ԿարևորՏնտեսական

Էլ գաղտնի չի պահվի նվիրատվությունը․ կառավարությունը Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի եւս 6.8 տոկոսը կկառավարի

Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում շատ ավելի մեծ փայամասնակցություն կունենա՝ արդեն 21,8 տոկոս։ Հանքարդյունաբերական հսկայի պետական բաժնետոմսերն ավելացել են 6,8 տոկոսով։ Կոմբինատի կողմից պետությանը նվիրաբերված բաժնետոմսերը կկառավարի  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, որին վերապահված է ռազմավարական նշանակության ակտիվներում պետությունն արդյունավետ ներկայացնելու գործառույթ։ Իսկ թե ինչու է բաժնետոմսերի վերջին նվիրատվությունը գաղտնի եղել՝ գործադիրում է  մանրամասնվել։

2021–ի սեպտեմբերին բացահայտ, 2022–ի մարտին՝ գաղտնի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը փոխանցվել են Հայաստանի կառավարությանը։ Հանքարդյունաբերական հսկայի բաժնետոմսերի նախ 15%-ը նվիրվեց կառավարությանը, ապա ևս 6,875 տոկոսը։ Ինչո՞ւ գաղտնի՝ վարչապետն է մանրամասնում.

«2022 թ. մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6.8 տոկոս: Այն ժամանակ նվիրատվությունը որոշվել է գաղտնի, քանի որ նվիրատուն բիզնես գաղտնիությունը պահպանելու խնդիր է ունեցել»:

Այժմ, երբ  այդ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է,  այդ բաժնեմասը ևս հրապարակավ հանձնվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի»՝ ԱՆԻՖ–ի կառավարմանը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը բացատրում է՝  ԱՆԻՖ-ի մանդատներից մեկը ռազմավարական նշանակության ակտիվներում պետության ներկայացուցիչ լինելն է։

«ԱՆԻՖ–Ը 100 տոկոս պետական սեփականության առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական ակտիվներում պետության որպես սեփականատեր արդյունավետ ներկայացուցչությունն էէ»։

 Կառավարությունում կարծում են, որ երկր հանքարդյունաբերական խոշոր կառույցում պետական բաժնետոմսերի ավելացումը կնպաստի և՛ ոլորտի թափանցիկությանը, և՛ պետական եկամուտների գեներացմանը, և ընդհանուր երկրի զարգացմանը։

Դեռ նախորդ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, որից հետո էր 15%-ը նվիրվել  կառավարությանը։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյն արձանագրում է․

«Ոլորտը համարվում է տնտեսության շարժիչ ուժը։ Անցյալ տարվա առաջին վեց ամսվա համեմատ մենք բյուջեի մուտքերը ավելացրել ենք 5 անգամ։ Դրանք միջոցներ են, որոնք ուղղվում են հարկերի վճարմանը, տարբեր առողջապահական, կրթական ծրագրերի»։

Վերջին տարիներին Հայաստանի արտահանման 30-40%-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը։ Համախառն ներքին արդյունքի 6-10%–ը հանքարդյունաբերական արտադրանքն է։ Այս ցուցանիշերը ստիպում են առաջնահերթորեն դիտարկել ոլորտի խնդիրները եւ ռիսկերի նվազեցումը։ ԶՄՊԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նկատում է՝ ոլորտի զարգացումն ու հատկապես արտահանման ծավալներն ուղղակիորեն կախված են միջազգային շուկաներում պղնձի ու մոլիբդենի գներից.

«Ցավոք, վերջին մեկ ամսում տեսնում ենք գների անկում։ Դա պայմանավորված է ընդհանրապես համաշխարհային տնտեսության անկումով։ Կարելի է ասել՝ բարձր գների փուլն անցել ենք ու թևակոխել ցածր գների ժամանակահատված։ Սա իր բացասական ազդեցությունը կունենա ոլորտի վրա»։

ԶՄՊԿ–ում այս տարի նախատեսում են 22 մլն տոննա հանքաքար արդյունահանել ու վերամշակել։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հենց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Երկրի հազար խոշոր հարկատուների առաջին տասնյակում հիմնականում հանքարդյունաբերական ձեռնարկություններ են։ Ոլորտին ուղղված գլխավոր նորություններից մեկն այն է, որ 2023-ի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը։ Պետական տուրքերի փոխարեն կկիրառվի ռոյալթիների նոր, հավելյալ բաղադրիչ, որը կիրառվում է այն ժամանակ, երբ կազմակերպությունների շահույթները գերազանցում են որոշակի շեմը։

Կարդացեք նաև

Back to top button