
Սաթիկ Իսհակայան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզից 4 համայնք արժանացել է տարածքային կառավարման նախարարության լավագույն գնահատականին: Լեռնագոգ գյուղը հանրապետությունում ճանաչվել է լավագույն մաքուր համայնք, որտեղ պարբերաբար իրականացվում է աղբահանություն: Գյուղում մաքրությանը հետևում են նույնիսկ մանկապարտեզի երեխաները, այսինքն` մաքրությունը սկսվում է յուրաքանչյուր բնակչի տնից, բակից ու փողոցից:
Ամփոփելով տարին՝ տեսանելի է, որ Արմավիրի մարզի համայնքներում իրականացված աշխատանքներն աննկատ չեն մնացել իշխանությունների կողմից և արժանացել են նրանց խրախուսանքին: Դեռ մեկ ամիս առաջ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 17-ամյակի կապակցությամբ տարածքային կառավարման նախարարությունը 4 անվանակարգային մրցանակ շնորհեց մարզի 4 համայնքի: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ուրախությամբ ներկայացրեց, որ 10 անվանակարգային մրցանակից 4-ը տրանմադրվել է Արմավիրի մարզին:
Հոգևոր կենտրոնն առաձնանաում է քաղաքային տեսքով, կանաչապատմամբ, բարեկարգմամբ, իր գրավչությամբ, լավագույն գյուղական համայնք հատուկ մրցանակի է արժանացել մայրաքաղաքին հարակից Մերձավան համայնքը, իսկ գյուղական մշակութային կյանքով մարզում անգերազանցելի է Փարաքարը:
Մեր առօրյայում հիմնախնդիր է սանիտարական մաքրությունը ոչ միայն քաղաքներում, այլ նաև գյուղերում: Գյուղեր մեկնելիս շատ հաճախ միջհամայնքային ճանապարհների աջ ու ձախ կողմերում հանդիպում ենք աղբակույտերի, դրանք առկա են նաև գյուղերի ներսում՝ առանձնատների դիմաց: Այս առումով Լեռնագոգը չի համալրում այդ գյուղերի ցանկը: Համայնքում բարեփոխումները նկատելի են տարբեր ծրագրերի իրագործման շնորհիվ: Լեռնագոգ համայնքի ղեկավարի օգնական Ստեփան Վարդանյանը նշում է, որ գյուղի մաքրությանը հետևում են նույնիսկ մանկապարտեզի երեխաները:
Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոմայրուղուց մինչև Լեռնագոգ ընկած 3 կմ-ոց ճանապարհահատվածը շաբաթվա մեջ 2 անգամ մաքրվում է աղբից, այսինքն` այն իրերից, որոնք դուրս են նետվում ավտոմեքենաների պատուհաններից: Համայնքն ունի աղբատար մեքենա, որը հատկացրել է համայնքում լայնածավալ աշխատանքներ իրականացնող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, տեղադրվել են մաքրությանը վերաբերող ցուցանակներ, աղբամաններ:
Լեռնագոգում աղբահանության վարձը սահմանվել է 150-300 դրամ` պայմանավորված ընտանիքի անդամների թվով: Դպրոցականներն ու մանկապարտեզի սաները Լեռնագոգում հաճախ հայտարարում են սանիտարական օր և անցնում գործի: Նրանք այսօրինակ ակցիաների են մասնակցել նաև մայրաքաղաքում՝ օրինակ ծառայելով նրանց, ովքեր անտարբեր են իրենց շրջապատի մաքրության նկատմամբ:




