ԿարևորՀասարակություն

Անցումը դպրոցից բուհ կհեշտանա․ ի՞նչ է նախատեսում կրեդիտային համակարգի ներդրումը դպրոցում

2022-2023 ուսումնական տարվանից  դպրոցներում ներդրվելու է կրեդիտային համակարգ։ Նպատակը սովորողների անցումը՝ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է։ Աշակերտներին հնարավորություն կտրվի կուտակելով կրեդիտներ հեշտությամբ ընդունվել բուհ։ Նախագծի դրական և բացասական կողմերից են խոսել փորձագետները։

Դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր համակարգ է փորձարկվելու։ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել է օրենքի նախագիծ, որով  դպրոցներում կներդրվի կրեդիտային համակարգ։ 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակված կրեդիտները կարող են փոխարինել  բուհ-ի ընդունելության քննություններին։ 

Կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում առարկայական դասընթացների ուսումնասիրությունից։ Կրեդիտային համակարգը շատ երկրներում ներդրված է վաղուց և գործում է մինչ այսօր,- «Ռադիոլուր»-ին ասաց կրթության զարգացման և նորարարությունների  ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։ Նրա խոսքով՝ ավագ դպրոցներում կփոխվի ուսումնառության մակարդակը։ Աշակերտը ուսումնասիրվող նյութը կուսումնասիրի ամբողջությամբ․

«Կրեդիտային համակարգը գնահատման համակարգ չէ։ Դա ծանրաբեռնվածությունը նկարագրող համակարգ է, որն իր մեջ պարունակում է ծանրաբեռնվածության արդյունքը որպես  թվանշան գնահատելը։ Այդ թվանշանը  ձևավորում է կրեդիտ, այսինքն՝ ուսումնական  ծանրաբեռնվածություն և դրա արդյունքների  գնահատում։ Գնահատումը կատարվում է նկարագրված վերջնարդյունքների  հիման վրա , և մենք բնութագրում ենք  կրեդիտի միջոցով, թե ի՞նչ է սովորել աշակերտը, ինչքա՞ն ժամանակ է  սովորել, ի՞նչ ծավալ է յուրացրել և ի՞նչ մակարդակի է յուրացրել այդ նյութը։ Դա որակական էական փոփոխություն է»,- ասաց Արտաշես Թորոսյանը։

Դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրումը դրական է գնահատում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Սա հնարավորություն է՝  ավագ դպրոցում հանրակթրությունը բարձրագույն կրթությանը մոտեցնելու և հանրակրթական դպրոցի դերը կարևորելու․

«Որովհետև աշակերտները հիմնականում ավագ դպրոցում ավարտական դասարաններում գնում էին կրկնուսույցների մոտ, որպեսզի կարողանային հաղթահարել  շեմը։ Իսկ կրեդիտային համակարգի ներդրմամբ նրանք  չեն կարող  այլևս կրթական համակարգից դուրս մի բան անել։ Դա կարող են անել գիտելիքների լրացուցիչ պաշար ձեռք բերելու համար։ Անհրաժեշտ կլինի  մասնակցել դասերին, ընթացքում հավաքել կրեդիտները և սահուն կերպով անցնել բուհ»,- նշեց Ատոմ Մխիթարյանը։

Աշակերտն ինքն է ընտրելու, թե որ առարկաներից է ցանկանում կրեդիտներ հավաքել և մասնագիտանալ ավագ դպրոցում։ Այստեղ էլ կրեդիտներ հավաքելու է այն առարկաներից, որոնք որոշիչ են լինելու բուհ ընդունվելու համար։ Կրեդիտների նվազագույն շեմն ապահովելու դեպքում  կանցնեն բուհ։  

Դպրոցից բուհ անցումը դյուրացվում է, բայց այս համակարգի ներդրումից մեծ ակնկալիքներ չունի կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Ասում է՝ նույն համակարգը գործում է նաև բուհերում, բայց որակական փոփոխություններ չի բերել։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ինչ փոփոխություն կատարվում է, դառնում է ձև, և ոչ թե բովանդակություն։

Գաղափարը լավն է, սակայն կարգը խնդրահարույց է, ասում է Սերոբ Խաչատրյանը․

«Գաղափարը  լավն է, որովհետև ավագ դպրոցի աշակերտներին առաջարկվում է  ճկուն դասընթացներ, որոնցից իրենք կարող են ընտրություն կատարել։ Դպրոցը կարող է մի դասընթաց առաջարկել, և եթե բուհը համաձայնի, դպրոցում այդ դասընթացն անցած աշակերտը բուհում էլ չի անցնի»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։ 

Ուսուցիչներին վճարելու՞ են համալսարան ընդունվելու  մակարդակի դասընթացներ անցկացնելու համար, քանի՞ դպրոցի ուսուցիչ կկարողանա այդ մակարդակի ծրագիր մշակել, արդյո՞ք հայտնի դպրոցները  արտոնություն չեն ստանա, իսկ  շարքային դպրոցներն այդ հնարավորությունից չեն զրկվի․ Սերոբ Խաչատրյանի բարձրացրած մտահոգությունները չի կիսում նախարարության պաշտոնյան։ Արտաշես Թորոսյանի խոսքով՝  այս համակարգը ուսուցիչների աշխատանքում որևէ փոփոխություն չի նախատեսում։ Ծանրաբեռնվածությունը մնալու է նույնը․

«Նյութը, որն ուսուցանվում է սովորողներին, հիմա էլ է ուսուցանվում։ Այդ նյութը չի փոխվում։ Ուսուցչի աշխատանքի վրա կրեդիտների ներդրումը ոչ մի լրացուցիչ բեռ կամ բեռի պակասություն չի ունենում։ Ուսուցիչն աշխատելու է այնպես, ինչպես աշխատել է։ Նրա տված գիտելիքների արդյունքները պարզապես արձանագրվելու են, և դրա հիման վրա որոշվելու է՝ սովորողը ստանո՞ւմ է այդ կրեդիտը, թե՞ ոչ»։

Արդյոք այս համակարգը դպրոցներում չի բերի կոռուպցիոն գործարքների։ Հնարավոր չէ՞ զարտուղի ճանապարհներով հավաքել կրեդիտներ ու  հեշտությամբ հայտնվել բուհում։ Արտաշես Թորոսյանի խոսքով՝  ԿԳՄՍ-ն ու բուհը երկկողմ վերահսկողություն են իրականացնելու։ Բուհը պետք է ճանաչի ուսումնական հաստատության կրեդիտը, որպեսզի այն փոխանցվի․

«Եթե դպրոցն իր սովորողին  տալիս է անարդար կամ չվաստակած կրեդիտներ, դա համալսարանը իր գործընթացում նկատում է և այլևս չի վստահում այդ ուսումնական հաստատության տված կրեդիտներին, հետևաբար, նաև չի ճանաչում այդ կրեդիտները։ Իսկ նախարարությունը պարբերաբար կիրականացնի արտաքին գնահատում, իսկ արտաքին գնահատման արդյունքները կհամեմատվեն դպրոցի տված արդյունքների հետ»,- հավելեց Թորոսյանը։

Համակարգը կներդրվի 2022-2023 ուսումնական տարվանից։ Առաջին փուլում այն կգործարկվի  Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող ավագ դպրոցներում և Տավուշի մարզում: Երկրորդ փուլում` 2024-2025 ուսումնական տարում, կրեդիտային համակարգը կներդրվի ամբողջ հանարապետությունում, եթե առաջին փուլի վերլուծության պատկերը դրական լինի։

Կարդացեք նաև

Back to top button