
Կառավարությունը փոխում է ոստիկանության կառուցվածքը, տևական դադարից հետո կրկին Ներքին գործերի նախարարություն է ստեղծվում։ Փոփոխության օրենսդրական հիմքը գրեթե պատրաստ է և ներկայացվել է հանրային քննարկման։ ԱԺ–ում թեմայի շուրջ այսօր խորհրդարանական լսումներ են կազմակերպվել։ 10–օրյա ժամկետ է տրվել փաթեթի լրամշակման համար։ Ծրագրվում է, որ սեմպետմեբրին արդեն ԱԺ–ն հավանություն կտա նախագծին, և այն կանցնի իրագործման փուլ։ Փոփոխությունները նախատեսված են Կառավարության 2021–26 թթ ծրագրով։ Նախագծի հեղինակներն ասում են ՝ լավ մշակված փաստաթուղթ են ներկայացրել՝ հաշվի առնելով միջազգային գործընկերների փորձագիտական խորհուրդները ու տարբեր երկրների փորձը։
Հայաստանում ստեղծվում է նոր սուպերնախարարություն, բայց դեռ նախագծման պահից այդ կարգավիճակից խուսափելու ընկալում կա։ Ստեղծվող Ներքին գործերի նախարարությունը նախատեսված է կառավարության 2021–26 թթ ծրագրերով, իր մեջ միավորելու է միանգամից 3 ուղղություն՝ ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ և միգրացիա։ Թեև ՀՀ կառավարության կառուցվածքում ժամանակին գործել է ՆԳՆ, բայց նոր բարեփոխումներով չի ընտրվել հինը վերականգնելու տարբերակը, ասում է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը․
«Մենք կարողացանք համադրել բոլոր այս կարևոր օղակները պոտենցիալ մեկ նախարարության մեջ։ Ընդ որում` սա ԱԻՆ–ը ավտոմատ հիմա էլ ՆԳՆ սարքելու նախագիծ չէ։ Այս դեպքում, մենք շատ կարևոր մի համակցություն պետք է անենք՝ փրկարար ծառայության, ոստիկանության և մյուս մեր բոլոր կարևոր ծառայությունների։ ՆԳՆ կառուցվածքը լինելու է շատ հարուստ, իրար հետ կարևոր կապերով միաթելված, բայց միևնույն ժամանակ տրամաբանորեն խնայելու է հսկայական ռեսուրսներ, առանձին մի քանի մարմիններ դրանց փոխարեն պահելու փոխարեն»։
Նոր կառուցվածքով կմեծանա կառույցի հանդեպ խորհրդարանական և հասարակական վերահսկողության հնարավորությունը։ Ներքին գործերից ԱԱԾ, ԱԱԾ–ից ոստիկանություն․ համակարգը տարիների ընթացքում անցել է շատ փոփոխություններով, բայց սիմբիոզը համարվում է չհաջողված։ Ոստիկանությանը միշտ մեղադրել են քաղաքականացված լինելու և կրիմինալ աշխարհին սերտաճելու մեջ։
Խորհրդարանական կառավարման պայմաններում նախկին կառուցակարգով ոստիկանության պահպանումը հակասություն է ստեղծում՝ հիմնավորում են իրավունքի մասնագետները։
Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ ոստիկանության վերափոխումները տարիների ընթացքում արվել են շատ կոնկրետ նպատակով․
«96–97 թվականներին, երբ ՆԳՆ–ն միացվեց ԱԱԾ–ին, հայտնի փոփոխություններ, որոնք հանգեցրին երկրում պալատական հեղաշրջման։ Արդյունքները, ըստ էության, հնարավոր եղավ ամրապնդել հոկտեմբերի 27–ի ոճիրի արդյունքում, և այդ արդյունքը ամրապնդելուն էր ուղղված նաև 2003 թվականի հունվարի 1–ին կայացված քաղաքական որոշումը․ գործող իշխանությունն իր իշխանությունը երկարաձգելու խնդիր ուներ, և ոստիկանությունը՝ համակարգի ներսում, և քրեական աշխարհը համակարգից դուրս՝ փողոցում, պետք է ապահովեին այդ իշխանության վերարտադրությունը։ Ինչ պետք է աներ ոստիկանությունը․ ցուցակների հարցում պետք է գնար այնպիսի կեղծիքների, որ 100 հազարներով քվեներ կեղծվեին և այդպիսով, պետք է տեղի ունենար իշխանության և պետության բռնազավթում»։
Նոր նախագծի և ոստիկանության հերթական վերափոխման առաջնային նպատակներից մեկն էլ կառույցի ապաքաղաքականացումն է։ Դրա համար նախատեսված է լիազորությունների և հակակշիռների հստակ մեխանիզմ՝ ով է քաղաքականության մշակողը, ով է այդ քաղաքականության իրականացնողը։ Նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանի կարծիքով՝ անհրաժեշտ է գործառույթների հստակ սահմանազատում։ Չունենք ՆԳՆ, չունենք ապաքաղաքական ոստիկանություն, սա աքսիոմ է՝ ասում է։ Նրա դիտարկմամբ՝ նախարարության կարեւոր ձեռքբերումը կլինի այն, որ որևէ պաշտոնից ազատելու համար օրենսդրական հստակ ամրագրում լինի․
«Նշանակողը պետք է չունենա անսահմանափակ հայեցողական լիազորություն պաշտոնից ազատելու ուժային կառույցների ղեկավարներին։ Այդ ազատման հիմքերը պետք է օրենքով հստակ և սպառիչ ամրագրվեն։ Իհարկե, դա չի նշանակում պաշտոնեական անպատասխանատվություն, դրա մասին չէ խոսքը։ Վերջին հաշվով ոստիկանության պետերին կարելի է նաև պաշտոնից ազատել, երբ այնպիսի զանցանքներ են կատարում, որոնց համար ուղղակի կարգապահական ներգործության խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Դա էլ է հնարավոր։ Սակայն օրենսդրության մեջ ազատ հայեցողության առկայությունը վտանգի տակ է դնում կառույցի քաղաքական չեզոքությունը»։
Փաստաթղթի մշակողներից մեկը արդարադատության փոխնախարար Արփի Սարգսյանն է։ Ասում է՝ բացի համապատասխան կրթությունից, ներքին գործերի համակարգում աշխատելու համար պետք է ստուգվի նաև թեկնածուների բարեվարքությունը․
«Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գերնպատակը, կարելի է ասել, ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, տեխնիկապես հագեցված, պրոֆեսիոնալ, բարեվարք նոր ոստիկանի կերպարի ձևավորումն է, ՀՀ–ում նոր ոստիկանության ստեղծումը, որը կգա օգնելու հաղթահարելու բոլոր այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ գեներացվել են ոստիկանության, նաև ոստիկանական գործունեության շուրջ»։
Բացի 3 կառույցների միավորումից՝ ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունում նախատեսվում է ստեղծել Ազգային գվարդիա՝ որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, որի գործունեությունն այլևս չի կանոնակարգվի ռազմական և ԶՈՒ օրենսդրությամբ ։ Ազգային գվարդիան կգործի ոչ միայն մայրաքաղաքում, այլև՝ որոշ մարզերում, ասում է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Ոստիկանությունում դեմ չեն սպասվող փոփոխություններին․
«Ստեղծվելիք ազգային գվարդիային նախատեսվում է վերապահել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումը, պետական մարմինների, շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների անվտանգության ապահովմանն աջակցելը, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցությունը, ինչպես նաև մասնակցությունը հատուկ պլաններով նախատեսված և հակաահաբեկչական միջոցառումների իրականացմանը»։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԳՆ ստեղծումը և բարեփոխումները դիտարկում է անվտանգության համակարգի կոնտեքստում: Նրա ներկայացմամբ՝ բարեփոխումների ընթացքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին:
Ժամկետների առումով որոշակի հստակություն արդեն կա․10–օրյա ժամկետ է տրվել փաթեթի լրամշակման համար։ Ծրագրվում է, որ սեմպետմեբրին արդեն ԱԺ–ն հավանություն կտա նախագծին և այն կմտնի իրագործման փուլ։




