
Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է ծրագիր, որի նպատակն է օգնել 44-օրյա պատերազմի՝ լսողությունը կորցրած մասնակիցներին։ Նախաձեռնությունը «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամինն ու «Արաբկիր» բժշկական համալիրինն է։ Ծրագրին աջակցում են Լոս Անջելեսի «Հայաստան. լսողության աջակցություն ծրագրի» հիմնադիր Կավուկչյան ընտանիքը և հայ համայնքի բարերարները»։ Ծրագրի շրջանակում Մամիկոնյան 17 հասցեում կազմակերպվում է լսողական սարքերի ընտրություն, հարմարեցում և տրամադրում։
Ստյոպա Ասլանյանն է, 36 տարեկան, ականազերծող։ Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներից է։ Մարտի դաշտում է եղել առաջին օրվանից։ Սանասարում ականի պայթյունից հրաշքով փրկված զինվորը աչքերը բացել է հիվանդանոցում։

«Կուբաթլուի փեշերի տակ ականը դնելուց պայթեց, մեր լավ ընկերը զոհվեց, ես էլ ծանր վիրավորում ստացա։Աչքերս բացել եմ հիվանդանոցում։ Բեկորային վնասվածքներ եմ ստացել, վնասվել են աչքս, ականջներս, ձեռքս։ Շատ բաներ մինչև հիմա չեմ լսում կամ սխալ եմ հասկանում, լավ է, թող ականջակալը լինի, դնեմ, որ դիմացինիս ավելի լավ հասկանամ»։
Գագիկ Խաչատրյանը ժամկետային զինծառայող է։ Ջրականում էր, երբ անօդաչու թռչող սարքից հարվածեցին ուրալին, որի մեջ նաև ինքն էր։
«Երկու հոգով հետևում նստած էինք։ Կողքինս մահացավ, իմ ականջի թաղանթը պայթեց։ Սիսիանի հոսպիտալում դեղ են կաթեցրել, հետո եկել եմ Մուրացան, վիրահատվել։ Լսողությունս դեռ լիարժեք չի վերականգնվել, խշշոցները չեն անցել»։

Նորագույն տեխնոլոգիայի թվային լսողական սարքերի շնորհիվ, որոնք օգնում են անգամ լսողության խորը կորստի դեպքում, վերականգնվել է պատերազմի մասնակից ավելի, քան 100 զինվորի լսողություն։ Ծրագիրն սկսվել է շահառուների տվյալների հավաքագրմամբ,–պատմում է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջազգային ծրագրերի համակարգող Լիանա Սահակյանը․
«Այս սենյակում նախապես արված աուդիոգրամաներն են վերլուծվում։ Պարզում են, թե կոնկրետ որ շահառուին ինչ չափի ներդիր և ինչ տեսակի սարք է անհրաժեշտ։ Սա ամենաուրախ սենյակն է։ Սարքը արդեն տեղադրված է, խնամքի ձևն են բացատրում»։

Զինվորները կենտրոնից ժպիտով են դուրս գալիս։ Ուրեմն, ծրագիրը ծառայել է նպատակին, նրանք նորից լսում են։ 2017 թվականինց մինչ օրս ծրագիրն օգնել է լսել շուրջ 4700 մարդու՝ Հայաստանից և Արցախից։ Կազմակերպիչները լիահույս են, որ լսողությունը վերականգնած զինվորներն ու քաղաքացիները նորից կապրեն լիարժեք կյանքով ու կլինեն ավելի վստահ։




