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրականացվել է 1929 թվականին, որոնց քարտեզները գոյություն ունեն և գտնվում են Մոսկվայում և ճիշտ աշխատանքի արդյունքում այդ քարտեզները կարելի է ուղղակի դնել սեղանին և պահանջել, որ այդ քարտեզներով իրականացվի դելիմիտացիա։ Այնտեղ ոչ անկլավներ կան, ոչ այն, ինչ պահանջում է Բաքուն, օրինակ Տավուշի գյուղերը, կամ Նախիջևանի մեկ գյուղը։ Սա որոշակիորեն ձեռնտու է հայկական կողմին»։
Մոսկվայի հարթակում հանդիպել են ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քննարկումների շրջանակը միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման հարցերն են։ Բայց անդրադարձ է եղել նաև հայ–ադրբեջանական հարաբերություններին և ՀԱՊԿ–ի աշխատանքին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի և առճակատման վտանգը պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն է ասել ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում։
Սեմերիկովի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը․
«Այս տարի մեր կազմակերպության պատասխանատվության ոլորտում տեղի ունեցած իրադարձություններն ու միջադեպերը ցույց տվեցին ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի օպտիմալացման անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների անունից պատրաստվել և համաձայնեցվում է փաստաթղթերի համապատասխան փաթեթ այս հարցի վերաբերյալ»։
Արդյո՞ք դրանք նախապատրաստվում են նոյեմբերի 23–ին՝ Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստին ներկայացնելու համար, հայտնի չէ։ Այս մասին ռուս պաշտոնյան չի խոսել։




