ԿարևորՀասարակություն

Խոշորները կփրկվեն, փոքրերը կխորտակվե՞ն․ դոլարի արժեզրկումը «մաղում» է ՏՏ ոլորտը

Դոլարի արժեզրկումը բացասաբար է  ազդում  Հայաստանի ՏՏ ոլորտիվրա․ քանի որ տեղական կազմակերպություններն համագործակցում են արտասահմանյան ընկերությունների հետ, ֆինանսական հոսքերի գերակշիռ մասն ապահովվում է արտերկրից։  Հայաստանյան խոշոր կազմակերպությունները ռիսկերի կառավարման շնորհիվ կարողացել են մեղմել դոլարի արժեզրկման հետևանքները, այդուհանդերձ, վնասներ են կրել  20-25 տոկոսի չափով։ Մինչդեռ փոքր կազմակերպությունները ստիպված են եղել կրճատումների գնալ կամ պարզապես փակվել։  ՏՏ ոլորտի ցնցումները կարգավորելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցման նախագիծ է մշակել, որը Կառավարությունը դեռ չի ընդունել։ Ի՞նչ է առաջարկում նախարարությունը և որքանո՞վ աջակցությունը  կփոխհատուցի  ընկերությունների կրած վնասները։

Դոլարի շուրջ 20 տոկոս արժեզրկման հետևանքով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը։ «DataArt Հայաստան» ծրագրային ապահովման ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ հայաստանյան ՏՏ ընկերությունների մեծ մասն աշխատում է արտասահմանյան խոշոր կազմակերպությունների հետ,  որոնց հետ պայմանագրերը կնքվում են արտարժույթով, իսկ ներքին ծախսերը կատարվում՝ դրամով։ Թեև գործընկերները փոխանցում են նույն գումարը, բայց տեղում արդեն ընկերությունները վաստակում են ավելի քիչ․

«Մինչև դրամի արժևորվելն, օրինակ, դրսից ստանում էինք 1000 դոլար, որը փոխանակելուց հետո կազմում էր 480 հազար դրամ։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ մեր բոլոր ծախսերը՝ աշխատավարձի, հարկերի վճարում, տարածքի վարձակալության վճար և այլն, կատարվում են դրամով։ Հիմա այդ նույն 1000 դոլարը արտասահմանյան գործընկերներից ստանալուց և դրամի վերածելուց հետո  405 հազար դրամ է։ Այսինքն՝ 20-25 տոկոսի տարբերությամբ ստացվում է, որ կազմակերպությունն արդեն վնասով է աշխատում»։

Լուս․՝ itel.am-ի

Ծառայություններ մատակարարող  ՏՏ ընկերությունների եկամտաբերությունը 10-15 տոկոս է։ 20-25 տոկոս դոլարի արժեզրկման պայմաններում եկամտաբերություն չունեցող և վնասով աշխատող ընկերությունները ստիպված են գումարներ հայթայթել՝ բիզնեսը չկորցնելու համար։ «DataArt Հայաստան» ընկերությունը կարողացել է խուսափել այս սցենարից ռիսկերի ճիշտ կառավարման շնորհիվ․

«Մեր ընկերությունը ռիսկերի գնահատման փուլում կարողացավ ճիշտ գնահատել և կրճատել համապատասխան ուղղությունների ծախսերը։ ՏՏ ընկերություններում ամենամեծ ծախսերը աշխատվարձային ծախսերն են, հետո հարկայինը։ Այնուհետև կան ծախսեր, որոնք ուղղված են աշխատակիցների զարգացմանը, համակարգիչերի նորացմանը, գույքի և հարմարավետության բարելավմանը։ Մենք կարողացանք կրճատել վերջին երեք նշվածները, «չկպնել» աշխատողների աշխատավարձին և ծանր քայլերի՝ կրճատումների, չգնալ»։

Այլ է իրավիճակը փոքր ընկերություններում․ դրանք  մեծ եկամտաբերություն ու հավելյալ գումարներ  չունեն, հետևաբար՝  չունեն  նաև մանևրելու մեծ հնարավորություններ․ հաճախ ստիպված են դիմել կտրուկ քայլերի՝ աշխատատեղերի կրճատման կամ ընդհանրապես ընկերության փակման։ ԱՏՁՄ տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ դոլարի արժեզրկումը ՏՏ ընկերություններին լրջագույն խնդիրներ առջև է կանգնեցնում․

«Ըստ ՊԵԿ֊–ի տվյալների՝ ՏՏ ոլորտի ընկերությունների միջին շահութաբերությունը 15% է, որը նշանակում է, որ ոլորտը միջինում հատել է վնասի գիծը։ Սա վերաբերում է եւ մեծ, եւ փոքր ընկերություններին։ Ընկերությունները գերճիգեր են գործադրում գոյատեւելու, իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու  համար։ Հրատապ քայլեր չանելու դեպքում մենք լրջագույն մրցակցային կորուստներ կունենանք, մեծ մասը` անվերադարձ»։

Սեպտեմբերի 12-ից հանրային քննարկման է ներկայացվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին»  կառավարության որոշման նախագիծը։ Դրանով պետությունը ֆինանսական փոխհատուցում է առաջարկում  ՏՏ ընկերություններին։ Նախատեսվում է, որ այդ աջակցությունը կտրամադրվի 2022 թ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝  պետբյուջե վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով։ Այն ընկերությունները, որոնք պետությունից աջակցություն են ստացել կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 399-L որոշմամբ, կփոխհատուցվեն եկամտահարկի 50 տոկոսի չափով։

Նախագծի ընդունումն, ըստ  Արսեն Բաղդասարյանի, թե՛ հայաստանյան կազմակերպություններին, թե՛ արտերկրի գործընկերներին ցույց կտա, որ կառավարությունը ոչ միայն խոսքով, այլև գործով է աջակցում ոլորտի զարգացմանը։ Արսեն Բաղդասարյան․

«Նախաձեռնությունը, որ որոշ փոփոխություններով հույս ունեմ կանցնի, մեծ  աջակցություն կլինի փոքր ձեռնարկությունների համար, որոնք կկարողանան մինչև Նոր տարի վերանայել համապատասխան ռիսկերը և  պայմանագրերն իրենց գործընկերների հետ , դա նրանց ժամանակ կտա։ Իսկ մեծ ընկերությունները, որոնք  տնտեսել էին աշխատակիցների դասընթացների, վերանորոգման ծախսերը, փոխատուցված գումարը կուղղեն այդ ուղղությամբ։

ԱՏՁՄ տնօրենի խոսքով՝ նախագծի առաջարկն ընկերությունների վնասների փոխհատուցման մասնակի լուծում է, որը նաեւ մրցակցային առավելություն կբերի ոլորտին ընդհանրապես։ Չոբանյանն ասում է, որ ոլորտը ժամ առ ժամ սպասում է այս հնարավորությանը։

Կարդացեք նաև

Back to top button