
Վերջին շրջանում գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակների նախարարությունը նռնակ կամ ռումբ է փնտրում։ Հուլիսի 20-ին կեղծ ահազանգ էր ստացվել, որ ռումբ կա Երևանի մետրոպոլիտենի կայարաններում, հուլիսի 21-ին Ֆ-1 տեսակի նռնակ հայտնաբերվեց Երևանի Խանջյան փողոցից։ ԱԻՆ նախարարությունից «Ռադիոլուր»-ին հայտնել են, որ հատկապես ռումբերի մասին ահազանգերի թիվը նախորդ տարվա համեմատ կտրուկ աճ է գրանցել։
Հունվարի 1-ից հուլիսի 21-ը՝ գրեթե 7 ամսում Արտակարգ իրավիճակների նախարարությունը ռումբի մասին 26 ահազանգ է ստացել։ Բոլորը՝ կեղծ։ Նախորդ ողջ տարվա ընթացքում ահազանգերը եղել են ընդամենը 3-ը։ Տվյալները ԱԻՆ օպերատիվ հերթափոխի պետ Հարություն Ճեբեյանն է փոխանցում․
«Անցած տարի եղել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա գարդեն» մոլում, Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում և Արցախի 18 Ա շենքի հարակից շինությունում»։
Այս տարի ռումբ նկատելու կամ տեղադրելու մասին «խոստովանելու» համար ԱԻՆ զանգահարած մարդիկ տեղանքի ավելի բազամազան ընտրություն են կատարել՝ գիշերային ակումբից մինչև դպրոց, «Ռոսիամոլ», «Երևանմոլ», «Մետրոնոմ» առևտրի կենտրոններ, Ոստիկանության Շենգավիթի և Էրեբունու բաժանմունքներ և այլն։
«Այս տարի ահազանգեր են գրանցվել նաև ՌԴ դեսպանատանը, ՉԺՀ դեսպանատանը, Գայի թիվ 26 շենքում, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նակին նախագահի տանը, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններում ռումբ լինելու մասին։ Զվարթնոց օդանավակայանում ռումբի մասին 9 կեղծ ահազանգ ենք ստացել»,- հայտնում է ԱԻՆ ներկայացուցիչը։
Վերջին ահազանգն ամենամասշտաբայինն էր․ փակվեց մետրոյի 10 կայարան, ուղևորներն ու աշխատակիցները տարհանվեցին։ Ահազանգը սկզբում ուղղվել էր Երևանի քաղաքապետարան, հետո փոխանցվել ԱԻՆ-ին։ Քաղաքապետարանի լրատվության վարչության էլեկտրոնային հասցեին ուղարկված հաղորդագրության մեջ նշվել էր, որ բոլոր կայարաններում տեղադրված են պայթուցիկ սարքեր, որոնք անհայտ ժամկետներում կարող են գործի դրվել: Ստացված նամակը շրջանառվեց որոշ կայքերում։ Շուրջ 5 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո ԱԻՆ աշխատակիցները փաստեցին, որ արտակարգ իրավիճակ չկա, տեղեկությունը կեղծ է։

ՀՀ Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածը սահմանում է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքում նախատեսված պատժամիջոցը։ Օրենքում նշվում է, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը պատժվում է տուգանքով` 200 000- 400 000 դրամի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ոստիկանության պաշտոնական կայքէջում ռումբի մասին ահազանգերն ու դրանց ընթացքը լուսաբանող հրապարակումները երբեմն ավարտվում են ահազանգողին գտնելու մասին տեղեկությամբ։ Կեղծ ահազանգ տալու դրդապատճառները հայտնի չեն։ Այսպես, օրինակ, 2019 նոյեմբեր 22-ին 12-ամյա երեխան հայտնել է թիվ 156 դպրոցում տեղադրված ռումբի մասին։ 2020 մայիսի 28-ին Սարդարապատ գյուղի 32-ամյա բնակիչն է հայտնել, որ ինքը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրել։ Այս տարվա հուլիս 17-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման, որին բացահայտելու մասին տեղեկություն առկա չէ։
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանի կարծիքով՝ կեղծ ահազանգները կարող են մեծ զանգվածի ուշադրությունը գրավելու նպատակ ունենալ, մյուս կողմից, հակառակը, սա հասարակության ուշադրությունը մեկ այլ իրադարձությունից շեղելու միջոց է․
«Ռումբերի վերաբերյալ կեղծ ահազանգները ակնհայտորեն խուճապ են առաջացնում տվյալ պահին տվյալ տարածքում գտնվող անձանց, ինչպես նաև այն մարդկանց շրջանում, ովքեր գիտեն, որ իրենք հարազատները, մտերիմները մոտակա տարածքում սովորում են, աշխատում են կամ այլ գործունեություն են ծավալում»։
Սոցիոլոգի խոսքով, սակայն, կեղծ ահազանգերը կրկնվելու դեպքում կարող են սովորական դառնալ։ Արդյունքում՝ կա զգոնությունը կորցնելու ու իրական խնդրի դեպքում մեծ վտանգի բախվելու ռիսկ․
«Արցախյան պատերազմի ժամանակ ինքս Ստեփանակերտում դիտարկել եմ, թե ինչպես ամեն անգամ օդային տագնապի ազդանշանից հետո մարդիկ վազքով իջնում էին դեպի ապաստարան, բայց ակնհայտ է (ինքս աչքով եմ տեսել, իմ դիտարկումն եմ արել) թե ինչպես մի քանի անգամ, երբ ձայնային ահազանգ է լինում և պայթուն չի լինում, ամեն հաջորդ ազդանշանի հանդեպ տվյալ տարաքում գտնվող մարդիկ ավելի իմիջայլոց են դառնում, ավելի դանդաղ են շարժվում դեպի ապաստանը։ Սա այն դեպքում, երբ իրական պատերազմ էր ու կյանքի իրական վտանգ էր սպառնում։ Այս դեպքում շատ բնական է մարդու բնազդային վարքագիծը»,- կարծում է Արմեն Խաչիկյանը։
ԱԻՆ-ից նշում են՝ «փրկության ջոկատը» պատրաստ է կանխել ցանկացած արտակարգ իրավիճակ, սակայն սա համակարգի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է թե՛ մարդկային, թե՛ նյութական տեսանկյունից։





