
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայաստանի գործատուների հանրապետական միությունն այսօր կազմակերպել էր Կանանց ձեռնարկատիրության 2-րդ ազգային կոնֆերանս «ՀՀ-ում կանանց ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով: Կոնֆերանսում ներկայացվել են ձեռնարկատիրության ոլորտում Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացված վերլուծության արդյունքները, բացահայտել կին ձեռնարկատերերի կարիքները, ներգրավվածությունը բիզնեսում: Վերլուծության արդյունքներով՝ կանանց ներգրավածությունը բիզնեսում նախորդ տարիների համեմատ աճել է:
Կանանց պոտենցիալը մեր հանրապետությունում քիչ է օգտագործվում, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, որի 2009 թվականին կատարած վերլուծությունները ցույց են տվել, որ կանանց ներգրավվածությունը բիզնեսում քիչ է` մոտ 729 հոգի, իսկ այս հինգ տարիների ընթացքում փոփոխությունների, ձեռնարկատեր կանանց նկատմամբ հետաքրքրության և ուշադրության արդյունքում նրանց թիվն այսօր հասնում է մոտ 1200-ի: ՄԵր կանանց հետաքրքրության դաշտը լայնածավալ է` դիզայն, սեղանի և հարսանյաց սրահների ձևավորում, քաղցրավենիքի արտադրություն, անշարժ գույք: Հիմնականում նրանք քիչ թիվ են կազմում արդյունաբերության և տուրիզմի ոլորտներում, այսօր Կանանց ձեռնարկատիրության 2-րդ ազգային կոնֆերանսի ժամանակ նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Կառույցի վերլուծությունները ցույց են տվել, որ մեր օրենսդրությունը կանանց և տղամարդկանց համար սահմանում է հավասար իրավունքներ: Սակայն միակ խնդիրը կրթական, առողջապահական և այլ ոլորտներում գործող օրենքների գենդերային տեսանկյունից ուսումնասիրված չլինելն է: «Կանայք տարբերություն են նկատում գործատուների մոտ, նրանց աշխատավարձը 40 տոկոսով կարող է տարբերվել տղամարդկանց նույնատիպ աշխատանքի դիմաց վճարից: Բացի այդ՝ կանայք կարծում են, որ իրենց հանդեպ պետք է ուղղված լինեն ավելի առանձնահատուկ ծրագրեր վարկավորման, բիզնեսի խթանման, խորհրդատվությունների համար»,- ասում է Մակարյանը։
Հայաստանի գործատուների միությունը կոնֆերանսին ներկայացրել է ձեռնարկատեր կանանց աջակցող ծրագրեր, որոնց մեջ են մտնում երաշխիքային ֆոնդերի ստեղծումը, բիզնեսը ճիշտ կառավարելու համար վարկավորման խորհրդատվությունը: Այսինքն՝ փորձառու կին ձեռնարկատերերը կարող են իրենց փորձը փոխանցել սկսնակ ձեռնարկատերերին: Քաղաքական կյանքում նույնպես մեր կանանց ներգրավվածությունը քիչ է: Բիզնեսում կանայք ավելի թափանցիկ են, ազնիվ ու պատասխանատու, անկեղծացավ Գագիկ Մակարյանը և ավելացրեց, որ ձեռնարկատեր կանանց առջև ծառացած անլուծելի խնդիրներից է իրենց սեփականությունն ուրիշի անվանումով գրանցելը, սակայն միության նախագահը հուսով է, որ խնդիրը ժամանակի ընթացքում կլուծվի:
Փոքր և միջին ձեռնարկությունները Ասիական բանկի հետ համատեղ իրականցնում են կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագիր` նրանց գործարար գիտելիքների խորացման, խորհրդատվություն և այլ ուղղություններով: Հիմնականում ձեռնարկատեր կանանց հուզում է այսօրվա վարկային քաղաքականությունը, անընդհատ փոփոխությունների ենթարկվող օրենքներն ու հարկային վարչարարությունը
Փոքր և միջին բիզնեսում մեր կանայք մրցունակ են, կարծում է անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն, կանանց ֆորում հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ավետիսյանը: Վերջինիս խոսքով` ձեռնարկատեր կանանց համար խնդիրներ միշտ կան, սակայն նախորդ տարիների համեմատ վիճակն այժմ բարվոք է: Ըստ նրա` ձեռնարկատեր կանանց աջակցելու համար անհրաժեշտ են հարկային փոփոխություններ իրականացնել։




