ԿարևորՀասարակություն

Հերթական մոդելի փնտրտուքը․ ի՞նչ փուլում են սահմանադրական բարեփոխումները

Այսօր կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի հերթական համատեղ նիստը, սակայն, ինչպես նախորդ նիստերին, այս անգամ էլ քննարկումները բովանդակային հարցերին չեն հասել։ Դրանք կանգ են առել այն հարցերի վրա, թե ինչպես շարունակել հետագա աշխատանքները։ Այդուհանդերձ, աշխատանքային պլանն ընդունվել է։ Ըստ այդմ՝ հունիսի 1-ից հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային պայմանագրեր կկնքվեն, և սահմանադրական բարեփոխումների գործընթացը կմտնի բովանդակային փուլ:

6 կողմ, 1 դեմ՝ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և հանձնաժողովը հաստատում են նախագիծը, որով պետք է աշխատեն սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ։ Ըստ այդմ՝ մինչև սեպտեմբերի 10-ը կներկայացվեն բարեփոխումների վերլուծությունները, իսկ նոր հնարավոր փոփոխությունների համար արդեն որոշվել են պատասխանատու անդամները։ Հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյան․

«Մենք խորհրդում ձեր դատին կներկայացնենք մեր հաստատած վերլուծության նախագծերը և , բնականաբար, այնտեղ արդեն ակտիվ երկրորդ փուլը կընթանա, և մենք կստանանք դիտողություններ, առաջարկներ։ Հիմնվելով դրանց վրա՝ կվերամշակենք մեր վերլուծությունը։ Ձեր կողմից հաստատելուց հետո հայեցակարգի առաջին նախագիծը կունենանք»։

Բարեփոխումներին պետք է նախորդեն մասնագիտական քննարկումներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ՀԿ-ների, ակադեմիական հանրության, օրենսդիր, դատական իշխանության և ՏԻՄ-երի հետ։ Խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան․

«Մի քանի ամսվա ընթացքում կունենանք ոչ միայն ձևավորված հետաքրքիր բովանդակություն, որը հիմք կդառնա սահմանադրական բարեփոխումների համար, այլև այդ գործընթացին քաղաքացիների, մասնագետների քաղաքական ուժերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը»։

Սակայն սահմանադրական նոր հնարավոր փոփոխություններին խորհրդարանական ընդդիմության մասնակցությունը կասկածելի է, քանի որ բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի ձեւավորման փուլում նրանք բոյկոտել են այդ աշխատանքները։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները ցանկություն չէին հայտնել մասնակցելու բարեփոխումներին՝  առկա մարտահրավերների պայմաններում սա բնորոշելով որպես շեղող օրակարգ, որն ըստ այդ թեւի ձեւակերպման, ծառայելու է իշխանության վերարտադրությանը։ Բայց գործընթացի մասնակիցներն էլ տարաձայնություններ ունեն տեխնիկական և բովանդակային հարցերի շուրջ։ Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ հանրային քննարկումներից առաջ հանձնաժողովը նախ ինքը պետք է փոփոխությունների իր տարբերակն ու մոտեցումն ունենա։ 

«Այսինքն, կա ռիսկ, որ հանրության տարբեր շերտերի կողմից այդ քննարկումները կընկալվեն անլուրջ, որովհետեւ դրանք լինելու են քննարկումներ, մոտավորապես հետեւյալի մասին. գնալու են խորհրդի և հանձնաժողովի անդամները և ասեն՝ մենք ոչ մի կարծիք չունենք, բայց դուք ասեք՝ ի՞նչ արժե փոխել Սահմանադրության մեջ»:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հստակեցնում է՝ անհամաձայնություն կար, բայց էլ չկա, օգնել են միջազգային գործընկերները։

«Խոսքը վերաբերում է մեկ կոնկրետ հարցի, այն է՝ հանրային քննարկումների գնալ նախնական պատկերացումներով, հետո՞ դրանք ամբողջականացնել խորհրդի վերջնական քննարկումներում, թե՞ գնալ, փորձել հասկանալ հանրային պատկերացումները, հետո, դրանց հիման վրա, ներառելով նաեւ մասնագիտական մոտեցումները, կազմել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, այն դնել հանրային քննարկման: Միջազգային գործընկերները երկրորդ տարբերակն են առաջարկել»։

Ամեն դեպքում՝ մինչ սահմանադրության մեջ բովանդակային փոփոխությունների հարցին հասնելը՝ դեռ դրանով զբաղվող հանձնաժողովը պետք է հասնի իր աշխատանքի բովանդակային մասին։ Բայց հերթական նիստում էլ չհասավ։ Չհաջողվեց քննարկել նաեւ բարեփոխումների հանձնաժողովի կառավարման ձեւը։ Ի՞նչն է արդեն հստակ․ հունիսի 1-ից հանձնաժողովի անդամների հետ կկնքվեն աշխատանքային պայմանագրեր, եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը կմտնի բովանդակային փուլ: Հանձնաժողովը պետք է հասցնի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը  հաստատել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացնել վարչապետին։

ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության փոփոխություններ կատարվել են 2005-ի նոյեմբերի 27-ին և 2015 -ի դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեներով։ Ազգային ժողովի կողմից 2020թ. հունիսի 22-ին ևս Սահմանադրությունում փոփոխություններ են իրականացվել: Փաստացի, Հայաստանը փորձարկել է կառավարման բոլոր մոդելները եւ դեռ իրեն ամենահամապատասխան մոդելի փնտրտուքի մեջ է։

Կարդացեք նաև

Back to top button