ԿարևորՀասարակություն

Ընդդիմադիրների պնդումներն անհիմն են․Գիլոյանը՝ համայքների խոշորացման թեմայով լսումներ չիրականացնելու մասին

Մինչև տարեվերջ Հայաստանում կունենանք 78 համայնք, որոնցից 71-ը միավորված են, 6-ը փոքրամասնություններով ապրող համայնքներ են և Երևան քաղաքը: Այսօր խոշորացումից դժգոհում են հիմնականում մեծ համայնքները, քանի որ ֆինաննսներն ուղղվում են փոքր  խնդիրներ ունեցող բնակավայրերին։ Իսկ մինչ միավորումը՝ մտավախություն ունեին փոքր համայքները, որ իրենց բնակավայրերը կանտեսնվեն։

Ընդդիմադիրների պնդումները, որ 441 համայքում տեղի չեն ունեցել համայնքների խոշորացման թեմայով լսումներ, տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն անհիմն  է համարում։ Նա ասում է, որ ինքն անձամբ քննարկումներ է անցկացրել գրեթե բոլոր խոշորացման ենթակա համայքներում։

«Անձամբ ես եղել եմ 200-ից ավել համայքներում, լսել ենք կարծիքները, տեսակետները ու կազմել ենք եզրակացությունը»։

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով համայնքների խոշորացմանը վերաբերող օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը:

Ըստ դիմումի` կառավարությունը  խախտել է  441 համայնքների լսված լինելու իրավունքը։ «Հայաստան» խմբակցությունը, հաշվի առնելով հարցի հրատապությունը, Սահմանադրական դատարանին նաև միջնորդություն է ներկայացրել՝ այս օրենսդրական փաթեթի գործողությունը անհապաղ կասեցնելու վերաբերյալ:

Գիլոյանը մեկնաբանում է նաև նախարար Գնել Սանոսյանի այն խոսքը, թե համայքները խոշորացնելով՝ վերականգնելու են նախկին՝ Խորհրդային Հայաստանի շրջանները․

«Որ ասում են  նախկին շրջանների վերականգնում, դա պարզապես ինքը տերմին է, որ օգտագործում ենք։  Եթե խոսքը Շուռնուխի ու Որոտանի մասին է, ուրեմն, այս երկուսն էլ Գորիս համայքնի մեջ  են, Դավիթ Բեկը Կապան համանքնի մեջ է, դրանք վարչատարածքային օրենքով ամրագրված  մեր  բնակավայրերն են։ Կամ Տիգրանաշենը՝ Պարույր Սևակ համայնքի բնակավայերից է, ոչ թե  համայնք է»։

25 տարի գյուղապետ աշխատած «Ակունք» համայնքի  ղեկավար Հունան Ռուբենյանը ասում է, որ համայքների խոշորացումը ունի դրական ու բացասական կողմեր։ Դրականն այն է, որ մեծ համայքների շնորհիվ փոքր համայքներում շատ ծրագրեր են իրականացվում, բացասականը,  որ  խոշոր բնակավայրերը արդյուքնում տուժում են։ Ակունք  համայնքը  միավորել 7 գյուղեր։

Այն խոշորացվել է 2017 թվականին:  Համայնքի ղեկավարի  տվյալներով, նախքան խոշորացումը բարձրլեռնային գյուղ համարվող Հատիսի տարեկան բյուջեն ընդամենը 7 միլիոն դրամ էր Զովաշենի եւ Սևաբերդինը՝ 3,5  միլիոն դրամ: Միավորվելուց   հետո Ակունքի ընդհանուր բյուջեն 2020  թվականին կազմել է 541 միլիոն դրամ, 2021 թվականին՝ 610 միլիոն դրամ։ Բյուջեի մուտքերն ավելացել են գույքահարկի հաշվին, որը մինչ այդ թերակատարվել է, քանի որ համայնքներում բազմաթիվ գույքեր գրանցված չեն եղել:

 Համայքապետը թվարկում է խոշորացումից հետո արվածը․ «Երկուսուկես տարվա ընթացքում միայն Սեւաբերդ գյուղում 140 միլիոն դրամի աշխատանք կատարվել։  Գյուղը գազաֆիկացրել են, գազի ներհամայնքային ցանց են անցկացրել, կարգավորիչ ջրամբար են կառուցել, ամբողջությամբ փոխել են ջրագծերի համակարգը: 17 միլիոն դրամի էլ նախագիծ ունեն, որ ջրագծերը հասցնեն բնակիչների բնակարաններ»:

Կոտայքի մարզի Բյուրեղավանին են միացել Ջրաբեր ու Նուռնուս համայնքները: Բյուրեղավանն  ունի 12 հազար 945 բնակիչ: Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն ասում է՝ համայնքների խոշորացումը ճիշտ գաղափար է, բայց կառավարությունը պետք է տնտեսական, ֆինանսական բազաներն ամրապնդի՝ նոր միայն գնա այդ քայլին, որպեսզի համայնքից տարիներ չպահանջվեն ոտքի կանգնելու համար:

«Մենք համայքները   խոշորացնում ենք, այդ ամբողջ բեռը կենտրոնացնում ենք մի տեղ, իսկ որտեղ կենտրոնացրել ենք, այնտեղ ո՛չ այդքան տնտեսական  ռեսուրս կա, ո՛չ էլ կադրային։ Մենք բերում ենք, խնդիրները կուտակում ենք մի տեղ՝ նախօրոք չապահովելով,  հետո  սկսում ենք այդ խնդիրները  պրոցեսում լուծել»։

Օրինակ, Բալասյանը գտնում է, որ նոտարի, կադաստրի ծառայություններն էլ պետք է մոտեցվեն համայնքում, քանի որ երկար տարիներ գյուղացիները հողի, գույքի չճշտված հարցեր ունեն, որոնք լուծելու համար պետք է հասնեն շրջկենտրոններ: Օրինակ, 20-30 տարվա թղթերը վերցնում՝ գալիս են, ասում՝ ես հողի վկայական չեմ ստացել:

«Մենք լուրջ մասնագետների կարիք ունենք, քանի որ աշխատավարձերը բավականին ցածր են»։

Երկու համայնքապետերն էլ համակարծիք էին, որ որոշ արտոնություններ պետք է  տրվեն խոշորացված համայնքներին։

«Կամ մահվան վկայականը, «զագսի» գրանցումները, ծննդյան վկայականը կարող է և   համայնքը տալ, ինչպես նախկինում»:

Համայնքների խոշորացմանը դեմ է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը։ Խոշորացումն արդյունավետ է փոքր համայնքների դեպքում, բայց ոչ 5800 տնտեսություն ունեցող Ազատանի։ Մեծ համայնքին միացող 5՝ Բենիամին, Բայանդուր, Գետք, Ղարիբջանյան, Երազգավորս համայնքները լրջագույն խնդիրներ ունեն, իսկ հատկացվող գումարները բավարար չեն այդ հարցերը կարգավորելու համար: Նաև կառավարման խնդիր է առաջանալու՝ «Ռադիոլուր»-ին ասում է համայնքապետը։  

«Խոշորացումից առաջ բոլոր քննարկումների ժամանակ առաջարկվել է, որ ապակենտրոնացում տեղի ունենա։ Կադաստր, զագս և նման գործառույթները պետք է բերեն համայնքներ, որպեսզի յուրաքանչյուր խոշորացված համայնք ունենա այդ ծառայությունները»։

Մինչև տարվա վերջ Հայաստանում կունենանք 78 համայնք, որոնցից 71-ը միավորված են, 6-ում ապրում են ազգային փոքրամասնությունները, ևս մեկ համայնք է Երևանն առանձին։

Կարդացեք նաև

Back to top button