ԿարևորՀասարակություն

Ինչու՞ են սխալվում հարցումները․ «Գելլափ»-ը հավատում է ոչ թե ԿԸՀ-ի, այլ իր տվյալներին

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիան ներկայացրեց 1105 ընտրողի շրջանում իրականացրած հարցման արդյունքները։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ դրանք էականորեն տրաբեր են ԿԸՀ-ի ներկայացրած տվյալներից։ «Ռադիոլուր»–ը փորձել է պարզել՝ ինչո՞ւ է Հայաստանում հանրության կարծիքի ուսումանսիրությունը գրեթե միշտ տարբեր լինում իրականությունից, կամ  ինչու՞ են սխալվում հարցումները։

«Հայաստան» դաշինք- 28,7 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր»-25,2 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինք- 10,8 տոկոս․ «Գելլափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի կանխատեսումներն են ընտրություններից առաջ։

«Հայաստան» դաշինք՝ 21.04, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 53.9, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5.23․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներն են ընտրություններից հետո։

Կանխատեսվող 5-ի փոխարեն խորհրդարանում մանդատ ստացան 3 քաղաքական ուժ։

ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ «Գելլափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի նախընտրական հարցումների արդյունքներն ու հետընտրական իրականությունը տարբեր են ։

Ընկերության ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը կարծում է, որ ոչ թե հարցման արդյունքները չեն համապատասխանում իրականությանը, այլ իրականությունը չի համապատասխանում հարցման արդյունքներին։

«Դուք ճիշտ եք ասում, իշխող ուժի հետ կապված կա բավականին մեծ շեղում։ Մենք չենք բացառում որոշակի շեղումը, բայց բացառում ենք, որ այն կարող է լինել այդքան բարձր, հետևաբար՝ ավելի հակված ենք հավատալ մեր հրապարակած տվյալներին։ Մենք չենք կարող հիմնավորել, թե ոնց է ստացվել, որ իշխող ուժը գրանցել  է նման բարձր ցուցանիշեր։ Կարծում եմ՝ բացատրություններ պիտի փորձեն տալ իշխող ուժը և ընտրություններով զբաղվող կառույցները, պիտի փորձեն հիմնավորել, թե ինչպես է ստացվել, որ բոլոր հարցումներով իշխող ուժն անգամ մոտ չէր այդ արդյունքներին, և հանկարծ ընտրության օրը հաշվարկների արդյունքում իշխող ուժը արձանագրել է այդպիսի ցուցանիշներ»։

Այս հարցը «Գելլափ»-ի ներկայացուցիչներին չի հետաքրքել, օրինակ, 2017 թվականի ապրիլին կայացած ընտրություններից հետո, երբ սոցիոլոգիական հարցումները կրկին չէին համապատասխանել իրականությանը․ ՀՀԿ–ն կանխատեսված 22.8–ի փոխարեն ստացել էր շուրջ 50 տոկոս ձայն, «Ելք»-ը՝ 4.3–ի փոխարեն՝ գրեթե 8 տոկոս։

Թեև «Գելլափ»-ի ներկայացուցիչներն անվերապահորեն հավատում են իրենց իրականացրած հետազոտության արդյունքներին, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը կարծում է՝ մեթոդաբանական սխալ կա․ հարցումներն իրականացվել են ոչ թե դեմ առ դեմ հանդիպումների, այլ՝   հեռախոսազանգի միջոցով։

«Հիմնական պատճառն այն է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում բոլորն անցել են հեռախոսային հարցումների, որովհետև կորոնավիրուսի պայմաններում հնարավոր չէր տներ այցելել կամ թեկուզ փողոցում դեմ առ դեմ հարցումներ իրականացնել։ Իսկ հեռախոսային հարցումները Հայաստանում ունեն իրենց առանձնահատկությունը։ Մեր բնակիչները ենթադրում են, որ իրենց կարող են լսել ցանկացած դեպքում։ Եթե դուք քաղաքական հարցում եք անում, չպետք է կարծեք, թե կստանաք անկեղծ, պարզ ու շիտակ պատասխաններ, որովհետև մարդիկ խուսափում են հեռախոսային հարցումներից»։

Սոցիոլոգի կարծիքով՝ ընտանիքի, արվեստի, եղանակի մասին, ցանկացած այլ թեմայով արված հեռախոսային հարցումները կարող են վստահելի լինել, բայց երբ խոսքը քաղաքական հարցման մասին է, այն էլ ընտրություններից առաջ, անկեղծ պատասխանների սպասել պետք չէ։

Պողոսյանը նշում է նաև գլխավոր խնդիրը՝ Հայաստանում սոցիոլոգիական հարցումների նկատմամբ վստահություն չկա, իսկ նման դեպքերն ավելի են խորացնում անվստահությունը։

«Մեր դերն էլ շատ կարևոր է, մենք պետք է աշխատենք գիտական չափանիշերից դուրս չգալ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին ենք անձամբ հակված։ Սա գիտություն է, պիտի աշխատենք չշեղվել, որովհետև այս կարգի շեղումները վստահությանը ուժեղ հարված են հասցնում։ Այսինքն՝ չի կարելի հարցում անել կոնկրետ այս կուսակցության պատվերով, այս կուսակցության համար։ Ուզեք թե ոչ՝ ինչ–որ շեղումներ եք թույլ տալու հօգուտ ձեր պատվիրատուի, որովհետև նա է վճարողը»։

Սոցիոլոգը նշում  է, որ սոցիոլոգիական  հարցումների ինստիտուտը կայացած է եվրոպական երկրներում և Միացյալ նահանգներում, որտեղ այս ոլորտը հարյուրամյա պատմություն ունի․ գործում են այնպիսի կառույցներ, որոնք լուրջ են վերաբերվում իրենց աշխատանքին և վախենում են սխալվելուց։

Ասում է՝ Հայաստանն այս հարցում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։

Կարդացեք նաև

Back to top button