
44-օրյա պատերազմից հետո Հայաստանում շուրջ 170 բնակավայր դարձել է սահմանամերձ։ Իրավիճակը պարտադրում է, որ այս տարածքներում առողջապահական ծառայություններն ավելացվեն ու վերապրոֆիլավորվեն, ներդրվեն առողջապահական նոր մեխանիզմներ եւ ծառայություններ։
Կառավարությունում դիտարկել են այս խնդիրը ու առաջին փուլում երկու մարզի՝ Գեղարքունիքի ուձ Վայոցի ձորի մարզերի մասով լուծումներ են առաջարկում․ դրանց հիմնական բժշկական կենտրոններում կստեղծվեն արյան փոխներարկման կենտրոններ։
Մարտունուց և Վարդենիսից Երևան՝ մոտ 160 կմ և Եղեգնաձորից Երևան՝ մոտ 120 կմ․ բավականին մեծ այս տարածությունն այժմ արդեն սահմանամերձ է․ սա նշանակում է, որ այս տարածքներում մեծանում է առողջապահական նոր ծառայությունների ներդրման անհրաժեշտությունը։ Առողջապահական գերատեսչությունում այն դիտարկմանն են, որ հետպատերազմական այս իրավիճակում եւ կորոնավիրուսի համավարակի բերումով պետք է վերազինել մոտակա բժշկական կենտրոնները։
Ըստ այդմ՝ Գեղարքունիքի Մարտունի և Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքների հիվանդանոցներում կստեղծվեն արյան փոխներարկման բաժանմունքներ։
Կառավարությունում որոշումը հիմնավորում են այսպես․
Հաշվի առնելով Մարտունուց և Վարդենիսից դեպի Երևան և Եղեգնաձորից դեպի Երևան հատվածներում ռազմական հնարավոր գործողություններում արյան փոխներարկման հնարավորության կարևորությունը, կորոնավիրուսից բուժվող հիվանդների քանակը, մարզային հիվանդանոցները պետք է պարբերաբար վերապրոֆիլավորվեն։
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը տեսնում է սահմանամերձ համայնքներում առողջապահական ծառայությունների վերապրոֆիլավորման եւ նորերի ներդրման կարիք։ Սա, սակայն, ոչ թե հատվածային, այլ համակարգային լուծում է պահանջում՝ ասում է։ Գեղարքունիքում նման կենտրոն ունենալն, ըստ մասնագետի, պարտադիր է, իսկ Վայոց ձորի մասով ուսումնասիրությունների կարիք կա։
«Գեղարքունիքն այն հատուկենտ մարզերից է, որտեղ առհասարակ արյան հավաքագրման, պահպանման կայան չկա։ Մարտունիում պետք է ունենալ նման կենտրոն, այնտեղ հնարավոր է կազմակերպել արյան հավաքագրում, 80 հազարից ավելի բնակչություն ունի։ Վայոց ձորում նման կենտրոն ունենալու անհրաժեշտությունը պետք է դիտարկել․ փոքր մարզ է, պետք է ուսումնասիրել, թե որքանով հնարավոր կլինի արյան հավաքագրման կենտրոն ունենալ»,-ասում է մասնագետը։
Մարզերում բժշկական հաստատությունները հիմնանորոգվում, վերակառուցվում, կառուցվում և հագեցվում են առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ։ Արյան փոխներարկման կենտրոնների ստեղծման ծրագրերը դեռ միայն Գեղարքունիքի և Վայոց ձորի մասով են։ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է՝ առողջապահական համակարգը վերջին 1-2 տարում երկու ծանր փորձության միջով է անցել՝ քովիդ և պատերազմ, ընդ որում՝ մարտահրավերները դեռ շարունակվում են։
«Հայաստանում չկա բժշկական ծառայությունների մատուցման ռազմավարության։ Ինքնաբուխ, ինքնակազմակերպվող մեխանիզմի է վերածվել։ Նմանատիպ ծրագիր առաջարկելուց առաջ կառավարությունը պետք է ռազմավարություն ունենա, մաստեր-պլան, օրինակ՝ որ մարզում քանի մահճակալ, քանի հիվանդանոց է պետք, ինչ կադրեր են պետք, ինչպես պիտի տեղաշարժ կազմակերպվի հարկ եղած դեպքում մարզից Երևան, առանց նմանատիպ հարցերի կազմակերպման հատվածային լուծումները օգտակար չեն լինելու»,-ասում է հանրային առողջության մասնագետը։
Առողջապահության կազմակերպման ռազմավարություն կազմելիս շատ կարևոր է հաշվի առնել պատերազմի հետեւանքները եւ ծանր փորձը՝ ասում է հանրային առողջության մասնագետը․
«Մաստեր-պլանը գծելիս պետք է հասկանանք՝ խաղաղ պայմաններում մեզ ինչ է հարկավոր, օրինակ՝ Վարդենիսում քանի աշխատող, քանի մահճակալ և այլն։ Եվ ռազմական պայմաններում հավելյալ ի՞նչ պայմաններ են պետք, դրա համար առողջապահության ռազմավարություն կազմելիս պետք է համագործակցել ՊՆ և ԱԻՆ հետ»,-ասում է Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Ինչ ժամկետում պետք է սահմանամերձ երկու մարզի բժշկական կենտրոններն արդիականացվեն եւ ունենան արյան փոխներարկման բաժանմունքներ՝ դեռ հստակ չէ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ֆինանսավորումը կիրականացվի Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում՝ մոտ 60 միլիոն դրամի չափով։




