
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ըստ Հայաստանի կառավարության և Կրեմլի հաղորդագրությունների՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տնտեսական կապերի վերականգնման քայլերին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն այս տարի հանդիպել են արդեն երեք անգամ, ավելի քան 10 անգամ էլ հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը հուլիսի 7-ին էր՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:
Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպման առանցքում, ենթադրվում է, լինելու է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված իրադրությունը։ Ռուսական կողմն ընդգծում է սահմանազատման ու սահմանագծման կարևորությունը և պարբերաբար խոսում գործընթացը չհետաձգելու մասին։ Հայկական կողմը շեշտադրում է նախորդ տարվա նոյեմբերի 9-ի ու այս տարվա հունվարի 11-ի հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների իրականացումը։
Զուգահեռաբար լարվում են իրանա-ադրբեջանական հարաբերությունները․ փորձագետների գնահատմամբ՝ կարմիր գիծ է հատվել, ինչը կարող է անգամ ռազմական բախումների առիթ դառնալ։ Շարունակում է չլուծված մնալ Սյունիքի ճանապարհի հարցը։ Ստացվում է, որ Պուտին–Փաշինյան սպասվող հանդիպման շրջանակներում քննարկվելիք թեմաները շատ ավելի ընդգրկուն կարող են լինել։ Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը մատնանշում է հայկական օրակարգի հիմնական կետերը՝ գերիների փաթեթային վերադարձ, Ադրբեջանի ԶՈՒ-ի դուրս բերում, ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի սահմանային հատվածներից։ Ճանապարհների հարցում մոտեցումը ևս հստակ է․
«Կոմունիկացիաների հարցում, պետք է բացառել որևէ տարածքի, հատվածի անցում Ադրբեջանի վերահսկողության տակ։ ՀՀ տարածքով անցնող ճանապարհների հսկողությունը պետք է իրականացնի Հայաստանը կամ ՀՀ-ն ՌԴ-ի հետ միասին։
«Եթե հայկական կողմից ճանապարհների բացում է ենթադրվում, ապա ի՞նչ է ակնկալվում ադրբեջանական կողմից»,-հարցնում է քաղաքական գործիչն ու հուշում՝ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ պետք է հստակ բարձրացնել նաև այս հարցը։ Քաղաքական գործչի համոզմամբ՝ այս հանդիպումն առավել կարևորվում է նրանով, որ հող է նախապատրաստում Փաշինյան-Ալիև հանդիպման համար, որի ընթացքում էլ հնարավոր է որևէ փաստաթուղթ դրվի սեղանին։
«Վաղվա հանդիպումը վերջին շտրիխն է Փաշինյան-Ալիեւ հանդիպման համար, սեղանին կդրվի փաստաթուղթը։ Ցավոք, ամեն ինչ գաղտնի է արվում, և որևէ մեկը տեղյակ չէ թե ինչ պայմանավորվածություններ կարող են լինել»։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը , որպես հայկական կողմի օրակարգային առաջին հարց, մատնանշում է գերիների վերադարձը։ Բաքուն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պարտավորություն է ստանձնել վերադարձնել հայ գերիներին, ինչը մինչ օրս դեռ չի կատարել։ Հարկ է նաև պահանջել, որ Ադրբեջանը հետ քաշի իր զորքը Հայաստանի տարածքից՝ ասում է վերլուծաբանը։
«Զորքերը պետք է հետ քաշի Գեղարքունիքի ու Սյունիքի տարածքից, քիչ տարածք չէ։ Պետք է վերջ տա ՀՀ ճանապարհների՝ անօրինական փակմանը»։
Քանի դեռ առանցքային այս հարցերը չեն լուծվել, և քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր ագրեսիվ քաղաքականությունը, անհնար է քննարկել սահմանագծման ու սահմանազատման, ինչպես նաև ենթակառուցվածքների բացման թեմաները՝ կարծում է փորձագետը։
Փաշինյան-Պուտին հանդիպումից մի քանի օր առաջ տարածած հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հանդիպելու մասին հրապարակային հայտարարությունները։

Նշվում էր, որ համանախագահներն անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելու հնարավորությանը և կրկին հայտարարում են մոտ ապագայում տարածաշրջան այցելելու իրենց պատրաստակամության մասին այդ գործընթացում հետագա քայլերը քննարկելու համար։
ՄԽ-ի ձևաչափի վերականգնման հնարավորությունը որոշակի ոգևորություն է առաջացրել հայկական կողմում։ Վահան Բաբայանը, սակայն, նման ոգևորության առիթ չի տեսնում․ 44-օրյա պատերազմը, ըստ նրա, ցույց տվեց, որ միջնորդները ոչինչ չարեցին կրակը դադարեցնելու համար՝ բացի կոչեր հնչեցնելուց։
«ՄԽ-ը լուսանցքից դուրս է մնացել։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ՄԽ-ը չկար, ռազմական գործողությունները դադարեցվեցին միայն Պուտինի ջանքերի շնորհիվ»։
Ի տարբերություն Վահան Բաբայանի՝ Տարոն Հովհաննիսյանը կարծում է, որ առաջնային է նաև Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը, և այստեղ առանցքային է ԵԱՀԿ ՄԽ-ի դերակատարումը։
Ուշագրավ է, որ Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ Մարտակերտի հարակից տարածքում գտնվող Նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակիչ սպանվեց, ինչը, զրուցակցիս կարծիքով, որոշակի մեսիջ է, որ Բաքուն չի հանդուրժում Արցախում ռուս խաղաղապահների գոյությունը։




