
ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին ներկայացրած զեկույցում հայաստանյան կազմակերպությունները երեք հիմնական խնդրի են անդրադարձել ՝ ատելության խոսք, էթնիկ հողի վրա կյանքի իրավունքի խախտում և մշակութային արժեքների վերացում։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյան․
«Մենք կարևորել և անդրադարձել ենք մի քանի խումբ իրավունքների, մի մասը վերաբերում է վերջին տարիներին ատելության խոսքին, հայատյացության խտրականության և ատելության խոսքի տարածմանը, այդ թվում՝ մինչև Ադրբեջանի նախագահ։ Սա ամենակրևորագույն պարտավորություններից մեկն է, որը կոնվենցիան վավերացնելիս ստանձնել է Ադրբեջանը, այսինքն, զերծ մնալ և պայքարել այդ ատելության խոսքի դեմ։ Դա չի կատարում և տարեց տարի միջազգային ատյանները արձանագրում են, որ այդ խոսքը առկա է»։
Կազմակերպություններն առաջարկել են ՄԱԿ-ի Կոմիտեին կոչ անել Ադրբեջանի կառավարությանը վերջ դնել հակահայկական հռետորաբանությանը, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ նախագահ Ալիևի կողմից։ Դատապարտել և հետաքննել քաղաքական գործիչների, որոնք ռասայական ատելություն են հրահրում հայերի դեմ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Քաղհասարակության կազմակերպությունները փաստահավաք առաքելություն են իրականացրել և հավաքագրել Լեռնային Ղարաբաղում 2020թ․-ի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյան․
«Երկրորդ խումբ իրավունքները, որոնց անդրադարձել ենք, դա ադրբեջանցիների իշխանության ներքո էթնիկ հայերի նկատմամբ կյանքի իրավունքի խախտումներն են, խոշտանգումները։ Դա վերաբերում է ինչպես ռազմագերիներին, այնպես էլ քաղաքացիական անձանց, որոնք հայտնվել են ադրբեջանցիների ձեռքին, թե պատերազմի ժամանակ, թե դրանից առաջ։ Երրորդը՝ մշակութային արժեքների վերացմանն ուղղված խնդիրներն են»։
Արմենոֆոբիայի պետական պրոպագանդան հանգեցրել է հայերի դեմ ատելության հիմքով հանցագործությունների աճի Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Ադրբեջանում գոյություն ունի էթնիկ ատելության և էթնիկ հայերի նկատմամբ խտրականության պետական քաղաքականություն, որը չի վերացվել 2016 թվականի Եզրափակիչ դիտարկումների հրապարակումից հետո, այլ սրվել է 2020 թվականի պատերազմից հետո։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանի խոսքով՝ ՄԱԿ-ը որոշ շրջաններում աչք է փակում անմարդկային գործողությունների դեմ և դա ստիպում է կասկածել, որ այդ կառույցում ևե սկսել է գործել խավիարային քաղաքականությունը։
«Ինչպես զեկույցում է նշված, պետք է սկսենք կասկածել, որ ՄԱԿ-ի որոշ գործիչների մոտ կաշառակերություն կա կամ Ադրբեջանի այդ խավիարային քաղաքականությունը սկսել է դեր խաղալ»։
Նրա խոսքով՝ այս պայմաններում խաղաղության մասին խոսք չի կարող գնալ։
«Պետք է պատրաստվել պատերազմի, որովհետև հակառակորդը չի թաքցնում իր նկատառումները մեր հանդեպ։ Բացի այդ աշխարհը անտարբեր է այդ հակառակորդի հնչեցրածի նկատմամբ, մեր զեկույցի իմաստը հենց դա է։ Ոչ մեկ գոնե մատ չի թափ տալիս, գոնե բանավոր չեն ասում՝ խելոք մնացեք»։
Կազմակերպությունները հորդորել են Կոմիտեին անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել հայերի նկատմամբ ռասայական խտրականության և ատելության պետական քաղաքականությունը վերացնելու, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ հարգանք և արդյունավետ պաշտպանություն ապահովելու ուղղությամբ։ Ադրբեջանն առաջիկայում կառույցին պետք է գրավոր պարզաբանումներ ներկայացնի, թե արդյոք պատասխանատվության է ենթարկել ատելության խոսք հնչեցնող պաշտոնյաներին, ներկայցնի նաև թե ինչ աշխատանք է կատարվել հայերի նկատմամբ կյանքի իրավունքի խախտումների և մշակութային արժեքների վերացումը կանխելու ուղղությամբ։




