ԿարևորՀասարակություն

Որքանո՞վ է հավանական գազի ու հոսանքի սակագների նվազումը

Դոլարի նկատմամբ դրամի արժևորման ֆոնին որքանո՞վ է հավանական գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայումը։  Տնտեսագետները սակագների նվազման հեռանկար տեսնում են, կառավարությունում  նույնպես այդ հնարավորությունը չեն բացառում, բայց ավելի զգուշավոր են։ 

Աշնանն արդեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կսկսի էներգետիկ համակարգում սակագների վերանայման գործընթացը։ Հոսանքի սակագնի կառուցվածքում որոշակի ծախսեր կան, որոնք անմիջականորեն կապվում են փոխարժեքի փոփոխության հետ։  Օրինակ՝ կառավարության երաշխիքով վերցված վարկերի շրջանակում կատարվող ներդրումները, որոնց մարումներն իրականացվում է դոլարով կամ եվրոյով։ Հետևաբար՝ սակագնում ներառվող  ծախսերն անմիջականորեն կրում են  արտարժույթի փոխարժեքի տատանումների  ազդեցությունը։

Կես տարում դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է ավելի քան 13 տոկոսով, իսկ մեկ տարվա ընթացքում՝  շուրջ 20 տոկոսով։  Արժևորման պատճառները տարբեր են․ մասնագետներն առաջին հերթին նշում են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակն  ու երկու երկրներից  Հայաստան այցելուների մեծ ներհոսքը։ Այս միջակայքում փոխարժեքի կայունացման դեպքում հնարավոր է արդյո՞ք էլեկտրաէներգիայի և գազի սակագները վերանայվեն՝ օրերս խորհրդարանում այս հարցը բարձրացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նրան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց՝ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է։

«Չի բացառվում, որ սա արդեն երկարատև միտում է, և նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո, սա արժևորված փոխարժեք է։ Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»։

Էլեկտրաէներգետիկայի ոլորտում սակագների վերանայում արվում է տարին մեկ անգամ՝ տարեվերջին, իսկ սակագներն ուժի մեջ են մտնում հաջորդ տարվա փետրվարի 1-ից։ Սակագինը վերանայելիս հաշվի են առնվում բոլոր գործոնները,  նաև փոխարժեքը՝ ասում է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

«Այս տարվա ավարտին նույնպես գործոնային վերլուծություններ իրականացվելու են։ Գնահատվելու է նաև փոխարժեքի ազդեցությունը։ Ըստ այդմ կերևա՝ վերանայում կլինի՞, թե՞ չի լինի, քանի որ միայն փոխարժեքով ասել նվազեցում կլինի, ճիշտ չէ։  Իհարկե, փոխարժեքը կունենա դրական ազդեցություն սակագնի վրա, բայց այլ գործոններ էլ կան, որոնցից  մեկը կարող է բարձրացնող, մյուսը՝ նվազեցնող ազդեցություն ունենալ։ Այս ամբողջի հանրագումարն է պետք հասկանալ՝ որքան կկազմի վերջնական սպառողի սակագինը»։

Վերջնական  սակագնի վրա ազդող կարևոր գործոն է էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրության  հաշվեկշիռը։ Այն դիտարկվում է  որպես առանձին և  լուրջ  ազդեցություն  ունեցող գործոն։ Այս պահին Մեծամորի ատոմակայանը դեռ չի աշխատում։ Հոսանքի հիմնական մատակարարը Հրազդանի ՋԷԿ-ն է, որի արտադրած էլեկտրաէներգիան ամենաթանկն է։ ՀԾԿՀ-ն  2022-2023թթ․սակագնային տարվա համար այստեղից հունիսի առաքման համար  60․21 մլն կվտժամ հոսանք է պատվիրել, բայց  մայիսի վերջի դրությամբ արդեն  Հրազդանի ՋԷԿ-ը  առաքել է 263 մլն կվժամ էլեկտրաէներգիա՝ 4․4 անգամ ավելի շատ։ Իսկ հոսանքը ավելի է  առաքվել, քանի որ համակարգում վթարներ են եղել՝ պարզաբանում է «Հրազդան ՋԷԿ»-ի արտադրատեխնիկական բաժնի պետ Անահիտ Տիգրանյանը

«Հրազդանի ՋԷԿ-ի սակագինը 1 կվտ ժամի համար 33․46 դրամ է, մյուս ջերմային կայանների համեմատ այս ՋԷԿ-ի արտադրած հոսանքի սակագինը բարձր է, քանի որ նրանք գազատուրբինային կայաններ են, իսկ սա 1970-ականների շոգետուրբինային կայան է։ Հիմնականում սրանով է  պայմանավորված բարձր սակագինը»։

Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը դադարեց աշխատել 2021-ի փետրվարի սկզբին։ Ինչո՞ւ էին անիրատեսական դրա հետ կապվող հույսերն ու ներդրումային ծրագրերը,  ինչո՞ւ այն կանգնեց հսկա պարտքերի առաջ։ «Ռադիոլուր»-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից արձագանքեցին՝ «Հրազդան-5» կայանը, գործարկումից  ի վեր աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը հանգեցրել է գործունեության վնասաբերության և որպես հետևանք՝ շուրջ 100 մլն դոլար պարտք կուտակելուն։

Կառավարությունը ռուսական ընկերությանը պատկանող 5-րդ բլոկի վերականգնման և ընթացիկ պահպանման նպատակով որոշ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Տասը տարի շարունակ կառավարությունը տարեկան շուրջ  32 մլն դոլար պետք է վճարի «Գազպրոմ Արմենիա»-ին՝ որպես էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Սա թույլ կտա  վերագործարկել  էներգաբլոկը և հաստատուն պահել Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 165 դոլար հազար խմ-ի համար։ Գազի գինը սահմանին անփոփոխ մնաց, բայց արդեն ապրիլից սպառողների համար թանկացավ 5 դրամով․կալորիականության ճշգրտում է՝ պարզաբանեցին ՀԾԿՀ-ում։ Կառույցում այժմ էլ նկատում են՝ գազամատակարաման համակարգում  ազդեցություններն ավելի քիչ են։ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյան

«Գազամատակարարման համակարգում գործոնային ազդեցության վերանայման արդյունքում սակագինը կարող է վերանայվել կամ չվերանայվել։ Դրա համար կարող է մի տարի վերանայում լինել, մի տարի՝ չլինել։ Բայց ազդող գործոնները պարտադիր ու միշտ դիտարկում են, դրանց ազդեցությունը պարբերաբար գնահատվում է»։

Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը նկատում է՝  սեպտեմբերից վերանայման գործընթացը կսկսվի։ Ընդգծում է՝ եթե փոխարժեքը մնա այս միջակայքում և  կայունանա, ապա վերանայումները հօգուտ սպառողի են լինելու։ 

«Եթե դիտարկենք գազը, ապա գազի սպառման մեծությունը ոչ թե դրամական մեծությամբ սահմանված սակագին է, այլ բանաձևով սահմանված սակագին է՝ կախված դոլարի փոխարժեքից։ Էլեկտրաէներգիայի սակագինը պայմանավորված է փոխարժեքով, բայց դրա կողքին կան նաև այլ գործոններ, որոնք կարող են ազդել սակագնի վրա։ Եթե փոխարժեքն այսպես մնա, ապա դրական նվազեցնող ազդեցություն կլինի։ Բայց նաև ազդող այլ գործոնները պետք է հաշվի առնել»

ՀԾԿՀ ներկայացուցիչը հիշում է՝ նախկինում էլ սակագների նվազումներ եղել են՝ 2016 թվականին նվազել էր և գազի, և էլեկտրաէներգիայի սակագինը։ 2019-ին՝ սակագները նվազել են արդեն սոցիալապես անապահովների համար։ Թե որքան կվճարի սպառողը սպառած հոսանքի համար, պարզ կլինի տարեվերջին, գազի դեպքում՝ հաջորդ գարնանը։

Կարդացեք նաև

Back to top button