
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
2011 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը համագործակցում է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ: Համագործակցության նպատակն է բարեփոխել բարձրագույն մանկավարժական կրթությունը Հայաստանում մանկավարժական համալսարանի առաջնորդությամբ: Այսօր տեղի է ունեցել ծրագիրն ամփոփող կոնֆերանսը, որի ընթացքում կողմերը ներկայացրել են արված աշխատանքներն ու տվել գնահատականներ։
«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Օուլուի համալսարանի համագործակցային ծրագիրն ավարտվեց: Համագործակցությունը շահեկան էր ինչպես մանկավարժական, այնպես էլ Օուլուի համալսարանի համար: Ամփոփելով համագործակցության համատեղ աշխատանքը՝ մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ եռամյա ծրագրի արդյունքում բուհում այժմ գործում է ուսանողական մասնագիտական պրակտիկայի կազմակերպման միանգամայն այլ մոտեցում։
Գաղտնիք չէ, որ բուհական կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջազգային աջակցությունը լինում է կամ ֆինանսական, կամ բովանդակային: Այս համագործակցությունը այն եզակի ծրագրերից է, որտեղ մեկտեղված է և ֆինանսական, և բովանդականին աջակցությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Նշենք, որ Օուլուի համալսարանի աջակցությամբ Բոլոնիայի գործընթացի համատեքստում արդիականացվել է մանկավարժների, ուսուցիչների պատրաստման գործընթացը, վերանայվել և բարելավվել են որակավորման աստիճանների և ուսումնական կրեդիտների ներդրման, գնահատման համակարգերի մշակման ու հաստատման, ինչպես նաև ուսումնամեթոդական համալիրի կատարելագործման աշխատանքները։
Բարելավվել են նաև մանկավարժական կրթության բնագավառում հետազոտություններ կատարելու և դրանց արդյունքները կիրառելու մանկավարժական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության կարողությունները:




