
Մոտ 15 տարի․ մասնագետները պնդում են՝ Մեծամորի ատոմակայանը դեռ այսքան ժամանակ կարող է անվտանգ շահագործվել։ Հունիսի 15-ից կանգնած Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Դրանցող պետք է կայանի շահագործման ժամկետը երկարաձգվի մինչև 2026թ։
«Հայկական ԱԷԿ-ը մեր անվտանգության և տնտեսության զարգացման գրավականն է։ Ռեակտորի իրանի հուսալիությունն ու աշխատունակությունը մեծամասամբ պայմանավորում է ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը։ Ռուսաստանցի մասնագետների շնորհիվ կայանի աշխատանքի երկարացման առանցքային աշխատանքներն անցել են գերազանց»,-նշել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգելու նախագծի ռուս համաղեկավար Յուրի Սվիրիդենկոն հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով ավելի կբարձրացվի ԱԷԿ-ի անվտանգությունը, իսկ շահագործման ժամկետը կձգվի մինչև 2026թ, իսկ հետագայում՝ ևս 10 տարի»։
Դեռ որքա՞ն կաշխատի Մեծամորի ատոմակայանը, հնարավո՞ր է անընդհատ երկարաձգել կայանի շահագործման ժամկետը․ հստակ պատասխան կլինի հավանաբար արդեն հաջորդ տարի, երբ աշխատանքային խումբը կավարտի հետազոտությունները։ Մինչ այդ՝ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքներն ավարտվել են։ Դրանք կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ երկարացման նպատակ ունեն։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուս համաղեկավար Յուրի Սվիրիդենկո․
«Այս փուլում մենք ավարտել ենք կայանի արդիականացման շատ կարևոր գործընթաց։ Դա հնարավոր է դարձել հայաստանցի և ռուսաստանցի ատոմագործների համախմբված աշխատանքի շնորհիվ։ Հուսով ենք՝սա թույլ կտա էլ ավելի բարձրացնել ԱԷԿ-ի անվտանգությունը և երկարացնել շահագործման ժամկետը մինչև 2026թ, իսկ հետագայում՝ ևս 10 տարով»։
Մեծամորի ՀԱԷԿ-ի հզորությանը գրեթե համադրելի Նոր Վորոնեժի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 60 տարի։ 2026 -ին լրանում է հայկական ԱԷԿ-ի 40, 2036-ին՝ 50 տարին։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը նախնական հետազոտության արդյունքներն է փոխանցում
«Նախնական ուսումնասիրությունների եզրակացությունները ցույց են տալիս, որ ռեակտորը կարող է աշխատել 2039-2044-ի արանքում։ Դրանք շատ նախնական են, մինչև հետազոտություն չանցնի, վերջնական եզրակացություն լինել չի կարող»։
Բայց Հայաստանի օրակարգում նաև նոր ատոմակայանի կառուցման հարցն է։ Նորի կառուցումը կհամընկնի հնի փակմանը։ Վարդանյանն ասում է՝ այս պահին Հայաստանի էներգետիկ ապագան ատոմայինն է, թե ինչ կլինի հինգ տարի հետո՝ հստակ չէ։ Այս պահին մայիսի 15-ից 141 օրով կանգնած է Մեծամորի ատոմակայանը, իսկ Արցախից էլ 330 մլն կիլովատ ժամ հոսանք չենք ստանա։ ՏԿԵ փոխնախարարը վերջին 20 տարում նման իրավիճակ չի հիշում, երբ էներգետիկ համակարգում հոսանք արտադրող հիմնական բոլոր կայանները միաժամանակ չաշխատեն։
Վարդանյանը Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի աշխատանքների դադարեցումն է նաև հիշեցնում․
«Մայիսից հոկտեմբեր բավականին լարված աշխատանք է սպասվում մեզ։ Այս ամիսներին մոտ 80 մգվտ հոսանք պետք է Արցախից ստանայինք, մոտ 410 մգվտ պակասելու է ատոմակայանից, չկա նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը։ Վերջին 20 տարիներին նման պայմաններ չեմ հիշում։ Բայց ամեն ինչ պլանավորված է, հովհարային անջատում՝ ոչ, չի լինի։ Օպերատորի համար դժվար է լինելու, բայց կարծում եմ՝ կապահովի» ։
Առայժմ հստակ չէ՝ ինչպիսի ատոմակայան է ծրագրում կառուցել Հայաստանը՝ ՀԱԷԿ-ի նման խոշոր ու հզոր ռեակտորո՞վ, թե՞ նույն հզորությունը ստանալ մոդուլային լուծումներով։ Աշխարհը գնում է մոդուլային ատոմակայանների կառուցման ճանապարհով՝ «Ռադիոլուր»-ին ասում է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Սուրեն Բզնունին։ Բացատրում է՝ դրանք չափերով փոքր են, կառուցվում են առանձին մոդուլներով՝ ըստ երկրի էներգետիկ պահանջների․
«Դրանք կառուցվում են մեծ երկրների ենթակառուցվածքներ չունեցող հեռավոր երկրամասերում, օրինակ՝ Սիբիրում, որտեղ հնարավոր չէ հազարավոր կիլոմետրերով էլեկտրահաղորդման լարեր անցկացնել։ Կառուցվում են նաև փոքր երկրներում, որտեղ ցանցը փոքր է, փոքր ռեակտորի կարիք կա»։
Փորձագետը պարզաբանում է՝ մոդուլային ատոմակայանը կազմվում է մի քանի մոդուլներից։ Մինչդեռ ՀԱԷԿ-ը մեկ մեծ ռեակտորով է աշխատում։ Փոքր հզորությամբ ռեակտոր կառուցելն ավելի շահավետ է, ուստի աշխարհում ատոմակայաններ նախագծող ընկերություններն այժմ նախապատվությունը տալիս են մոդուլային ատոմակայաններին։ Հայաստանի ատոմային ապագան ինչպես կծրագրվի՝ դեռ անորոշ է։ Այս պահին երկրի էներգետիկ ապագան դեռ կապվում է ՀԱԷԿ-ի ու դրա գործարկման ժամկետերի երկարաձգման հետ։




