
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը՝ «Արմենպրես»-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ Հունանյանն ընդգծել է նաև, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։
«Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի»,- ասել է Հունանյանը՝ պատասխանելով հարցին թե որոնք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ:
Անդրադառնալով այն կարիծներին, թե համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն ասել է․
«Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում»:
«Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը», – նշել է Հունանյանը։
Խոսնակը նաև հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։
«Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը»,- ասել է Հունանյանը։




