
Հաճախ զարմացեք․ ավանդական շախմատը թարմացնելու հայկական կանոններ
Ապագայից խոսենք՝ առաջարկում է 71–ամյա Ջավադ Հովհաննիսյանն ու բացում շախմատի տախտակը։ Ակտիվ շարժումներով ու սահուն խոսքով մարդ է, շախմատն էլ առաջին հայացքից, սովորական է։ Բայց այս դեպքում շախմատ խաղալու համար պետք է իմանալ ոչ միայն դասական շախմատի, այլ Հովհաննիսյանի կանոնները։ Նա որոշել է փոփոխություն մտցնել ավանդական շախմատում, ստեղծել մի նոր բան՝ ապագայի համար․
«Մարդն ինչ ստեղծել է կյանքում՝ մարդ արարածը, ոչ թե մայր բնությունը, կարիք ունի կատարելագործման։ Գաղափարն էլ, միտքն էլ աշխատում է մի ժամանակ, բայց «срок годности» ունի։ Հիմա անգամ մեծերի մտքեր կան, արժենքեր, որ մահանում են, ու այդ պահին մարդը պիտի զգոն լինի, հասկանա՝ որ պահին մահացավ այդ արժեքը, որ դրա վրա մի բան ավելացնի, վերանայի, բայց երբեք մարդկության փորձը չմոռանա։ Որովհետև մարդկության փորձը ամենամեծ սնունդն է ապագայի համար։ Եթե մարդը անտեսում է անցյալը, նա ներկան չի կարող ստեղծել։ Եթե շախմատը ստեղծող չլիներ, ես չէի կարող զրոյից սկսել»։
Հովհաննսիյանը ավանդական շախմատի նոր կանոններ է հորինել։ Իր շախմատում թագավորը կարող է ձիավոր դառնալ, ֆիգուրներից մեկը կարող է զոհաբերվել՝ հանուն ընդհանուր հաղթանակի, իսկ զինվորներից յուրաքանչյուրի ներսում այլ խաղաքար է թաքնված։ Նոր կանոնները, ըստ Հովհաննիսյանի, պետք են կյանքին ամենամոտ այս խաղն ավելի իրական դարձնելու համար․

«Եթե կյանքի մոդելն է, կռվի հայելին է, ինչու՞ ներկա չի հետախուզութունը։ Կռվի մեջ, на войне как на войне, разведка необходимо»:
Բացատրում է հետախուզության էությունը․ յուրաքանչյուր զինվորի տակ այլ խաղաքար է պատկերված։ Եթե ավանդական շախմատում զինվորը խաղի վերջում թագուհու է վերածվում, ապա Հովհաննիսյանի տարբերակում դառնում է պատկերված խաղաքարը․
«Զինվորները խելքի են եկել, ռոբոտի նման չեն, զինվորների տակ արմատներ կան, ասելիք ունեն։ Դա ավելի խորացնում է ու մտածելու առիթ է տալիս։ Ինչի՞ պիտի ռոբոտի պես բոլոր զինվորները թագուհի դառնան։ Դա չի նմանվում իրական կյանքին։ Ես մոտեցնում եմ կյանքին, իսկ հետախուզությունը խորհելու առիթ է տալիս»։
Հովհաննիսյանը այս կանոնով խաղալու համար նաև առանձին խաղաքարեր է ստեղծել։ Մտածել է խաղի սկզբում պաշտպանված, բայց վերջում՝ թուլացող թագավորի մասին։ Ձի–զինվորը, հասնելով թագավորին, նրան գործելու լայն հնարավորություն է տալիս․ թագավորն այդ դեպքում կարող է տեղաշարժվել թագուհու և ձիու քայլերով։
Առաջարկում է նաև «Շախմատային ինքնազոհության մեթոդը»․ եթե քո խաղաքարերից մեկի դիրքը խանգարում է հասնել հաջողության, իսկ հակառակորդը, դա նկատելով, չի շտապում վերացնել նրան, ապա դա կարելի է ինքնուրույն անել։
Շախմատի թարմացումը Հովհաննիսյանը ժամանակի պահանջ է համարում։ Ասում է՝ հաճախ զարմացեք, դա է նոր գաղափարի բանալին․
«Ես զարմանում եմ, զարմանում եմ՝ ինչի՞ մարդիկ չեն զարմանում, էս անսահման գաղտնիքների աշխարհում, հանելուկ․․․ ես առավոտից իրիկուն զարմացած ման եմ գալիս։ Զարմանքը եթե չկա մարդու մեջ, լույսը չի կարող վառվել։ Առանց զարմանքի կարո՞ղ ես մտածել։ Պիտի զարմանքը լինի, որ մտածես»։
Ջավադյանի նոր շախմատը զարմացրել ու հիացրել է հանրապետության նախագահին։ Ավանդական շախմատ՝ նոր կանոններով՝ ստեղծված հայի կողմից․ Արմեն Սարգսյանը կարծում է, որ այս նորարարությունը կարող է հայկական ապրանքանիշի կարևոր տարր դառնալ աշխարհում։ Ջավադ Հովհաննիսյանն էլ հուսով է, որ մի օր իր շախմատը տարածված խաղ կդառնա հենց Հայաստանում։






