
Վնասակա՞ր են արդյոք կենցաղում օգտագործվող մաքրող ու լվացող միջոցները։ Մի քանի տարի առաջ հարցն ուներ հստակ պատասխան՝ այո։ Այժմ արդեն, գիտության զարգացմանը զուգահեռ, պատասխանները տարբեր են՝ մաքրող ու լվացող միջոցները կարող են նաև անվտանգ լինել։ Աշխարհում այդպես է, Հայաստանում սկսել են այդ ուղղությամբ աշխատել։ Գիտություն– տնտեսություն կապը դանդաղ տեմպերով ակտիվանում է՝ արձանագրում են մասնագետները։
Մաքրող նոր միջոցներ՝ նորագույն տեխնոլոգիաներով․ առաջարկը ոչ միայն արտադրական է, այլ՝ գիտություն–տնտեսություն կապի օրինակ։ Մայր բուհի քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի գիտնականները ստեղծում են նոր միջոցներ, նոր բաղադրություններ։ Այս փուլում հիմնական նպատակն արտադրողներին դրանց հետ ծանոթացնելն է։ Նոր նյութերն անվնաս են, էկոլոգիապես մաքուր։ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը բացատրում է՝ նյութերը պարունակում են այնպիսի միացություններ, որոնք քիչ են վնասում բնությունը և մարդու առողջությունը.

«Օրինակ՝ կարելի է նշել ֆոսֆորի, ազոտի պարունակությունը, որը խնդիր է շրջակա միջավայրի համար, իսկ շատ միջոցներ ֆոսֆոր են պարունակում։ Մենք առաջարկում ենք ավելի բարձրորակ, էկոլոգիապես ավելի անվնաս միջոցներ ստանալ, որոնք ֆոսֆոր չեն պարունակում, իսկ ազոտ պարունակում են նվազագույն քանակով կամ չեն պարունակում»։
Մասնագետներների կարծիքով՝ Հայաստանում հատկապես կենցաղային ու տեխնիկական միջոցների արտադրությունը հետ է համաշխարհային զարգացումից։ Աշխարհում արտադրվում են ժամանակակից նյութեր ու հումքեր, որոնք այստեղ կամ չեն օգտագործում, կամ քիչ են օգտագործում։ Նորագույն տեխնոլոգիաների մեծ մասին արտադրողները ծանոթ չեն, իսկ հայ գիտնականները առաջարկներ ունեն, որոնք նվազագույնի են հասցնում վնասները։ Ի՞նչ նյութեր են առաջարկում, օրինակ, հեղուկ օճառների բաղադրության մեջ։

«Փորձում ենք օգտագործել նոր տիպի մակերևութային ակտիվ նյութեր, որոնք հեղուկ օճառների հիմնական բաղադրիչներն են։ Դրսում վաղուց բաղադրությունները փոխվում ու բարելավվում են։ Մեր օգտագործած հումքերն ավելի անվնաս ու արդյունավետ են»։
Լաբորատորիայում լվացող, մաքրող, ախտահանող և տեխնիկական միջոցների նոր բաղադրություններ են, որոնց մի մասը փորձարկման, մյուսներն էլ արդեն արտադրման փուլում են։ Սրվակներում տարբեր նյութեր են, որոնց միացությունները փորձարկվում են․ նոր տիպի հումքերը խառնում են տարբեր հարաբերակցություններով ու փորձարկվում.

«Մենք ամեն դեպքում այն հումքերը, որ պետք է առաջարկենք, փորձարկում ենք,տարբեր բաղադրություններ խառնում ենք, որ ստանանք մեզ անհրաժեշտ բաղադրությունը։ Ստուգում ենք պարունակությունւ, վնասակարության աստիճանը»։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմայի դասախոս Գոհար Շահինյանը նախագծում հումքի հետազոտություններն է անում, ասում ՝ հետաքրքիր է իր աշխատանքը

«Ուսումնասիրում ենք էլոկոգիական ցուցանիշերը,այսինքն դրանք ինչքան են,ինչպիսին կլինի կենսակուտակումը։ Փորձում ենք հասկանալ, թե բնական միջավայրում, ինչպես կքայքայվեն։ Բոլոր ուսումնասիրությունները իրականացնում ենք ժամանակակից սարքավորումների միջոցով»։
Համագործակցում են բիզնեսի՝ այս դեպքում «Յունիքիմ» ընկերության հետ, համատեղ ստեղծում տեխնոլոգիաներն ու բաղադրությունները։ Գիտական խմբի առաջարկած տեխնոլոգիաներով ստեղծված միջոցները տեղական շուկայում արդեն կան։ Գիտնականները կենցաղում միայն այս մաքրող միջոցներն են օգտագործում․ վստահ են դրանց որակի հարցում։ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը փակագծերն ամբողոջությամբ չի բացում, բայց ասում է՝

«Մեր առաջարկած միջոցները ձեռքերը փափկացնում են։ Անգամ տալիս ենք միջոցներ, որ քերծվածքները բուժում են»։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնում վստահ են՝ քիմիան որպես գիտություն չի կարող մահանալ, այն ամենուր է՝ բոլոր ոլրոտներում։ Պարզապես երիտասարդների հետաքրքրությունն է նվազել գիտության նկատմամբ։ Սա ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ ամբողջ աշխարհում.

«Քիմիան շատ բարդ է թվում, բայց եթե մտաք գիտություն, հասկացաք հիմնական պահանջները, ապա շատ հետաքրքիր ու պարզ գիտություն է»։
Ուսանողների ու մասնագետների մի մասը արտերկրում կրթություն ստանալուց հետո էլ հետ չի վերադառնում։ Սա ևս մտահոգիչ է։ Մինչդեռ Հայաստանում միայն քիմիայի ոլորտում ամեն ամիս մի քանի տասնյակ մասնագետների կարիք է առաջանում։




