
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանում ներմուծման եւ արտադրության ոլորտում առկա մենաշնորհն այն պատնեշն է, որը թույլ չի տալիս արտասահմանյան կազմակերպություններին մտնել հայկական շուկա, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: «Այսօր ցանկացած խոշոր կազմակերպության նպատակը արտաքին շուկան զավթելն է, եւ նման կազմակերպությունների ուշադրությունը շատ հաճախ կենտրոնանում է հենց մեր նման փոքր երկրների վրա, ուստի կարելի է ինչ-որ տեղ դրական գնահատել մեզ մոտ առկա մոնոպոլիան»,- ասել է նա։
Տնտեսագետը շեշտել է, որ Հայաստանում արտադրության ոլորտում մոնոպոլ իրավունք ունեցող տնտեսվարողները պետք է ձգտեն ոչ թե սեփական ժողովրդի հաշվին հարստանալ, այլ՝ գրավել արտաքին շուկան, սակայն, Հայաստանում մենաշնորհն ավելի շատ արտահայտված է ներմուծման ոլորտում:
Տնտեսագետի խոսքով՝ որքան էլ պայքարեն մենաշնորհների դեմ, միեւնույն է` դրանք կլինեն: Ըստ Վիլեն Խաչատրյանի` պարզապես պետք է մշակել դաշտը կառավարելու ճիշտ ռազմավարություն, որը թույլ չի տա, որ մենաշնորհը բացասական անդրադառնա երկրի տնտեսության վրա:
Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը, մինչդեռ, ցավալի է համարում, որ Հայաստանում խոշոր բիզնեսը կենտրոնացած է մի քանի ընկերությունների ձեռքում: Նա համոզված է, որ երկրի տնտեսության զարգացման կարեւոր գրավականներից մեկն ազատ մրցակցությունն է: Պայմանները պիտի լինեն այնպիսին, որ բոլորը բիզնես ծավալելու հնարավորություն ունենան, շեշտեց Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահը: Նրա կարծիքով` համակարգը պետք է փոխել. օրենսդրական բարեփոխումների ճանապարհով վերացնելով տարբեր ոլորտներում գոյություն ունեցող մենաշնորհները, որպեսզի մարդիկ ազատ գործունեություն ծավալելու հնարավորություն ունենան։
Խաչատուր Մարոզյանի դիտարկմամբ` սովորաբար անօրինական ճանապարհով վաստակած մեծ գումարները տերերի մոտ վախի եւ դեպրեսիայի մթնոլորտ են առաջացնում, մինչդեռ` սեփական քրտինքով գումար վաստակած մարդու մոտ երբեք այդպիսի զգացողություններ չեն առաջանում: Ըստ բանախոսի` հանրության մեջ անուշադիր եւ դեպրեսիվ վարքի առկայությունը հենց անմաքուր փողերի արդյունք է: Այդպիսի կործանարար հետեւանքներին մենք բոլորս ենք ականտես, համոզված է Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ։




