
Արմավիրի մարզում կառուցվում և հիմնանորոգվում են տասնյակ նախակրթարաններ, կառուցվողների թվում նաեւ՝ մոդուլային մսուր-մանկապարտեզներ: Գյուղերի մեծ մասում նախադպրոցական կրթօջախները դադարել են գործել դեռ 1990-ականներից կամ տեղակայվել են համայնքապետարանների ու դպրոցների շենքերում՝ անհարմար պայմաններում: Կառավարության ծրագրով մինչև 2026 թ. երեխաների համար լավ պայմաններ պետք է ստեղծվեն 500 դպրոցում և 300 մանկապարտեզում: Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելուց հետո բացվել է Ջանֆիդայի մանկապարտեզը։
Ջանֆիդայի՝ Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզը 2 տարվա դադարից հետո կրկին բացվում է։ 1969թ-ին կառուցված շենքի պայմանները նախկինում բավարար չէին և դժվարությամբ էին հարմարեցվել երեխաների կարիքներին:

Բավական Չալիկյանը 40 տարի անընդմեջ զբաղվում է երեխաների նախադպրոցական կրթությամբ: Քանի դեռ մանկապարտեզը հիմնանորոգվում էր, երկու տարի չի աշխատել, հիմա սիրով սպասում է սաներին.

«Շատ դժվարություններ ենք ունեցել, այն ժամանակ մի կերպ բավարարվել ենք եղած պայմաններով, ամեն ինչ հարմարեցնում էինք, սանհանգույցները դրսում էին, շատ դժվարություններ ենք հաղթահարել »:
Դժվարություններն անցյալում են, երեխաներն էլ անհամբեր են մտնել գույների հեքիաթային աշխարհ։ Ջանֆիդայի մանկապարտեզահասակ երեխաներից շատերը հաճախել են հարևան գյուղերի մանկապարտեզներ: Զրուցակիցներս ծնողներ են.

«Նորապատի մանկապարտեզ ենք տարել, բայց հիմա կբերենք արդեն այստեղ: Շատ դժվար էր տանել-բերելը, մենք էլ աշխատում ենք, մի կերպ հասցնում»:
«Աղջիկս շուտով 5 տարեկան կդառնա, 8 ամիս Ալաշկերտի մանկապարտեզ է հաճախել»

«Ես սպասել եմ, մինչև մեր մանկապարտեզը բացվեր, եթե չբացեին՝ ուրիշ գյուղերի մանկապարտեզ կտանեինք՝ Փշատավան, Նալբանդյան, ոնց որ մյուս ծնողներն են տարել»:
Ջանֆիդայի մանկապարտեզը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով՝ շուրջ 92 մլն դրամով, որի 65 տոկոսը՝ պետբյուջեից, ողջ գույքն ու սպասքը՝ բարերարներից։ Շենքում բոլոր պայմաննեը կան, ջեռուցում՝ դեռ ոչ։ Տնօրեն Ալլա Մարգարյանի խոսքով՝ 3 խումբ է գործում, ամեն մեկում՝ 40 երեխա.

«Հիմա մենք ընդունել ենք 120 երեխայի, իսկ 37-ին չենք կարող ընդունել, քանի որ տեղ չունենք: Ամենակարևոր խնդիրը ջեռուցման հարցի կարգավորումն է, որպեսզի ձմռանն աշխատենք»:
Մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի 2-րդ հարկը չի վերանորոգվել, նորոգվելու դեպքում կավելանային խմբերը ու այդքան չէին ծանրաբեռնվի: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան.

«Ծրագիրն իրականացնելիս գնահատվել է համայնքի կարիքը. քանի՞ երեխա ունենք, և ի՞նչ տարածք է անհրաժեշտ, որպեսզի մանկապարտեզը գործի»:
Արմավիրի մարզի մի շարք համայնքներ այսօր մանկապարտեզ չունեն, որոշ գյուղերում դրանք համայնքապետարաններում կամ դպրոցներում են տեղավորվել, խնդիրների պատճառով որոշներն էլ չեն գործում արդեն տասնամյակներ։ Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշում է՝ կրթօջախների մասով կառավարության համաֆինանսավորումն ավելացել է, սա նոր նախակրթարաններ ունենալու կամ եղածների վերանորոգման հույս է տալիս։

«Կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2026թ ունենալ 500 դպրոց ու 300 մանկապարտեզ: Եվ այդ տրամաբանության շրջանակում պետությունն ավելացրել է համաֆինանսավորման իր չափաբաժինը՝ 70 տոկոս, իսկ սահմանամերձ համայնքներում նախատեսված է 80 տոկոս»:
Մարզում նախակրթարանների խնդիրները փորձում են լուծել, իսկ զուգահեռ տասնյակ համայնքներում կառուցվում են նոր մանկապարտեզներ, այդ թվում՝ մոդուլային տիպի մսուրներ։ 2022թ սուբվենցիոն ծրագրին 7 նախակրթական հաստատությունների վերանորոգման հայտ է ներկայացվել։




