
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ նախ հստակեցվում են հակահամաճարակային կանոնները, որոնք պահպանվելու են դպրոցներում․ դասերը լինելու են առկա, ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ կրելը, պարտադիր է համապատասխան նյութերով տարածքի ախտահանումը: Կգործեն նաև արտաուսումնական խմբակներն ու երկարօրյա ծառայությունները, հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը․
«Ըստ էության, նույն կաննոները, որոնք նախորդ ուսումնական տարվա համար էինք սահմանել՝ պահպանվում են, բայց կունենանք փոփոխություններ, մասնավորապես, փոփոխությունները վերաբերելու են դպրոցական ճաշարանների գործունեությանը, շատ կարևոր ենք համարում տարրական դասարաններում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը, հիմա առողջապահության նախարարության հետ քննարկում ենք այն ձևակերպումը, որը ծրագրի գործունեությունը հնարավոր կդարձնի»,- ասում է նախարարի տեղակալը։
Ռիսկի խմբում գտնվող երեխաների ուսուցումը կիրականացվի հեռավար։ Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` քայլեր են ձեռնարկվում, որպեսզի միջազգային կառույցների աջակցությամբ դպրոցներն ապահովվեն ախտահանիչ միջոցներով` հաշվի առնելով, որ դրանց ձեռքբերումն դպրոցի բյուջեի համար լրացուցիչ ծանրություն է: Դաս անել շաբաթական հինգ, թե վեց օր՝ որոշում է դպրոցը, նախարարությունը որևէ պարտադիր կանոն չունի, փոխարենը, եթե դպրոցում վարակվածների թիվը գերազանցում է 10 տոկոսը, դպրոցն անցնում է հեռավար ուսուցման` 14-օրյա ժամկետով: Առկա պայմաններում դասերը կանցկացվեն օրը մեջ, եթե աշակերտների քանակը 20-ից ավելի է, սակայն նախարարությունը հավելյալ հնարավորություն է ընձեռում դպրոցներին։ Ժաննա Անդրեասյան․
«Դեռ նախորդ փետրվարին հրամանի փոփոխությամբ հնարավորություն տրվեց սովորողների թիվը դասարանում 20-ից ավելի սահմանելու, ուղղակի սա սահմանվում է նախարարության գրավոր համաձայնությամբ։ Հիմա էլ դպրոցները կարող են դիմել և համապատասխան պայմանների առկայության դեպքում անցնել ամենօրյա ռեժիմի, չանցկացնել դասերը օր ու մեջ և կիսված դասարաններով»,-ասում է Ժաննա Անդրեասյանը։
Մարզային դպրոցները կարող են դիմել համապատասխան մարզպետարան, Երևանի դեպքում` Երևանի քաղաքապետարան, իսկ ԿԳՄՍ ենթակայության դպրոցները` նախարարություն, և նախարարությունից ստանալով համապատասխան համաձայնություն՝ անցնել ամենօրյա ուսուցման: Հիմնական պայմանը համաճարակային կանոնների պահպանումն է։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ թույլտվություն տալուց առաջ դիտարկվում են դպրոցում արձանագրված վարակակիրների թիվը և համաճարակային կանոնների ընդհանուր պահպանումը:
2021-2022 ուստարում հանրապետության ողջ տարածքում ընդհանուր առմամբ առաջին անգամ դպրոց կգնա շուրջ 37 հազար երեխա: Նախարարությունը առաջարկում է առաջին դասարանցիների սեպտեմբերի 1-ը տեղափոխել ու նրանց մուտքը դպրոց ողջունել օգոստոսի 31-ին։ Նախարարությունը հորդորում է սահմանափակել երեխաներին ուղեկցողների թիվը․ Ժաննա Անդրեասյան․
«Մենք առաջարկում ենք դպրոցներին առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոցի մնացյալ դասարաններից մեկ օր շուտ կազմակերպել, որպեսզի մեծ կուտակումներ չառաջանան և հնարավոր լինի հանդիսավոր կերպով նրանց ընդունել»,-նշում է նախարարի տեղակալը։
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ուսուցիչների պատվաստումներն իրականացվում են կամավոր. չկա որևէ պարտադրանք, սակայն խրախուսվում է պատվաստվելը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը փոխանցեց, որ առողջապահության նախարարությունը առաջիկայում կհրատարակի իրավական ակտ, որտեղ նշված կլինի թե այս տարվա հոկտեմբերից որ խմբերի համար թեստավորումը կդառնա պարտադիր։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փորձելու են տարվա ընթացքում ուսումնական գործընթացի առկա ռեժիմը պահպանել: Դա կախված է լինելու հասարակության վարքագծից. որքան հետևողական լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում, այնքան մեծ է հավանականությունը, որ ուսուցումը դպրոցներում չի լինի հեռակա։




