
2021–ին հայաստանյան բանկերում վարկային ներդրումները շուրջ 214 մլրդ դրամով կամ 5%-ով նվազել են։ Վարկերի կառուցվածքում 45 տոկոսը տրամադրվել է տնտեսությանը,43 տոկոսը՝ ֆիզիկական անձանց։ Ընդհանուր վարկերի կառուցվածքում վարկատեսակներից ավելացել են երեքի վարկավորման ծավալները։ Վիճակագրական տվյալները փաստում են՝ դրամով արտահայտված վարկերի ծավալը նորից գերազանցում է արտարժույթով վարկերի ծավալին: Դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 56%, արտարժույթով վարկերինը՝ 44%: Մասնագետներն ասում են, որ այս ցուցանիշը վկայում է, որ դրամի նկատմամբ վստահությունն աճել է։
Գյուղատնտեսական, շինարարական ու հիպոթեքային վարկերն ավելացել են, մյուս ճյուղերի ու մասնավորապես սպառողական վարկավորումը՝ նվազել։ Տնտեսությունը դանդաղ, սակայն, վերականգվում է։ Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը կարծում է, որ 2021–ին բանկային գործունեության արդյունքում մեղմվել են տնտեսության որոշ խնդիրներ.

«Վարկային ներդրումները 5․1 տոկոսով կամ 214 մլրդ դրամով նվազել են։ Նվազման պատճառները կանխատեսելի էին՝ կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով վարկունակ պահանջարկի նվազում պետք էր ակնկալել։ Նկատելի է, որ երկրում ակտիվ շինարարություն է ընթանում։ Ոլորտում կատարված վարկավորումը ավելացել է 17․1 տոկոսով, արդյունքում, որպես ուղեկցող ճյուղ, 36․1 տոկոսով ավելացել են նաև հիպոթեքային վարկերը։ Վերջինները մեր վարկային պորտֆելի 18․3 տոկոսն են կազմում։ Շուրջ 30 տոկոսով աճ է գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի մասով։ Մյուս ճյուղերում վարկավորումը նվազել է»։
Հիպոթեքային վարկերի ծավալի ավելացման պայմանական մեղավորը, ըստ տնտեսագետ Համլետ Մկրտչյանի, եկամտային հարկի վերադարձի իրավական ռեժիմն է։ Բայց, այստեղ էլ խնդիրներ կան՝ բացատրում է մասնագետը։ Շինարարության ավարտից հետո վարկերի տոկոսների վերադարձը լուրջ բեռ է դառնում բյուջեի համար, քանի որ հարկեր էլ չեն վճարվում։ Բացի դա․ «Գործող կարգավորումներով այս իրավական ռեժիմը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք բնակարանային ու սոցիալական խնդիրներ չունեն։ Ուստի, հիպոթեքային վարկի տոկոսների վերադարձի կարգի փոփոխությունը պետք չէ դիտարկել որպես բացասական քայլ»։
Ընդհանուր վարկային պորտֆելում սպառողական վարկերի ծավալը 23 տոկոս է, 2020–ի համեմատ մոտ 11 տոկոսով նվազել է։ Սա Բանկերի միության գործադիր տնօրենը պայմանավորում է նախ վարկունակ պահանջարկի նվազմամբ, ապա նաև կարգավորումների խստացմամբ։ Արդյո ՞ք բնակչության սոցիալական վիճակի վատթարացումն է վարկունակության նվազման պատճառը՝ տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է․
«Միանշանակ ասել, որ բնակչության վարկունակությունը նվազել է այս համատեքստում, հնարավոր չէ։ Սա մի քանի բաղադրիչներից է կազմված, քանի որ աշխարհում գնաճի միտումներ կան, և դրանք իրենց հերթին ազդում են փողի գնողունակության ու ապրանքների թանկացման վրա»։
Տնտեսությանը տրամադրած վարկերը վարկային պորտֆելի 45 տոկոսն են կազմում։ Դրանից 14 տոկոսը արդյունաբերությանը տրվող վարկերն են, 13․5 տոկոսը՝ առտրի, 8 տոկոսը՝ սպասարկման, 3․5 տոկոսը տրվել են տրանսպորտի ոլորտին։ Հատկանշական է, որ շինարարությունից բացի, մյուս ոլորտներին տրամադրվող վարկերի ծավալը նվազել է։ Մոտ 20 տոկոսով նվազել են արդյունաբերության, 10 տոկոսով՝ առևտրի, ավելի քան 7 տոկոսով էլ սպասարկման ոլորտին տրամադրվող վարկերը։
Դրամով արտահայտված վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը 56% է, արտարժույթով վարկերինը՝ 44%: Մասնագետներն ասում են, որ այս ցուցանիշը վկայում է, որ դրամի նկատմամբ վստահությունն ամրապնդվում է։
Մեկ տարվա ընթացքում ԿԲ–ն վեց անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը կարևորում է այս ցուցանիշը։ Ասում է, որ այն նաև վարկավորման ակտիվությունն է ուղղորդում։ Գիտի՝ պատճառը նաև գնաճը զսպելուն է ուղղված, բայց թե որքանով այն կազդի վարկերի տոկոսադրույքների վրա, դժվարանում է ասել․
«Վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իմ գնահատականով, ազդում է միջնաժամկետ հատվածում։ Այսինքն, երբ բարձրացնում են, հաջորդ օրվանից չի ազդում։ Սա, բնականաբար, իր ազդեցությունն ունենում է։ Մենք տեսնում ենք նաև ազդեցությունը վարկավորման ակտիվության վրա։ Սրանով կարգավորվում է դրամային ներհոսքը և փորձ է արվում գնաճի կարգավորման խնդիր լուծել»։
Չաշխատող վարկերը 2021–ին մոտ 6 տոկոս են կազմել։ 2021–ին բանկային համակարգի միջոցով արտասահմանից փոխանցումների ծավալը 2020թ-ի համեմատ ավելացել է շուրջ 268 մլն դոլարով կամ 14.6%-ով: Հիմնական երկրները շարունակում են մնալ ՌԴ–ն ու ԱՄՆ–ն։




