Պատերազմում հաղթած ուժի կողմն է կշեռքի ծանրակշիռ նժարը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և ավելացնում՝ պատերազմից հետո կրոնական տարբեր կառույցներ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պատմամշակութային ժառանգության ոչնչացման, աղավաղման առնչությամբ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով , սակայն դրան որևէ գործնական քայլ չի հետևել։
«Ադրբեջանցին փոխվել է, 90-ականների և 2020-ականների ադրբեջանցու միջև մեծ խզում կա, մենք պետք է գիտակցենք, որ 21-րդ դարում մեր հարևանը դարձել է առավել հայատյաց, ավելի վայրագ, իսկ առկա իրողությանը միջազգային հանրության վերաբերմունքը մեկն է` բնիկին դարձնել քոչվոր, քոչվորին` բնիկ։ Կա՞ այդպիսի մի կազմակերպություն, որ Ալիևի կամ թուրքի ձեռքը կբռնի և կկանխի Հադրութում կամ Շահումյանում հայկական եկեղեցու պղծումը։ Ցույց տվեք այդ ձեռքը։ Սրա հակակշիռը մեր հզորացումն է. պետք է հենվենք մեր սեփական ուժերի վրա, զինվենք համբերությամբ, չկորցնենք մնացորդացը և այդ հենքով կառուցենք մեր պետականությունը , տեսլականը։ Այն ամենը, ինչ մեր ազգին հարստացնում է, հզորացնում է, այդ գործիքակազմով պետք է առաջ շարժվենք` ձերբազատվելով ազգին նսեմացնող, պախարակող երևույթներից», -ասում է գերաշնորհ Տեր Վրթանեսը։
44-օրյա պատերազմի ժամանակ և դրան հաջորդած ընթացքում հեղինակավոր տարբեր հարթակներում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական աջակցությամբ բազմիցս ներկայացվել են ադրբեջանական հանցավոր արարքները` հայ ռազմագերիների իրավունքներն ու կրոնական զգացումները ոտնահարելու դեպքերից մինչև հայկական մշակութային հուշարձանների պղծում:
Քրիստոնյա կառույցների ղեկավարները միաձայն են, որ ցանկացած երկրի եւ ազգի կրոնական համոզմունքները պետք է հարգվեն։ Դեկլարատիվ այս խոսույթից բացի կա՞ն արդյոք կոնկրետ առաջարկներ ներկայացված այն կառույցներին, որոնք զբաղվում են կրոնական ազատության եւ կրոնական-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներով։ Արցախի թեմի հոգևոր առաջնորդը նշում է` անշուշտ նման կրոնական կազմակերպությունների հետ Մայր Աթոռն իրականացնում է համապատասխան աշխատանք, սակայն նրանց «քար լռությունը» մտածելու տեղիք է տալիս։
«Կրոնական գերկազամակերպությունները երկակի ստանդարտներով են առաջնորդվում. կաթոլիկ եկեղեցին համագործակցում է և հայկական կողմի, և ադրբեջանական կողմի հետ, ավելին՝ Ադրբեջանի նախագահի միջոցներով վերականգնվում են կաթոլիկ եկեղեցու ապաստարանները, և սա չի կարող ազդեցություն չունենալ կողմերի նկատմամբ վերաբերմունքում»։
Մայր Աթոռ- միջեկեղեցական կազմակերպություններ. համագործակցային այս հարթակում գործուն ի՞նչ մեխանիզմներ կան կանխելու Ադրբեջանի սանձազերծած մշակութային եղեռնը, ապահովելու հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությունը։
«Ռադիոլուր»-ը հարցերի շուրջ զրուցել է Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։





