Ստեփանակերտ–Բաքու երկխոսության հնարավորությունը կախված է այդ երկխոսության քաղաքական բովանդակությունից ՝ կարծում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու առաջարկը տեղ է գտել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ երկխոսության մասին է խոսքը։ Դա երկխոսություն է սուբյեկտների՞ միջև, թե՞ երկխոսություն է Բաքվի իմպերատիվ մոտեցման շրջանակում, ըստ որի՝ կարող է քննարկվել միայն Արցախի հանրության ռեինտեգրացիայի հարցը։ Միայն այս հարցի պատասխանն ունենալու դեպքում է հնարավոր է ասել՝ այս գաղափարը հնարավորություն է Արցախը որպես բանակցային կողմ վերակերտելո՞ւ , թե՞ հակառակը, Հայաստանը բանակցային գործընթացից դուրս մղելու »,– ասում է Բադալյանը և ընդգծում՝ իրավիճակը «սահմանային ու բարակ լարի վրա ընթացող է» և պահանջում է մանրակրկիտ ախտորոշում ու նուրբ կառավարում։