ԿարևորՀասարակություն

44-օրյա պատերազմը Կարենը զգաց հոգով․ նրա տագնապն ու շտապողականությունը անհիմն չէին

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միավորման  տնօրեն Կարեն Վարդանյանը երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեկ տարի առաջ՝ թողնելով  արված հսկայական աշխատանք ու անթիվ հորդորներ՝ կոնսոլիդացվելու, ռազմական արդյունաբերություն զարգացնելու մասին։

«Արմաթ»-ի աշակերտները մտածում են հենց Կարենի պես՝ ուղենիշ ունենալով նրա խոսքերը՝ «Արագ պատրաստվել է հարկավոր, միավորվել ու հզորանալ է պետք»։ Արամ Խաչատրյան համերգասրահում Կարեն Վարդանյանի աշակերտներն են՝ զինված  նրա գաղափարներով ու վճռականությամբ։

«Մեր ծրագրով ռոբոտ պետք է ստեղծենք, ես կցանկանայի այդ ռոբոտի վրա դնել տարբեր ռազմատեխնիկական պարագաներ, որպեսզի դա հնարավոր լինի օգտագործել տարբեր ռազմական իրավիճակներում։ Մեզ մոտ «Արմաթը» դարձել է մշտական խմբակ, եւ մտածում եմ, որ շատ շուտով դա հնարավոր կլինի իրականացնել մեր գյուղի խմբակում։ Կարծում եմ՝ 2-45 տարի կտեւի»։

Հրաչյա Մանասյանն է՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղից, 13 տարեկան։ «Արմաթ» հաճախում է ընդամենը ութ ամիս եւ արդեն մտածում հայրենիքին օգտակար լինելու մասին։ Հայրենասիրությունը ԱՏՁՄ տնօրեն, յոթ արտոնագրված գյուտերի հեղինակ Կարեն Վարդանյանից է ստացել․

«Նրա նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ են իրականացվել  Արցախի վերամիավորման մասին որոշման, Հայաստանի անկախության հռչակագրի ու մի շարք այլ պատմական որոշումների ընդունման գործընթացները։ Կարեն Վարդանյանն ուներ ավելի քան 35 տարվա փորձ՝ ինչպես բիզնեսի զարգացման ու հանրային կառավարման, այնպես էլ  պետական կառավարման ոլորտում։ 2005-2020 թվականին ԱՏՁՄ տնօրեն էր, 2012թ-ին հիմնադրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որտեղ նախնական ինժեներական կրթություն են ստանում Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի ավելի քան 15 հազար երեխաներ»։

Մեծարանքի խոսքեր, երգ, պար, ասմունք…

Սա նվազագույնն է, որ կարելի է անել հայրենասեր մարդու՝ Կարեն Վարդանյանի հիշատակի համար։     

Փոխել ռազմավարությունն ու համապատասխանել ժամանակի մարտահրավերներին, արագ կողմնորոշվել, ավելի արագ գործել։

Հեռուն տեսնող, ապագայի մասին մտածող, հայրենի հողը անմնացորդ սիրող գիտնականը շտապում էր․․․ գուցե կանխազգալով, որ մարտահրավերներն ու թշնամին վտանգավոր են, իսկ ժամանակը՝ սուղ։

Նա մահացավ 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ, պատերազմի սարսափը աչքերով չտեսավ, բայց զգում էր հոգով։ Անդադար աշխատում էր ու փորձում ստեղծել  հիմք, արմատ, որի վրա պատանիները կկարողանային  ԱԹՍ-ներ ստեղծել։

Միտքը հեռուն էր գնում, արդյունքը տեսանելի է այսօր։ Դպրոցներում գործող «Արմաթ» լաբորատորիաներում երեխաները ԱԹՍ-ներ են ստեղծում։ Մի քանի օր առաջ Լոռու մարզի Լեռնապատում Հայաստանի առաջին ԱԹՍ-օդանավակայանը ստեղծվեց։

«Արմաթ»-ի աշակերտները Լեռնապատում են փորձարկում իրենց ստեղծած մոդելները։

Օդանավակայանի համալիրի կառուցումն ավարտելու համար դեռ պետք է աշխատել,  ֆինանսները չեն բավարարում, սպասում են հայրենասեր աջակիցների։ Գյուտարարի այս գաղափարը կյանքի է կոչում  Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը՝ նրա եղբոր՝ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։ 

Ժամանակը ցույց տվեց, որ Կարենը ճիշտ էր։ Հուշ-երեկոյին հիշում էին նրա նրա գաղափարները, հարցազրույցներից պատառիկներ ներկայացվում․

«Մենք այնպես ենք ապրում, կարծես գազն անընդհատ գալու է։ Այսինքն, պետք է ռազմական տնտեսություն լինի։ Օրինակ, էկոնոմիկայի նախարարության մի հատվածը պետք է զբաղվի հարցով, թե  ինչպես կազմակերպել  ՀՀ տնտեսությունը՝ բացարձակ շրջափակման ու ռմբակոծության պայմաններում»,– ասում էր Կարեն Վարդանյանը։  

Գաղափարներ, հարցադրումներ, որոնք օր առաջ իրականություն դառնալու ու պատասխան ստանալու կարիք ունեն։

Կարդացեք նաև

Back to top button