ԿարևորՔաղաքական

Հնարավորություն, որ կարող է փոխել պատմությունը․ ՄԱԿ-ի դատարանը կլսի Ադրբեջանի դեմ հայցը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը նիստեր է նշանակել  «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հակընդդեմ հայցերով։ Հաագայի դատարանի մամուլի ծառայությունը որոշումը հրապարակել է երեկ։

Հոկտեմբերի 14-15-ը քննության կառնվի նախնական միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը, իսկ հոկտեմբերի 18-19-ը դատարանը կքննի Ադրբեջանի  նույն պահանջը: Մոտ երկու շաբաթ առաջ էր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա։ Օրեր անց գրեթե նույն բովանդակությամբ հակընդդեմ հայց նույն կառույցը ստացել էր նաև Ադրբեջանից՝ ընդդեմ Հայաստանի։

Առաջիկա օրերին Հաագայի դատարանում կսկսվեն լսումները Հայաստանի և Ադրբեջանի գործերով, բայց դրանք ընդամենը երկարատև ճանապարհի սկիզբն է։

Հոկտեմբերի 14-ից 19-ը ՄԱԿ-ի միջազգային դատարանում լսվելու են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ կողմերի դիմումները։  

Հայաստանը հրատապ միջոցի կիրառում է պահանջել մի շարք խնդիրներով՝ գերիների վերադարձ, նրանց  նկատմամբ վերաբերմունք, մշակութային ժառանգության պաշտպանություն, հայատյացության դեպքեր, ինչի դրսևորումներ են, օրինակ,  ատելության անթաքույց խոսքը կամ Բաքվի «ռազմավարի» պուրակը։ Ադրբեջանի պահանջած հրատապ միջոցի կիրառումը առավելապես վերաբերում  է ականազերծման քարտեզների տրամադրմանը։

Միջազգային իրավունքի մասնագետ, դատարան դիմելու աշխատանքային խմբի անդամ Լևոն Գևորգյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ լսումներ նշանակելու դատարանի որոշման մասին  արդեն մեկ շաբաթ է տեղյակ են։ Հայցերի միջև տարբերությունը ընդգծելու համար օրինակ է բերում՝ ականը պայթելիս ազգություն չի հարցում, իսկ հայկական կողմի ներկայացրած բոլոր փաստերն անմիջականորեն առնչվում են ռասայական խտրականությանը։

Մինչև գործի էությանն անցնելը կարևոր է հասկանալ մեկ այլ նրբություն ևս․ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասնագիտացված կառույց է, որտեղ կշիռ ունեն բացառապես փաստերը, այնպես որ լոբբիստական աշխատանքը հեռանկար չունի՝ ասում են ոլորտի մասնագետները։ Լևոն Գևորգյանի հաշվարկով՝ հրատապ միջոցներ կիրառելու դիմումների քննությունը կարող է մի քանի ամիս տևել։ Դրանից հետո  2-3 ամիս անց կկայացվեն որոշումները հրատապ միջոցներ կիրառելու առնչությամբ։ Այս կառույցում կայացված վճիռը չի կարող ունենալ, ասենք, ՄԻԵԴ-ի որոշումների ճակատագիրը՝ հստակեցնում է մասնագետը և բացատրում․

«Ի տարբերություն նույն Եվրոպական դատարանի, որտեղ ազդեցության լծակները բավականին սահմանափակ են, ՄԱԿ-ի լծակների գործիքակազմը բոլորովին այլ մակարդակի վրա է։ Միայն այս կառույցի հեղինակությունը կբացառի մի իրավիճակ, որ Ադրբեջանը հետամուտ չլինի դատարանի պահանջների կատարմանը»։  

Ունեցած փաստերի ուժեղ ապացուցողական բազայի և դիրքերի գիտակցումն է հայկական կողմին ստիպել դիմել արդարադատության այդ ատյանին։ Հիմնական հայցով Հայաստանը անդրադարձել է բոլոր խախտումներին, որոնց Ադրբեջանը մասնակից է եղել 96 թվականից մինչ օրս։ Ատելության խոսք՝ պետության ղեկավարների մակարդակով, ատելությամբ մոտիվացված բռնի հանցագործություններ գործած անձանց հերոսացման փաստեր, պետության կողմից մոտիվացված և ԶՈՒ կողմից իրականացված ռազմական հանցագործություններ, որոնք ներկայացվում են որպես միասնական զտման քաղաքականություն ընդդեմ հայերի։ Ներկայացված են նաև մշակութային ժառանգության վերացման և պատմության խեղման փաստերը։

Մասնագետների կարծիքով՝ Հաագայի դատարան դիմելու հիմքերը  հասունացել էին դեռ Նախիջևանում խաչքարերի վերացումից, ապա՝ 2016-ի  ապրիլյան պատերազմից հետո։ 44-օրյա պատերազմից հետո դիմելու հիմքերն ավելի ուժեղացան։ Հայցը, սակայն, կարող էր ավելի ուժեղ լինել՝ կարծում է իրավաբան, պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ներկայացված գանգատը տրամաբանական է։ Իհարկե, բամաթիվ շերտեր ունի իր մեջ իրավական գործընթացի, բայց կարելի էր ավելի շուտ էլ ներկայացնել։ Այդտեղ կարելի էր նաև Թուրքիայի դերակատարումն ընդգծել, ոչ միայն Ադրբեջանի, որովհետև հենց նույն 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս էր ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունը այդ միջազգային հանցագործություններին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայցին, կարծում եմ, այն ավելի շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական որևէ տիրույթում՝ առավել ևս միջազգային իրավունքի։ Միջազգային հանրության համար, կարծես թե, շատ հստակ և ակնհայտ է, թե որ կողմից են կատարվել միջազգային իրավունքի նորմերի խախտումները։ Ամենաառաջնայինից սկսեմ՝ ուժի արգելման սկզբունքի խախտումից, էլ չասենք՝ ազգերի ինքնորոշման իրավունքի նման բռնի կերպով ոտնահարման մասին, որին ականատես ենք եղել պատերազմի օրերին և ինչը մինչ օրս շարունակվում է»։

Ադրբեջանական հակընդդեմ հայցի հիմքերը թուլանում են նաև «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի՝ վավերացնել-չվավերացնելու  պատճառով։ Հայաստանը կոնվենցիային միացել է 1993 թվականից, այդ քայլին գնացել է նաև Ադրբեջանը, տարիներ անց հրաժարվել դրանից, հետո նորից վավերացրել։ Այնպես որ՝ մի քանի տարի այդ երկրում չեն գործել այն կոնվենցիաները, որոնց հիմքով Հայաստանի դեմ հայց է ներկայացվում։  

Հայցի ամբողջական քննությունը կարող է տևել մի քանի տարի։ Ըստ մասնագետների՝ վերջնական վճիռ կարող ենք ակնկալել  6-7 տարի հետո միայն։ Հավանականությունը շատ մեծ է, որ ցանկալի վճիռ կունենանք՝ ասում է Լևոն Գևորգյանը։ Բայց նաև զգուշացնում՝ առաջիկա տարիներին պետք է պատրաստ լինենք աննախադեպ ճնշումների, քանի որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիմքով կայացված վճիռը քաղաքական լավ հիմք է «Անջատում հանուն փրկության» թեզի իրագործման համար։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը կփորձի Լեռնային Ղարաբաղի հարցի  քաղաքական լուծմանը հասնել դատարանի վճռից առաջ։

«Ընդհանուր հակամարտությունը կամաց-կամաց դիվանագիտականից իրավական տիրույթ է տեղափոխվում։ Իրավական տիրույթը ձեռնտու չէ ադրբեջանական կողմին միանշանակ, որովհետև միջազգային ատյանների վճիռները հետևանք են ունենալու Արցախյան հակամարտության վրա, սակայն, ադրբեջանական կողմն ունի այդ ժամանակը, և այն օգտագործելու է առավելագույնս։ Խնդիր՝ ինչպե՞ս է ՀՀ-ն դիմանալու այս 6-7 տարին և ինչ զիջումներ է թույլ տալու, որ պարտադրեն իրեն»։

Միջազգային իրավունքի մասնագետն օրինակ է բերում՝ եթե մինչև Հաագայի դատարանի վճիռը քաղաքական լուծում տրվի Ղարաբաղյան հիմնախնդրին և կարգավիճակին, վճիռը կունենա բացառապես ֆինանսական հատուցման կամ ինչ-որ իրավունքների արձանագրման բովանդակություն։ Այդ դեպքում ենթադրվող ուժեղ փաստաթղթի դիվանագիտական կապիտալիզացիայի մասին խոսելն արդեն անիմաստ կլինի։

Կարդացեք նաև

Back to top button