ԿարևորՔաղաքական

Պատգամավորները ենթադրում են, թե ինչ օրակարգով Փաշինյանը կմասնակցի «բարձրագույն» հանդիպումներին

Խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր ծավալվել է վտանգավոր քննարկում, որին  միջամտել է ԱԺ–ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Օրակարգային հարցերը պատգամավորներին այսօր առանձնապես չեն հետաքրքրել։ Քննարկումների առանցքում պարբերաբար հայտնվում էին սահմանային խնդիրները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և ենթադրյալ բանակցությունների օրակարգը։ Ընդ որում, այսօր հաստատվել է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունենալու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում բաձր հանդիպումներ է ունենալու․ մի կողմից նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն են հեռավար կարծիքներ փոխանակում, թե ով ինչի է պատրաստ հանդիպումից առաջ, մյուս կողմից՝ Մոսկվայից արդեն հաստատել են՝ նախապատրաստվում է Փաշինյան–Պուտին հանդիպումը։  

Այս տարվա ընթացքում Պուտինն ու Փաշինյանն ունեցել են երեք հանդիպում ու ավելի քան 10 հեռախոսազրույց։ Սպասվող հանդիպման օրակարգը դեռ հայտնի չէ, բայց Հայաստանի ընդդիմությունն արդեն անհանգւստ է։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ չի կարելի սպառնալիքի հռետորաբանությանը պատասխանել բացառապես «խաղաղության օրակարգով»․

«Հայկական կողմը պետք է պարտադիր, անդադար պետք է միջազգային օրակարգում պահի հայկական տարածքների, Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի հարցը։ Միջազգային հանրության համար պետք է ընկալելի և պարզ լինի, որ դրանք հայկական հողեր են, մեր հայրենիքն է, որոնք օկուպացված են թշնամու կողմից։ Երկրորդ՝ ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է մշտապես պահվի միջազգային հանրության և գոնե հայկական կողմի օրակարգի առաջնային կետերում»։  

Հայկական հողերի և հայրենիքի շուրջ բանավեճը պատգամավորները տեղափոխեցին խորհրդարանի ամբիոն՝ այնտեղից էին պարզաբանում, հակադարձում, մեղադրում, թեև ԱԺ–ի օրակարգում այլ հարցեր էին։  

Նախկիններին մեղադրելու համար ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Վահագն Ալեքսանյանը կրկին դիմեցին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի օգնությանը։ Վիճարկվող փոփոխությունը փաստաթղթում արվել է 2009 թվականի հոկտեմբերին։

Գևորգ Պապոյան․ «Այո, Սերժ Սարգսյանի համար Աղդամը իր հայրենիքը չէ, և նա բացահայտ 2001 թվականին ԱԺ-ում հայտարարել է։ Օրինակ՝ կարծում եմ, որ Քարվաճարը կամ Բերձորն էլ Սերժ Սարգսյանի հայրենիքը չէ, որովհետև եթե նրա հայրենիքը լիներ, նրա ղեկավարած քաղաքական ուժը 2011 թվականին այս ԱԺ–ում չէր քվեարկի մի նախագծի օգտին, որով Շուռնուխից այն կողմ համարվում էր Ադրբեջանի Հանրապետություն՝ ուղերձ հղելով Իլհամ Ալիևին, որ դա իրենց համար հայրենիք չէ»։

Վահագն Ալեքսանյան․«Չեն ժխտում, որ ընդունել են իրենք այդ օրենքը, չեն ժխտում, որ նստել են այստեղ, կողմ են քվեարկել, որ Շուռնուխից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը, առաջարկ չեն ներկայացրել, որ Ադրբեջան չգրեն, գրեն ուղղակի՝ Հայաստանի սահմանն ավարտվում է։ Չեն ժխտում, ասում են՝ դրանով Հայաստանի պետական սահմանը չի որոշվում»։

«Ներկաների» և «նախկինների» վեճի արանքում հայտնվեց բոլոր տարիներին պետական ապարատում պաշտոն զբաղեցրած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Որպես կանոն, վկայակոչվող օրենքի ներկայացումը խորհրդարանում նրան է բաժին ընկնում․

«Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ արտաքին սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Ոչ մեկը այդպիսի բան չի ասել, համենայն դեպս, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա և՛ հին, և՛ նոր ժամանակաշրջաններում՝ նկատի ունեմ մինչ այսօր որևէ մեկից չեմ լսել»։

Այս հարթությունում խնդիրների քննարկումն ու հարաբերությունների պարզումը խիստ վտանգավոր է համարում Աժ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։  

«Իհարկե, սահմանները ներպետական օրենսդրությամբ չեն անցկացվում, հասկանալի է։ Բայց քննարկումը, որ դուք այստեղ ծավալել եք, շատ ավելի վտանգավոր է, ու դուք շատ լավ հասկանում եք դա։ Ու այդ քննարկումը, կներեք, ներպետական սպառման է, որովհետև սահմաններն անցկացվում են միջազգային իրավունքով, բայց մի հատ էլ բան կա, սրա մասին չեք խոսում։ Բատինդերի մասին մոռացել եք։ Հավաքվեցին 90 թվականին և որոշեցին, որ որոշ պարագաներում այսինչ սկզբունքերով պետք է սահմանները անցնեն։ Չգիտեմ, Բատինդերը ողջ է, թե չկա, բայց ցավոք, Բատինդերը որոշեց, որ այդուհանդերձ, կարող է նաև նախկին վարչատարածքային սահմանների շրջանակներում այս սահմաններն անցկացվեն։ Եվ սրա դեմ ոչինչ չարվեց 30 տարում»։

Փաշինյան-Ալիև հայտարարություններից վերջինը արել է Ալիևը՝ հանդիպելու համար Փաշինյանի պատրաստակամությունը ընկալելով իբրև Ադրբեջանի առաջ քաշած օրակարգի ընդունում։ Իշխանական պատգամավորները, մասնավորապես, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նույն հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը պնդում են, որ ցանկացած դեպքում հանդիպման ժամանակ հաշվի են առնվելու Հայաստանի շահերը։ Պատգամավորները անակնկալների չեն սպասում․  

Անդրանիկ Քոչարյան․«Ես կարծում եմ՝ Փաշինյանն ինքը հանդես կգա հանրությանը որոշակի տեղեկատվություն ներկայացնելու, եթե այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա։ Բնականաբար, որ խոսակցությունը անպայման պետք է լինի, որովհետև հենց խոսակցության բացակայությունը կարող է ավելացնել լարվածությունը, և մենք խաղաղության մեր օրակարգից շեղվենք։ Բայց խաղաղությունը ամեն գնով չէ»։

Արմեն Խաչատրյան.«Ինչ օրակարգ կլինի, ես չեմ կարող ասել, ամեն դեպքում բոլորիս հայտնի է, որ Ալիևի օրակարգը մեզ համար ընդունելի չէ։ Ընդունելի է մեր օրակարգը, իսկ դա արդեն բանակցություններում պարզ կդառնա։ ՀՀ շահերը պետք է պաշտպանվեն առավելագույնս»։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն շտապում հայտարարել, որ Կապան–Գորիս ճանապարհի մի հատվածի՝ փաստացի ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվելու պատճաով կառուցում են այլընտրանքային ճանապարհ։ Փոխարենը վկայակոչում են խորհրդային տարիների քարտեզները՝ հստակեցնելու, թե այն ժամանակ, ում է պատկանել այդ հատվածը։

Ընդդիմադիրները տևական ժամանակ դժգոհում են, որ իրենց տեղեկություններ չեն տրամադրվում, և Աժ–ի ղեկավարությունից պահանջել էին քննարկում կազմակերպել Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Երեկ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները այդ հարցով նախաձեռնել էին նիստ՝ ԱԱԾ պետի, Պաշտպանության նախարարի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի և ՊԵԿ նախագահի մասնակցությամբ։ Ընդդիմադիրների խոսքով՝ ՔՊ-ի պատգամավորները տապալել են այն` չներկայանալով նիստին։

Կարդացեք նաև

Back to top button