
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն: Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ:
Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ի (ծնված 1983 թ.)՝ տրակտորով հերկ կատարելու ժամանակ հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:
Բաժնի պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել շրջբաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները:
Նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար:




