
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով՝ Հայաստանում 300 հազար դրամից բարձր արժեքով գործարքները պետք է արվեն անկանխիկ: Օրենքն արդեն ուժի մեջ է, բայց ՊԵԿ–ը դեռ չի շտապում կոշտ գործողությունների դիմել։ Քանի որ օրենքը թերի է և հարմարեցված չէ Հայաստանի ներկա իրավիճակին, կառավարությունը դեռ կսպասի՝ հուսով են տնտեսագետները։ Տնտեսվարողներն էլ բողոքում են՝ սա բարդացնում է իրենց կյանքը, իսկ բանկերը փոխանցումով գործարքների համար բարձր միջնորդավճար են գանձում։ Մինչ ԿԲ-ն խոստանում է վերանայել տնտեսվարողներին թելադրվող պահանջները, տնտեսագետնեը տագնապում են։
Տնտեսվարողներն ու քաղաքացիները մոլորված են։ Չգիտեն՝ որ բանկ դիմեն, ինչպես անկանխիկ համակարգի անցնեն, որ ավելի քիչ տուժեն։ Նոր օրենքի պահանջով՝ աշխատած գումարը ոչ միայն ՊԵԿ-ի, այլև բանկերի հետ պետք է կիսեն։ Վերջինը՝ միջնորդավճարի տեսքով։ Իսկ տոկոսադրույքը, պարզվում է, փոքր չէ՝ միջինացված 3 տոկոս։ Օրենքը շրջանցելը, սակայն, ավելի թանկ կնստի տնտեսվարողի գրպանին՝ նկատում է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը.
«Այսօր մեր մանր բիզնեսն ունի 10-20 տոկոս մարժա։ Ծխախոտի վաճառքի դեպքում ընդհանրապես 5 տոկոս մարժա։ Այդ ցածր տոկոսադրույքից նրանք վճարում էին հարկեր, վարձավճարներ, լիցենզիաներ։ Այժմ ստիպված են լինելու նաև բանկերին վճարել միջինացված 3 տոկոս միջնորդավճար ամբողջ անկանխիկ շրջանառությունից, ինչը գերազանցում է նունիսկ ՀՀ սահմանած հարկը»։
Տնտեսագետ Սուրեն Պարսամյանը կողմ է 300 հազար դրամից բարձր գործարքներն անկանխիկ անելուն, բայց ոչ այս գնով։ Կառավարության բարեփոխումն ամենից ցավոտ փոքր և միջին բիզնեսն են զգալու՝ ասում է։ Առավել ևս, երբ բանկերը բացի միջնորդավճարներից նաև որոշակի շրջանառություն են պարտադրում տնտեսվարողներին։ Որոշ գնահատումներով՝ բանկերը նույնիսկ 2-րդ հարկային անունն են ստացել։
«Ակնհայտ է, որ փոքր բիզնեսի համար 1-3 տոկոս միջնորդավճարը դառնում է հարկ, այն դեպքում, երբ, օրինակ, շրջհարկով աշխատող տնտեսվարողը վճարում է 1.5 տոկոս։ Ստացվում է, որ բանկի միջնորդավճարը և սպասարկման գումարն ավելի բարձր են, քան շրջանառության հարկի տոկոսադրույքը։ Սա անտրամաբանական իրավիճակ է։ Չնայած հայտարարվում է, որ բանկերը հետագայում կվերանայեն իրենց սակագնային քաղաքականությունը, բայց այս պահին դա մեծ ճնշում է փոքր և միջին բիզնեսի համար»։
Հաշվի առնելով 2020-ի ճգնաժամն ու դրա ազդեցությունը՝ տնտեսագետը կարծում է, որ պետությունն առավել քան երբևէ պետք է կանգներ վերակենդանացման նշաններ ցույց տվող փոքր ու միջին բիզնեսի կողքին.
«Պետությունը պետք է ավելի հասցեական մոտենար հարցին ու փոքր և միջին բիզնեսի համար արտոնյալ պայմաններ վերցներ բանկերից, ոչ թե փոքր և միջին բիզնեսին բանկերի առջև մենակ թողներ։ Յուրաքանչյուր փոքր կրպակ ինքն է բանակցում բանկերի հետ։ Ակնհայտ է, որ այս հարաբերություններում բանկերը թելադրողի դիրքում են»։
Մինչ տնտեսվարողներն իրավիճակից խելամիտ ելքեր են փնտրում, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն արդեն ուժի մեջ է. Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող՝ օրենքով սահմանված գործարքները պետք է արվեն անկանխիկ։ Սա առհասարակ տնտեսությանն անհրաժեշտ գործիք է, նվազեցնում է ստվերը, կոռուպցիան՝ նկատում է գործարար Սամսոն Պարսամյանը։ Միայն թե Հայաստանում սա, ընդհակառակը, ավելի մեծ խնդիրներ է ստեղծում.
«Մի քանի տարի առաջ ՊԵԿ–ը ստիպողաբար գործարարներին վաճառեց նոր սերնդի ՀԴՄ սարքեր, որոնք իբրև նորարարություն էին և պետք է ապահովեին անկանխիկի շրջանառության համար պոս սարքերի ակտիվացում։ Սակայն ժամանակն եկավ, օրենքն ընդունվեց և պարզվեց, որ այդ սարքերն անպիտան են, քանի որ չեն համապատասխանում բոլոր պահանջներին, չունեն անհպում վճարում։ 15 հազար տնտեսվարող գնել են այդ նոր սերնդի սև ՀԴՄ սարքերը, այսօր կանգնել են փաստի առաջ»։
Մինչ Կենտրոնական բանկը հայտնում է, որ Հայաստանի բանկերից երկուսը պատրաստ են շահառուների ունեցած ՀԴՄ սարքերով անկանխիկ վճարումներն ակտիվացնել, Գրիգորյանը պնդում է՝ սա ծուղակ է․ խոստացված նվազագույն սակագների փոխարեն տվյալ բանկերն ավելի բարձր տոկոս են պահանջում, ու անհասկանալի է՝ ինչու են հենց այս երկու բանկն ընտրել ու քաշքշուկ ստեղծել։
«Պարզվեց, որ կային էլի բանկեր, որոնք մեծ հաճույքով ցանկանում էին ակտիվացնել հին սարքերը, սակայն ԿԲ-ն մի քայլ առաջ անելով նրանց արգելեց այդ գործողությունները։ Այստեղ առաջացավ ևս մեկ խնդիր։ Տնտեսվարողները որոշակի բանկում բանկային հաշիվ ունեն, հիմա նրանք ստիպված են լինելու այլ բանկում բացել հաշիվ, անկանխիկ գործարքների գումարները այդ բանկից տեղափոխել իրենց հին բանկ և այդտեղից նոր կատարել իրենց հետագա գործողությունները»։
Պարզվում է նաև՝ ՀԴՄ սարքերի վրա պոս-տերմինալի ակտիվացումը ևս 50 հազարի ծախս է։ Դրա լիցենզիան վաճառում է մեկ ընկերություն, բանկերը գնում են այդ լիցենզիան, ակտիվացնում ՀԴՄ սարքը, ապա այդ գումարն ինչ-ինչ միջոցներով հետ են ստանում նույն տնտեսվարողներից՝ ասում է Սամսոն Գրիգորյանը.
«Տվյալ երկու բանկը, որոնց հատուկ պայմաններ է նվիրել ԿԲ–ն, ամիսը 4600 դրամով միայն սպասարկման վճար են պահանջում տնտեսվարողներից։ Այսինքն՝ եթե տնտեսվարողը գործարքներ քիչ կատարի, որը չի լրացնի միջնորդավճարով այդ 4600 դրամը, նա ստիպված է լինելու իր գրպանից վճարել այդ գումարը»։
Դժգոհություններին Կենտրոնական բանկում տեղյակ են։ Խոստանում են պարբերաբար վերլուծել բանկերի միջնորդավճարների չափերը և օպտիմալացնել դրանք։ Հավաստիացնում են՝ շրջանառությունն աճի, սակագները կնվազեցնեն։ Վերանայումներ գուցե լինեն, միայն թե դա օրենքն արդեն ուժի մեջ է, եւ այս ընթացքում որոշ տնտեսվարողներ դաշտից կմաղվեն, որոշները ստվերում կգործեն, որոշներն էլ գները կբարձրացնեն՝ տագնապում են դաշտում։ Փոփոխություններից կշահեն միայն բանկերը, որոնց գերշահույթները տնտեսագետները դեռ կանխատեսում են։




