ԿարևորՀասարակություն

Մանկապարտեզ չգնալը՝ մայրիկի չաշխատելու պատճառ․ երեխաների 68 տոկոսը դուրս է մնում նախադպրոցական կրթությունից

Հայաստանում մինչև 6 տարեկան 10 երեխայից 7-ը՝ ավելի քան 68%-ը, չի հաճախում նախադպրոցական հաստատություն, 11 տոկոսը` մանկապարտեզ չլինելու, 2.1 տոկոսը՝ դրանից օգտվելը շատ թանկ համարելու պատճառով։ Երեխաների ընդգրկվածության ցուցանիշը նախադպրոցական հաստատություններում ամենացածրը գյուղերում է՝ ընդամենը 25.4%։ Սա 2018-ի վիճակագրությունն է։ Հաջորդ  տարիների վիճակագրությունը դեռ ամբողջական չէ, սակայն մտահոգիչ միտումները կտրուկ չեն փոխվել՝  փաստում են եւ պետական, եւ մասնավոր դիտարկումները։ 2019-ին երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում ընդամենը 34.7% էր։

ՀՀ-ում գործում է շուրջ հազար նախադպրոցական հաստատություն․ դրանցից 701-ը` մանկապարտեզ, 70-ը` մսուր-մանկապարտեզ, 135-ը՝ դպրոց-մանկապարտեզ։ Սակայն, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, 0-6 տարեկան երեխաների զգալի մասի համար նախադպրոցական կրթությունն այդպես էլ անհասանելի է մնում։ Որոշ համայնքներ մանկապարտեզ ընդհանրապես չունեն։

Ըստ 2018թ.-ի հետազոտության՝  հարցված ծնողների 5.4%-ը պատասխանել է, որ մանկապարտեզը 10 կմ-ից հեռու է:

«Դայակ՝ պետության աջակցությամբ» պետական ծրագիրը մասամբ լուծում է խնդիրը, սակայն շահառուների թիվը շատ փոքր է, իսկ ծրագիրը մինչև երեխայի 2 տարեկան դառնալն է՝ ասում է «Կետ 33» կազմակերպության ղեկավար Աստղիկ Կարապետյանը

«Գաղափարը շատ լավն է, բայց թերություններ էլ կան, մասնավորապես, այն գործում է  մինչև երեխայի երկու տարեկանը։ Եթե երեխայի 2 տարեկանը լրացավ, աշխատող ծնողը նորից փաստի առաջ է կանգնում ։ Մենք առաջարկում էինք երկարաձգել ծրագրի տևողությունը մինչև երեխայի 3 տարեկանը, որպեսզի դրանից հետո երեխան կարողանա հաճախել պետական մանկապարտեզ»։

Բայց ծրագրում ներկայում որևէ փոփոխություն չի նախատեսվում՝ «Ռադիոլուր»-ին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Ծնողը երեխայի համար պետության ֆինանսական աջակցությամբ կարող է դայակ վարձել մինչև երեխայի 2 տարեկան դառնալը։

Սարգսյանն արձագանքում է դիտարկմանը, թե ծրագիրը լավն է, միայն թե միջոցների սահմանափակ լինելն ինչն ինչ-որ առումով անհավասար պայմաններ է ստեղծում նույն կարգավիճակում գտնվող, նույն ծրագրին դիմող ծնողների համար, քանի որ տարվա ընթացքում բյուջեն սպառվում է, ու բոլորը չէ, որ հասցնում են օգտվել։ Սոցապնախարարության ներկայացուցիչը բացատրում է՝ բյուջեն սահմանափակ է։   

«Դինամիկան եթե նայում ենք, մենք նախատեսել էինք 200, բայց արդեն վերջին 2 տարիներին 600-ական ծրագրեր ենք իրականացրել։ Պահանջարկը շատ ավելին է, քան նույնիսկ այդ 600-ը, բայց պետք է հաշվի առնել, որ մի կողմում ցանկացողներն ենք, մյուս կողմում պետական բյուջեն, որն անսպառ չէ։

Առաջիկայում շահառուների շրջանակն ընդլայնելու ցանկություն կա,  հնարավորություն՝ դեռ ոչ։  Բայց աշխատող մայրերի կյանքը թեթեւացնելու մեկ այլ փոփոխություն է նախատեսվում։ Աշխատանքային օրենսգրքի նոր նախագծով արդեն աշխատանքի վերադարձած մայրերի աշխատանքային գրաֆիկն ավելի ճկուն կլինի։

Գործող կարգով՝ եթե երեխան մինչեւ մեկ տարեկան է, մայրը կարող է իր պահանջով աշխատաժամանակը դարձնել ոչ լրիվ, այսինքն՝ գործատուի հետ համաձայնեցնելով կարող է 8-ից անցնել 6-ժամյա աշխատանքային գրաֆիկի։ Ու գործատուն սա մերժել չի կարող։ Առաջարկվում է մեկ տարին դարձնել 1.5 տարի։

«Գործող կարգավորումները թույլ են տալիս կրծքով կերակրող կնոջը ամեն 3 ժամը մեկ ունենալ կես ժամ ընդմիջում երեխային կերակրելու համար։ Սակայն խնդիր կա այդ կես ժամվա հետ, քանի որ չեն հասցնում այդ կես ժամում գնալ և վերադառնալ աշխատանքի։ Մենք առաջարկում ենք՝ եթե աշխատողը ցանկանում է, կարող է այդ 3 կես ժամերը միավորել և դարձնել մեկ անգամ 1.5 ժամով»։

«Կետ 33» կազմակերպությունում կերակրող մայրերի աշխատանքային պայմանների բարելավման քայլերը կարեւորում են, բայց նաեւ մատնանշում կարգավորումներից կամ առաջարկվող կարգավորումներից դեռ դուրս մնացած խնդիրները։ Օրինակ՝ շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե գործատուն հենց աշխատավայրում այդ բոլոր պայմաններն ապահովեր․

«Մատների վրա կարող եմ հաշվել գործատուների, որոնք հատուկ կահավորված կրծքով կերակրելու սենյակներ կամ երեխայի խնամքի կենտրոններ ունեն։ Հաճախ են հարցնում, թե ինչու պետք է  գործատւն իր աշխատողի համար ապահովի այդ ընտանիքամետ միջավայրը։ Կոնկրետ Ավստրիայում աշխատելու մոտիվացիան բարձրանում է 11 տոկոսով, երեխայի խնամքի արձակուրդը տևում է ավելի կարճ, աշխատողները ավելի հակված են լինում վերադառնալ աշխատանքի։ Հիվանդության պատճառով բացակայությունները ավելի քիչ են լինում, աշխատողի նվիրատվությունը բարձրանում է ընկերության հանդեպ  և աշխատանքի արդյունավետությունն աճումէ 12 տոկոսով»։

Ուշագրավն այն է, որ որպես երեխայի՝ մանկապարտեզ չհաճախելու պատճառ 39.5%-ի դեպքում նշվել է, որ երեխայի մայրը չի աշխատում։ Բայց այս խնդիրն ունի իր մյուս՝ ոչ պակաս կարեւոր կողմը։ Մայրը չի աշխատում, քանի որ երեխային մանկապարտեզ տանել չի կարող․ կամ մանկապարտեզ չկա, կամ շատ հեռու է, կամ էլ գրպանին հարմար չէ։ Ստացվում է, որ մանկապարտեզների խնդիրն իր ամենաուղղակի արտացոլումնէ  գտնում աշխատաշուկայի եւ զբաղվածության ցուցանիշի վրա։ «Հարյուրավոր մանկապարտեզների կառուցումն օրակարգում է»՝ հերթական անգամ շեշտել է վարչապետի պաշտոնակատարը։ Բայց քանի դեռ ժամկետերը հստակ չեն, երեխաների՝ մանկապարտեզ հաճախելը եւ նրանց մայրերի՝ աշխատանքի դուրս գալը մնում է չլուծված խնդիր։

Կարդացեք նաև

Back to top button