
Սահմանադրության մեջ բանակի քաղաքական չեզոքության վերաբերյալ դրույթ կա, մինչդեռ ոստիկանության մասով նման դրույթներ սահմանված չեն։ Ուստի անվտանգության ծառայությունների, մասնավորապես, ոստիկանության մանդատի հստակեցման անհրաժեշտություն կա՝ ասում է անվտանգության կառույցների կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը։ Այս հստակեցումները նաեւ խիստ անհրաժեշտ են՝ բացառելու բոլոր այն հնարավոր իրավիճակները, երբ իշխանությունն իր վերարտադրման համար իբրև լծակ փորձի կիրառել պաշտպանության և անվտանգության ուժերը։
«Շատ տարածված պրակտիկա է, և դրանից խուսափելու համար պետք է տարբեր հոդվածներով առանձին նշվեն բանակի եւ ոստիկանության գործառույթները։ Երբ երկու տարի առաջ Հայաստանում բարձրացրի այս հարցը, ինձ ասացին՝ եվրոպական ստանդարտ է, որ ոստիկանության գործառույթները չեն առանձնացվում։ Այս իրավիճակում գտնվող մեր երկրին անհրաժեշտ է, որ Սահմանադրությունում ուժային կառույցների գործառույթներն ավելի հստակ լինեն»,- ասում է Սոսի Թաթիկյանը։
Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը՝ մշակված անցյալ ամռանը, իր հերթին որոշակի բացեր ունի։ Սոսի Թաթիկյանը մատնանշում է ազգային անվտանգության գործող ռազմավարության մեջ սպառնալիքների գնահատման առանձին բաժնի բացակայությունը։ Մասնագետներն առաջարկում են օրենսդրական փոփոխություններով խորհրդարանը դարձնելԱԱԾ քաղաքականության հաստատող։
Երկրում առկա և հնարավոր սպառնալիների գնահատման համար ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն առաջարկում է անվտանգության խորհրդին կից ստեղծել 6–7 անդամ ունեցող մասնագիտական խումբ։ Այն խորքային վերլուծության կենթարկի բոլոր շահագրգիռ մամինների տեսակետերը, կգնահատի և կհամակարգի ռազմավարության իրականացումը եւ Անվտանգության խորհրդի ներկայիս գրասենյակի գործառույթներից ավելի լայն շրջանակ ընդգրկի։
«Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մի մարմին, որը ոչ միայն կհավաքագրի անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվությունը և այն կամփոփի, կներկայացնի հանրապետության վարչապետին, այլեւ դե յուրե ի վիճակի կլինի կատարել անվտանգային խնդիրների ձևավորման, դրանցից բխող կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ քաղաքականության պլանավորման համակարգողի գործառույթները»,- նշում է Արմինե Մարգարյանը։
Զինված ուժերի վերականգնումը, որն այսօր խիստ հրատապ է, նաեւ օրենսդրական փոփոխություններ է պահանջում։ Հետպատերազմական Հայաստանում սա առաջնահերթ անելիք է համարում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։ Պատերազմը ցույց տվեց, որ անվտանգության «ճարտարապետությունն» անհուսալի աղյուսներով էր։ Մասնավորապես, ակնհայտ դարձան ՀԱՊԿ-ի թերի կողմերը։ Իր խնդիրը չլուծեց նաև Հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը։ Ուստի անհրաժեշտ է «օրենսդրական» հետևություններ անել, մասնավորապես, նաեւ հստակեցնել գերագույն գլխավոր հրամանատարի իրավահաջորդի հարցը։
«Եթե ստեղծվում է իրավիճակ, երբ պատերազմական պայմաններում մեր գերագույն գլխավոր հրամանատարը հակառակորդի կողմից խոցվում է, ապա ո՞վ է դառնում նոր գերագույն գլխավոր հրամանատար։ Նախկինում կար առաջին փոխվարչապետի պաշտոն, հարցը որոշ չափով հասկանալի էր։ Հիմա մենք ունենք երկու փոխվարչապետ, այս երկուսից ո՞վ է դառնալու։ Մեկն էկոնոմիկայի գծով, մյուսը ֆինանսների գծով փոխվարչապետ է, հիմա այս մարդիկ ինչպե՞ս են համակարգելու զինված ուժերի գործողությունները, ինչպե՞ս են այդ պաշտոնը ստանձնելու։ Փոխվարչապետերի խոցման դեպքում ընդհանրապես անհայտ է, թե ով է դառնում գերագույն գլխավոր հրամանատար»,- ասում է Քոչինյանը։
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը Հայաստանին «գլխին կախված» երեք խնդիր է տեսնում՝ դրանք կապելով Ադրբեջանի, Թուրքիայի ու որոշ չափով նաեւ Ռուսաստանի հետ։ Եթե առաջինի և երկրորդի առումով որևէ բան բացատրելու կարիք չկա, ապա Ռուսաստանի մասով փորձագետին մտահոգում է Հայաստանի անվտանգության համակարգում ռուսական ներկայության անհամաչափ ավելացումը։
Քոչինյանի ձեւակերպմամբ՝ ՀՀ ԱԳՆ–ն պետք է «բացազատված խաղի տեմպը դադաղեցնի», հակառակ դեպքում որքան ավելանում են նոր խաղացողները, այնքան Հայաստանում ավելանում են սիրիական սցենարը կրկնելու ռիսկերը։












