
Արցախի հարցի վերջնական և համապարփակ կարգավորումը հեռավոր ապագայի խնդիր է, այս փուլում կարևորը իրավիճակի դե ֆակտո պահպանումն է՝ կարծում է Արցախի ԱԳ Դավիթ Բաբայանը։ Այս փուլում յուրաքանչյուրի գործը Արցախի ճակատագրով մտահոգվելն է, իսկ Արցախը փրկելու հնարավորություններ, ըստ Բաբայանի, կան։
Արցախցին կանգնելու է մինչև վերջ և թույլ չի տալու խախտել կարմիր գծերը՝ ասում է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Կարմիր գիծն այս պահին, ըստ Բաբայանի, կարգավիճակի հարցն է։ Արցախը չի կարող ու չի լինելու Ադրբեջանի կազմում՝ պնդում է արտգործնախարարը՝ նկատելով, որ ստեղծված իրավիճակում լուծումներն իսկապես բարդ են։ Արցախյան հակամարտությունն, ըստ Բաբայանի, աշխարհի ամենաբարդ հակամարտություններից մեկն է՝ նման պաղեստինա-իսրայելականին։ Ուստի շուտափույթ կարգավորում ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ։
«Մենք պետք է իրատես լինենք և հասկանանք, որ վերջնական ու համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է։ Հետևաբար՝ պետք է պահենք ու պահպանենք Արցախը։ Հնարավորություններ կան։ Հետևաբար, եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես դե ֆակտո անկախ ինքնիշխան երկիր, մինչև կհասկանանք, ինչ կլինի»։
Վերջերս Փաշինյանը խորհրդարանում էր բանաձևել, թե հայկական կողմն ինչպես է պատկերացնում ԼՂ հակամարտության լուծումը: Ըստ նրա՝ ցանկացած կարգավիճակ, որն կապահովի ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները, պիտի լուծում համարվի: Վարչապետի ձևակերպմամբ՝ պարտության զանգը 2020-ի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ 2016-ի ապրիլին, երբ հայկական կողմն անառիկ համարվող բարձունք ու տարածքներ կորցրեց:
Փաշինյանի խոսքով՝ ժառանգած բանակցային տրամաբանությամբ առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղը չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ՝ ներառյալ միջանկյալը: Մադրիդյան սկզբունքների հերթական բացահայտումներով Հայաստանի վարչապետը ներկայացնում է, թե ինչ է նշանակում տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման համադրումը։
«Մեր ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն՝ առանց Ադրբեջանի համաձայնության և հենց սրանում է եղել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման տրամաբանությունը: Սա է եղել ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշումը, ինչի մասին իրենք ինձ ասել են անձամբ, թե ԼՂ-ն հանրաքվե անելու համար պետք է ստանար Ադրբեջանի թույլտվությունը, այն էլ 1991 թվականի հանրաքվեն չեղյալ համարելու գնով»:
Հակամարտության համապարփակ կարգավորումն Արցախի ԱԳ նախարարը տեսնում է եռակողմ՝ Արցախ, Հայաստան ու Ադրբեջան ֆորմատով։ Ադրբեջանը նույնպես պետք է ստորագրի այդ փաստաթղթի տակ՝ ասում է նախարարը։ Այլ հարց է, որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան։
«Այս վիճակում մենք ամեն ինչ պետք է անենք։ Պահենք ու պահպանենք, փրկենք Արցախը։ Դե յուրե դա ժամանակի խնդիր է։ Բայց մենք մեզ երբևէ չենք տեսել ու չենք տեսնում մեզ Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությունները ևս չեն հայտարարել պաշտոնապես, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Կարծում եմ, որ չեն հայտարարելու, որովհետև դա մեզ համար լուծում չէ»։
Հայկական կողմը հակամարտության լուծումը տեսնում է Արցախին անկախության կարգավիճակ տալով, որին կտրականապես դեմ է Ադրբեջանը։ Կարգավիճակի մասին որևէ խոսակցություն այդ երկիրը պատերազմից հետո լսել չի ցանկանում՝ «Ռադիոլուրին» ասում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ Վերջինը նույնպես կարծում է, որ հակամարտության համապարփակ կարգավորումը պետք է տեղի ունենա Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջոցով։ Ռուսաստանի դերակատարությունն այս հարցում կարևոր է, սակայն ֆորմալ առումով այս պետությունը հակամարտության կողմ չէ։
«Դա է մեր ցանկությունը, որ եռակողմ ֆորմատով հասնենք պայմանագրի ստորագրմանը, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ այս փուլում իրատեսական չէ։ Դա ընդամենը ցանկություն է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի արդյունքները»։
Խոսելով Արցախի ներքին խնդիրների մասին՝ Դավիթ Բաբայանն առանձնացրեց տեղահանվածների հարցը։ Իշխանությունների գլխավոր խնդիրը նրանց բնակարաններով ապահովելն է։ Այս ուղղությամբ Արցախում լայնածավալ աշխատանքներ են ընթանում ՝ ասում է արտգործնախարարը։




