
Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն առայժմ չի տեսնում․ առաջարկվում է ոռոգման նպատակով լճից բաց թողնել մինչև 170 միլիոն խմ ջուր։ Սա օրենքով թույլատրելի առավելագույն սահմանաչափն է։ Բացի ոռոգման նպատակից՝ Սևանի ջրով նաև Սևան Հրազդան կասկադում 561 մեգավատ հոսանք են ստանում։ Հավելյալ ջրառի դեպքում հավելյալ հոսանք է արտադրվում։ Նախորդ տարի հավելյալ ջրառից ստացված հոսանքի համար պետական բյուջե է վճարվել 211 մլն դրամ։
Ինչպե՞ս է Սևանա լճից բաց թողնվում ջուրը, արդյո՞ք միայն ոռոգման նպատակով է օգտագործվում և արդյո՞ք ջրի հոսքի հետ լճից չի հեռանում նաև մանրաձուկը։ Սևան ՀԷԿ-ի պետ Էռնեստ Օհանջանյանը վստահեցնում է՝ 1980 թվականից գործող ձկնապաշտպան կառույցն ունի հիմնական մեկ նպատակ՝ թույլ չտալ, որ մանրաձուկը դուրս գա լճից.
«Մանրաձկները հիմնականում վերևի շերտում են, ու վերևի շերտի մանրաձուկը չի կարող ներքև իջնել ու անցքերից դուրս գալ։ Լճի վերևի շերտի ջուրը՝ մանրաձկան հետ, մենք նորից հետ ենք մղում դեպի Սևան»։

Ջրի տակ կառուցված 4 մետր բարձրությամբ ու 6 մետր լայնությամբ 3 թունելներում երկու կողմից պատուհաններ կան։ Սևանից ջուրը մտնում է թունել, խորքից պատուհաններով դուրս է գալիս։ Երբ տարիներ առաջ Սևանա լճի մակարդակը բարձրացավ, պաշտպանիչ շերտի բարձրությունն էլ ավելացվեց։ Լճից ջուրը կարող է վայրկյանում 65 խորանարդ մետր արագությամբ դուրս գալ։ Մինչև ջրառի սկիզբը թունելից ջրի ելքը փակ է։
Ջրառի ժամանակ էլ հենց այնպես ջուր բաց չի թողնվում։ Հատուկ կապարակնիքը բացվում է հատուկ որոշումից հետո․ երբ ներքևում ծանրաքարշ մեխանիզմը սկսում է աշխատել, վերևում կնիքն ավտոմատ պոկվում է։ Սևան ՀԷԿ–ի փականագործ Սամվել Աբրահամյանը գիտի բոլոր մանրամասները․

«Սա ջրընդունիչ կայանն է,այն ձմեռը փակում ենք։ Կապարակնքում ենք, երբ ջրառի թույլտվությունը գալիս է, բոլորը ներկա են լինում, նոր կնիքը պոկվում է։ Պատկան մարմինների՝ ջրային կոմիտեի, Սևան ազգային պարկի ներկայությունը պարտադիր է։ Նրանք պետք է նայեն ու հավաստիանան, որ կնիքը տեղն է, ստորագրեն, հետո միայն այն կպոկվի։ Առանց սրա Սևանա լճից ոչ մի գրամ ջուր բաց չի թողնվի։ Եթե կնիքը չեղավ, այստեղ ինչքան մարդ կա, բոլորը կդատվեն»։
Ոռոգման նպատակով բաց թողնվող ջրից Սևան ՀԷԿ-ում հոսանք են ստանում։ Այստեղ հասնելը հեշտ չէ՝ պետք է 324 աստիճան իջնել կամ օգտվել վերելակից՝ 100 մետր ներքև գնալով։ Արդեն գետնի տակ ամեն ինչ խորհրդային տարիներն է հիշեցնում ՝ հեռախոսից մինչև վարպետների ձեռքով պատրաստված իրեր։ Խորհրդային տարիներին կառուցված ՀԷԿ-ում շինարարներն առաստաղի վրա պատուհան են թողել, որի միջոցով էլ, ըստ անհրաժեշտության, երկաթե դետալները կռունկի օգնությամբ իջեցվում կամ վերև են բարձրացվում։

Ջրառի նպատակով բաց թողնվող ջուրը թունելով հոսում է դեպի Հրազդան ՀԷԿ, ապա՝ հասնում Արգել ՀԷԿ։ Այն Հայաստանի ամենախոշոր ՀԷԿ–ն-ն է՝ 220 մեգավատ դրվածքային հզորությամբ։ Ի տարբերություն Սևան ՀԷԿ-ի՝ Արգելում հոսանք արտադրում են նաև, երբ դեռ ջրառ չի կատարվում։ Խողովակներով սարերից այստեղ ջուրը բերում են Աղբյուրակի ջրամբարից։ Արգել ՀԷԿ-ի պետ Արթուր Ստեփանյան.
«Կասկադ է համարվում, քանի որ հերթականությամբ է գալիս։ Սկզբում Սևան ՀԷԿ–ն է , հետո՝ Հրազդան ՀԷԿ–ը, հետո՝ Արգել ՀԷԿ ու այդպես շարունակաբար մինչև Երևան ՀԷԿ 3։ Բոլոր կայաններն այդ նույն ջուրը օգտագործում են։ Մարամրիկ գետի ջուրը Հրազդանում ջրամբարի մեջ է լցվում ու երբ Սևանից ջուր բաց չի թողնվում, դրանով ենք աշխատում»։
Երևան ՀԷԿ–ում արտադրվող հոսանքը մատակարարվում է խորհրդարանին ու մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մի շարք այլ հաստատությունների։ Սևանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրից հոսանք արտադրող ՀԷԿ–երը պատկանում են միջազգային էներգետիկ կորպորոցիային։ Եթե Սևանա լճից ոռոգման նպատակով նախատեսվածից ավելի շատ ջուր է բաց թողնվում, ապա արտադրվող հոսանքի գումարը փոխանցվում է բյուջե՝ ասում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության գլխավոր տնօրեն Արտաշես Կիրակոսյանը։

Սևանից ջրառի՝ օրենքով թույլատրելի սահմանաչափը 170 միլիոն խորանարդ մետր է.
«Երբ 170 մլն խորանարդ մետրը սպառվում է, դրանից ավել սպառելու դեպքում դրանից ավել սպառած ջրից արտադրված հոսանքի գումարը փոխանցում ենք պետական բյուջե։ Անցյալ տարվա համար այս տարի պետք է վճարենք 211 մլն դրամ»։
2021–ին Սևանից ոռոգման նպատակով հավելյալ 75 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվել։




