
Հայաստանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Չեխիայի ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Նյու Յորքում իր ունեցած հանդիպումներին:
Արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է Եվրոպական միության դիրքորոշման հետ, այսինքն՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը և հակամարտության երկարատև, կայուն լուծում փնտրելուն:
ԱԳ նախարարը կարևորեց Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումները վերջիններիս միջնորդությամբ, ինչը, նրա խոսքով, գալիս է ապացուցելու, որ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը շարունակում է մնալ օրակարգում։
Արարատ Միրզոյանն ասաց, որ ղարաբաղյան հարցը քննարկել է չեխ գործընկերոջ հետ:
«Անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և լուծման սպասող բազմաթիվ հումանիտար հարցերի, մանրամասն խոսել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց խնդրի մասին՝ կարևորել նրանց անհապաղ ազատ արձակումը»,- նշեց Միրզոյանը:




