
Մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22․35-ին, ԱՄՆ Գանավելել հրվանդանում գնտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը, ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի եւ իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»,-նշել է վարչապետը։
«Տեղի ունեցածի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Սրանով ՀՀ թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն՝ նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը»,- ասել է Փաշինյանը։
Նա հայտնել է, որ մինչև 2023 թ-ի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործական թիմ։
Փաշինյանի խոսքով՝ արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության՝ ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։







