ԿարևորՀասարակություն

Արցախի սահմանամերձ երկու համայնքների նորածինների մայրերին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Ծնելիության խթանմանը նպաստելու նպատակով «Սերունդ» համահայկական հիմնադրամն իրականացնում է ծրագիր՝ Արցախի սահմանամերձ Չարեքտար և Եղցահող համայնքների նոր ծնված երեխաների մայրերին ամսական 50 հազար դրամի չափով աջակցություն ցուցաբերելու համար. «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Սերունդ» հիմնադրամի համահիմնադիր Գրիգոր Աբրահամյանը՝ հավելելով, որ նշված համայնքներում արդեն երեք ընտանիք սպասում է երեխայի ծննդին:

«Երեխաների ծնվելուց հետո այդ ընտանիքները՝ տվյալ դեպքում երեխաների մայրերը կդառնան ծրագրի շահառու և կստանան ամսական 50000-ական դրամ՝ 16 տարի 8 ամիս շարունակ: Հիմնադրամի աջակցության ծրագրի շահառու կդառնան նաև այս գյուղերում բոլոր նոր ծնվող երեխաների մայրերը»,- մանրամասնել է նա, և ավելացրել, որ աջակցության ծրագրի նվիրաբերողների թվի աճին զուգահեռ կներգրավվեն նոր գյուղեր:

Հիմնադրամի համահիմնադրի տեղեկատվությամբ նվիրատվություն կարող է կատարել յուրաքանչյուրը, այցելելով serund.am կայք:

«Հիմնադրամը նպատակ է դրել ստեղծել ամենամսյա նվիրաբերողների համայնք: Հատկանշական է, որ հիմնադրամի բոլոր ադմինիստրատիվ ծախսերը հոգում են հիմնադրամի կառավարմանը միացած մասնակիցների միջոցներով և յուրաքանչյուր նվիրաբերություն ուղղվում է միայն ու միայն շահառուներին»,- ասել է Գ. Աբրահամյանը՝ ընդգծելով, որ հիմնադրամի կայքում շուրջօրյա ռեժիմով ներկայացված է նվիրատվության չափի և ցանկացած ֆինանսական տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվություն:

Կարդացեք նաև

Back to top button